Ինչո՞ւ չի լուծվում ՍԴ-ում առկա ճգնաժամը

Ինչո՞ւ չի լուծվում ՍԴ-ում առկա ճգնաժամը

Երեկ, երբ ԱԺ-ում հարցախեղդ էին անում ՍԴ դատավորի հերթական թեկնածուներին, մոտեցանք սահմանադրական մտքի աստված, իրավաբանական մտքի գիգանտ Վահագն Հովակիմյանին՝ հասկանալու համար, թե ինչու չլուծվեց ՍԴ-ի ճգնաժամը։

Հիշեցնենք․ իշխանությունները 6 ամիս է՝ փորձում են լուծել Սահմանադրական դատարանում առաջացած «ճգնաժամը» ու չեն կարողանում։ Ճգնաժամը, իրականում, իրենք էին հորինել, որ հեռացնեն Հրայր Թովմասյանին ու եւս երեք դատավորի։ Ու երբ հասան իրենց ուզածին, երկրի բարձրագույն դատարանում իրական ճգնաժամ առաջացավ, հիմա դատավորներից մի քանիսն այլեւս դատավոր չեն, մի մասն աշխատանքի չի գնում, նիստերը չեն կայանում, մի խոսքով՝ բառի բուն իմաստով ճգնաժամ։ Ու այս ամբողջ «բոլոլայի» «կնքահայրերից» մեկը մեր նախկին գործընկեր Վահագն Հովակիմյանն է, ով երեկ չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե ինչու չի լուծվում ՍԴ ճգնաժամը։

«Ցանկացած՝ լինի պետական պաշտոնյա, լրագրող, թե քաղաքացի ուղղակի, ինքն իրավունք ունի պատասխանի կամ չպատասխանի հարցերին»,- իմաստուն «պատասխան» տվեց Հովակիմյանը։ Դա գիտենք, հանրությունն էլ իրավունք ունի իմանալու, թե ինչու չի լուծվում ՍԴ ճգնաժամը, Դուք հեղինակեցիք այդ հրաշալի օրենքը, ի՞նչ ստացվեց դրա արդյունքում։ «Չեմ պատասխանում»,- եղավ պատասխանը։

Նույն հարցն ուղղեցինք նաեւ «Իմ քայլի» պատգամավոր, նույնպես նախկինում լրագրող, իրավաբանի կրթությամբ Սիսակ Գաբրիելյանին։ «Պետք է մանրամասնեք՝ ինչ նկատի ունեք ճգնաժամ ասելով»,- ասաց նա։

- Իսկ դուք ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք՝ ՍԴ-ում ճգնաժամ կա։

- Դե, հենց էն նկատի ունեինք, ինչը որ նախաձեռնվել է, այսինքն՝ լիահույս ենք, որ էս երեք թեկնածուների ընտրությամբ մենք էդ հարցում առաջխաղացում կունենանք։ Քվեարկության պահով ասել ենք, որ մենք ազատ ենք բոլորս։

- Եթե այն ժամանակ ավելի գաղափարական էր այդ «ճգնաժամը», հիմա, փաստացի, գործնական ճգնաժամ կա ՍԴ-ում՝ դատավորները չեն գնում, նիստեր չեն անցկացվում։

- Չէ, նման բան չկա, եթե չեմ սխալվում, արձակուրդ էին գնացել, երկու դատավորներ արձակուրդի մեջ էին՝ Արեւիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը։ Քվորման համար վեց հոգի էր անհրաժեշտ, եթե երկուսն էլ արձակուրդի մեջ էին, կստացվի, որ բնական է՝ չէր լինի քվորում։

- Իսկ ինչո՞ւ ինքնաբացարկ հայտնեց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, ինչո՞ւ վստահ չէր, որ խորհրդարանն իրեն կընտրի։

- Ինքն արտահայտել է իր դիրքորոշումը, հանդիպել է խմբակցությունների հետ, հասկացել է երեւի, որ․․․ ես գնահատում եմ իր անկեղծությունը, եթե ինքն էնպիսի տպավորություն է ստացել, որ չի ցանկացել մինչեւ էս փուլը հասնի, ես միայն հարգում եմ իր որոշումը։

