Եղիշե Կիրակոսյանը հանդիպելու է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ

Եղիշե Կիրակոսյանը հանդիպելու է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը գործուղման կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու Ստրասբուրգում տեղի ունենալիք ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1383-րդ նիստին։

«Հրապարակի» հարցին, թե ԵԽ Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով նիստն ինչ օրակարգ է ունենալու, եւ լինելո՞ւ են արդյոք Հայաստանի հարցով զեկուցումներ, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․ «Այս պահին զեկուցումներ չկան, կան հանդիպումներ, Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների կատարման հարցերով հերթական հանդիպումները, նաեւ այդ վճիռներով գործողությունների  ձեռնարկման հետ կապված հարցեր»։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը չնշեց, թե ինչ վճիռների մասին է խոսքը, չհիշեց գործերի թիվը,  չառանձնացրեց դրանցից ոչ մեկը, միայն ասաց՝ նախկին գործեր են։ Գուցե ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները Հայաստանի կողմից չկատարելու հետ կապված հարցե՞ր են։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հերքեց՝ չէ, հետաձգված վճիռներ չկան, ամեն ինչ նախատեսված ժամանակով ընթանում է։
«Կոչվում են action պլաններ՝ ամեն մի վճռի հետ կապված։ Ուղղակի, այս անգամ այցը կարեւոր է նրանով, որ մենք  դեկտեմբերին նախատեսված քննարկում ունենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հետ կապված՝ «Չիրագովն  ու այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի, եւ քարտուղարությունը կարեւորում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճիռը ՄԻԵԴ-ը հրապարակել էր 2017-ի դեկտեմբերի 12-ին՝ սահմանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց  տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։
Այսպես․ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց  Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարեր 5 հազար եվրո՝ յուրաքանչյուրին, որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ մոտ  28 հազար ֆունտ ստեռլինգ դատական ծախսեր։ ՄԻԵԴ-ը պահել էր աշխարհաքաղաքական կոմպլեմենտարությունը եւ նույն օրը հրապարակել է նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռը, որով Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում էր վճարել 5 հազար եվրո՝ որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Հիշեցնենք, նաեւ, որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականների, ովքեր «չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»։ 

Երկրորդ․ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է հայ փախստականին, ով 1992թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր սեփականությունից, ու նրան մշտապես մերժել են իր գյուղ վերադառնալու ու սեփականությունն օգտագործելու իրավունքը։ Այս գործով էլ ՄԻԵԴ-ն արձանագրել է կոնվենցիայի 1-ին, 8-րդ եւ 13-րդ հոդվածների խախտում։
ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը ժամանակին ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն, որպես սուբյեկտի, գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ։ Եղիշե Կիրակոսյանը չմանրամասնեց, թե «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ինչ են քննարկելու, միայն ընդունեց, որ, այո, չի կարող արցախյան հակամարտության հարցը քաղաքականացված չլինել։

Եվս մեկ տեղեկություն․ Եղիշե Կիրակոսյանը Ստրասբուրգում հանդիպելու է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցերով։ «Քարտուղարության հետ նախնական աշխատանքային հանդիպումներ են, քանի որ հայեցակարգը շուտով կհրապարակվի, պետք է նաեւ հանդիպել եւ իրենց հետ քննարկել»,- ասաց Կիրակոսյանը։