Չեմ բացառում, որ ապրիլյանի եզրակացությունը քրեական գործի հիմք հանդիսանա

Չեմ բացառում, որ ապրիլյանի եզրակացությունը քրեական գործի հիմք հանդիսանա

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի վերջը կհրապարակի եզրակացությունը։ Հանձնաժողովի անդամ իմքայլական Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ այդ եզրակացությունը կարող է իրավական գործընթացի հիմք հանդիսանալ։ Թե ովքեր կանցնեն քրգործերով, եւ ինչ պարզեց հանձնաժողովը՝ պատգամավորի հետ զրույցում։

- Հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի է մնալու, ինչպես ձեր նիստերն էին անցկացվում, հնարավո՞ր է այն իրավական գործընթացի հիմք հանդիսանա։

- Եզրակացությունը, որպես այդպիսին, կունենա նկարագրության, եզրակացության բաժիններ, եւ որոշ հատվածով, ոչ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, անշուշտ, կլինի հանրությանը հասանելի։ Ինչ վերաբերում է իրավական հետեւանքներին, այո, կարծում եմ, դա կունենա իրավական հետեւանք։

- Իսկ քաղաքական, թե ռազմական ղեկավարության համար, նկատի ունեմ, ովքե՞ր կարող են ներգրավվել քրեական գործով։

- Ես չեմ կարող հստակ ոչինչ ասել, բայց կարծում եմ՝ այն կառնչվի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

- Մինչդեռ մեկ տարվա գործունեության եւ հանձնաժողովականներից հրապարակային հայտարարությունների համաձայն ամենաաղմկոտ իրողությունները կարծես հերքվել են, կամ, այսպես կոչված, ապրիլյանի միֆերը կոտրվել են՝ նույն տարածքային կորուստների մասով, որ ոչ թե 800 հեկտար է, այլ ավելի քիչ, նույն բանակում եւ դիրքերում սպառազինության, փամփուշտի պակասի, տանկերում անորակ դիզվառելիքի մասով, Խաչատուրովի հետ կապված։ Միակ օղակը, որտեղ թերացում է եղել, հետախուզությունն է, այն էլ՝ գիտենք, թե հիմա որտեղ է այդ ոլորտի պատասխանատուն։

- Քանի դեռ չկա եզրակացությունը, մենք նման պնդումներ չենք կարող անել, երբ հրապարակվի եզրակացությունը, պարզ կլինի՝ որ մասն է եղել միֆ, որը՝ իրականություն։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների հայտարարություններին, այո, ես էլ եմ ասել, որ ունեցել ենք տարածքային կորուստներ, դիրքային կորուստների մասով նույնիսկ թիվ նշել, որ դրանք 20 եւ ավելին են։ Նույնը կարող եմ հիմա էլ պնդել, մնացած մանրամասնությունները՝ եզրակացության մեջ։
Նախկիններին ուղղված բոլոր քննադատությունները, վստահեցնում եմ, տեղին են, պարզապես հանգամանքներն այլ են եղել, եւ քննիչ հանձնաժողովի նպատակն էլ այն է, որ ուսումնասիրություն կատարի եւ ներկայացնի իրողությունը։

- Օրինակ, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին էր մշտապես հայտարարում․ այդ առնչությամբ ի՞նչ եք պարզել։

- Բոլոր մտահոգիչ հարցերի մասին եզրակացությունում կլինի, բայց մենք չպետք է մոռանանք, որ հանձնաժողովը դատաքննչական մարմին չէ, նույնիսկ պարտադիր չէ քննիչ հանձնաժողով ներկայանալը, եւ եղան մարդիկ, ովքեր չներկայացան։ Բացի այդ՝ չկա որեւէ պարտադրանք, որ ներկայացողները ճիշտ տեղեկություն պետք է հայտնեն, եւ մարդիկ ասում են այն, ինչը գիտեն եւ ինչն իրենց ձեռնտու է ասել։ Ամեն դեպքում, որպեսզի իրականությունը պարզվի, բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել, որպեսզի համադրվեն փաստերն ու հայտնած տեղեկատվությունը, եւ ըստ այդմ էլ եզրահանգումներ են արվել։

- Հիմա այդ համադրումներից ի՞նչ եք պարզել պայմանավորվածությունների մասին։

- Ոչ մի բան, երբ եզրակացությունը հրապարակվի, անդրադարձ կլինի ռազմաքաղաքական պաշտոնյաների իրականացրած միջոցառումներին, թե ինչ են արել այդ օրերին։

- Ասենք՝ ինչպե՞ս եք համադրել՝ Խաչատուրովն այդ պահին բիլիարդ խաղալի՞ս է եղել, թե՞ ոչ։ Հանձնաժողովի հյուրերը հերքել էին բիլիարդ խաղալու փաստը, հիմա դուք ո՞նց եք ստուգում՝ խաղացե՞լ է, թե՞ ոչ։

- Չեմ կարող որեւէ բան ասել՝ խաղալիս է եղել, թե ոչ, հատկապես, որ ինքն անձամբ չի ներկայացել հանձնաժողով։ Քննիչ հանձնաժողովը կարող է հարցերը որոշակի խորությամբ ստուգել, իրավապահ մարմինները կարող են ավելի հիմնավորված ստուգել։

- Այսինքն՝ համոզված եք, որ  եզրակացությունը քրեական գործի հիմք կդառնա։

- Այո, չի բացառվում։

- Եվ, ի վերջո, ապրիլյանին մենք հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, այս դիսկուրսում Դուք ո՞ր կողմն եք բռնում։

- Ես համարում եմ, որ մեր բանակը, սպաները, միանշանակ, քաջաբար իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրները եւ շատ դեպքերում դրսեւորել բարձր պրոֆեսիոնալիզմ․ այս հարցն անքննարկելի է։ Սակայն մենք, ի վերջո, հաղթել ենք, թե պարտվել․․․ մենք ունեցել ենք դիրքային եւ տարածքային կորուստներ, ունենք մարդկային կորուստներ, այս պարագայում ո՞րն է մեր հաղթանակը։ Որոշ քաղաքական գործիչներ ասում են՝ հաղթել ենք, քանի որ հակառակորդը չի կարողացել խորանալ, հասնել Ստեփանակերտ։ Ես սա չեմ համարում հաղթանակ, որովհետեւ գուցե նման մի քանի «հաղթանակից» հետո հասնեն Ստեփանակերտ։