- Որպես պատգամավոր՝ Դուք կո՞ղմ էիք նրա թեկնածությանը։

- Խմբակցությունը ո՛չ պարոն Ավետիսյանի դեպքում, ո՛չ էլ էս երեք թեկնածուների դեպքում որոշում չի կայացնում։ Շատ պարզ դրված է, որ դա փակ-գաղտնի քվեարկությամբ է, եւ ամեն պատգամավոր իր խղճի մտոք է քվեարկում։ Եվ թե՛ այս թեկնածուների, թե՛ պարոն Ավետիսյանի մասով որեւէ դիրքորոշում, որոշում չի եղել։ Իր հետ հանդիպել ենք, գուցե էդ հանդիպումների արդյունքում նպատակահարմար չի գտել մինչեւ էս փուլը հասնելը։

- Վահրամ Ավետիսյանի մասով հիշեցնում էին, որ նրա հայրը Մարտի 1-ին առնչվող գործեր է քննել, ու չի կարող նրա որդին այսօր ՍԴ անդամ լինել։ Հիմա այս երեք թեկնածուներից Երվանդ Խունդկարյանի ոչ թե հայրը, այլ անձամբ ինքն է մասնակից եղել Մարտի 1-ի գործերին։ Ի՞նչ տարբերություն Ավետիսյանի ու Խունդկարյանի միջեւ։

- Եթե տարբերություն եք ասում, տարբերությունները շատ են։ Բայց բաներ եք ասում, որ ես չեմ կարողանում հիշել՝ ով է արտահայտվել, որ, օրինակ, Վահրամ Ավետիսյանին դեմ է, որ իր հայրը եղել է դատարանում։ Մամուլում կարող է շատ բան գրվի, բայց եղե՞լ է, օրինակ, որ «Իմ քայլը» խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարությամբ հանդես գա ու ասի՝ մենք դեմ ենք։ Չի եղել որեւէ դիրքորոշում, որ մենք իրեն ասենք՝ դեմ ենք կամ կողմ ենք։ Եղել է իր հետ հանդիպում, էդ հանդիպման ընթացքում, բնականաբար, բարձրացվել են շատ հարցեր, այդ թվում՝ Ձեր մատնանշած հարցը, որ իր հայրն աշխատել է դատարանում, բայց որեւէ դիրքորոշում իր ներկայությամբ կամ իր բացակայությամբ չի եղել։

- Իսկ այդ հարցն ինչո՞ւ է բարձրացվել, կամ ինչո՞ւ Երվանդ Խունդկարյանի դեպքում էլ չի բարձրացվում նման հարց։

- Իսկ ի՞նչ գիտեք, որ չի բարձրացվել։

- Դե, եթե բարձրացվել է, ու Երվանդ Խունդկարյանը շարունակում է մնալ որպես թեկնածու, ուրեմն երկուստեք բավարարել է այդ հարցուպատասխանը։

- Ես կարող եմ էսպես ասել՝ ե՛ւ պարոն Խունդկարյանի հետ, ե՛ւ պարոն Ավետիսյանի հետ եղել է գրեթե նույնաբովանդակ հանդիպում խմբակցության հետ։ Հիմա պարոն Խունդկարյանը եկել հասել է էս փուլին։ Պարոն Ավետիսյանը նպատակահարմար չի գտել՝ հասնելու էս փուլին եւ իր թեկնածության առաջադրումը հանել է։ Բայց դա իրենց որոշումն է, «Իմ քայլը» խմբակցությունը ո՛չ պարոն Խունդկարյանի, ո՛չ պարոն Ավետիսյանի հետ հանդիպումների ժամանակ ո՛չ իրենց ներկայությամբ, ո՛չ իրենց բացակայությամբ դիրքորոշում, որպես էդպիսին, չի կայացրել։

- Ձեզ համար ընդունելի՞ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարոն Խունդկարյանի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել։

- Անձամբ ինձ համար՝ բերեք քվեարկության գաղտնիությունը պահեմ, իմ խմբակցության մասով, եթե հատկապես մյուս խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը, կստացվի, որ բացառապես պատկերը, ինչ տեսնելու ենք, լինելու է հենց «Իմ քայլի» վերաբերմունքը պարոն Խունդկարյանի վերաբերյալ։