ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանը կմնան Երեւանում, ակադեմիական քաղաքի կոնցեպտի մշակումները շարունակվում են

ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանը կմնան Երեւանում, ակադեմիական քաղաքի կոնցեպտի մշակումները շարունակվում են

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում գտնվող ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ միասին, քննարկեց ակադեմիական քաղաքի ստեղծման կոնցեպտը։ Ըստ այդմ՝ ակադեմքաղաքում տեղակայվելու է մինչեւ 8 բուհ: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ այնտեղ ստեղծվելու են ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, հիմնվելու են բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչեւ 50 հազար անձի համար եւ նախատեսվում է տեղակայել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների եւ Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտների ու հարակից այլ տարածքներում:

Սակայն ակադեմիական քաղաք ստեղծելու ֆոնին բուհերի միավորման, բուհական շենքերի օտարման թեման շարունակվում է մնալ օրակարգային, քանի որ մեկ տարի առաջ հենց Փաշինյանն էր հայտարարել բուհերի վաճառքի եւ այդ վաճառքից գոյացած գումարով ակադեմիական քաղաք ստեղծելու մասին։ 

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասում է՝ ակադեմիական քաղաքի վերջնական կոնցեպտը պարզ չէ, չնայած մինչ վարչապետի հետ Աշտարակ այցելելը ԿԳՄՍՆ-ում քննարկում է եղել․ «Այն կոնցեպտը, որ ներկայացրել է ԳԱԱ-ն, դրա հենքի վրա պետք է առաջ գնան»: Իրենց ներկայացրած կոնցեպտը վերաբերում է ոչ թե բուհերի միավորմանը, այլ  ակադեմիական ինստիտուտների եւ բուհերի համագործակցության տարբերակին. «Ես մտածում եմ, որ ինստիտուտների մոտավորապես 20-25 տոկոսը կարող է տեղափոխվել այդ նորաստեղծ հետազոտական համալսարանի մեջ, իսկ մյուս մասով՝ իր ամբողջ գիտական ներուժը, նյութատեխնիկական բազան, եթե ծրագրային առումով իրականացվի լուրջ համագործակցություն, ու դա աշխատի, կբերի լուրջ արդյունքների»։

Իշխանությունները, սակայն, ոչ թե համագործակցություն են նախատեսում, այլ՝ գիտությունը տեղափոխել բուհեր, այլ կերպ ասած՝ գիտահետազոտական ինստիտուտները միավորել բուհերի հետ․ «Ամեն դեպքում, մենք դրան դեմ ենք, եւ ես առաջարկել եմ ավելի ռացիոնալ տարբերակ, իսկ եթե դրանք միացնեն իրար, դա ի՞նչ է տալու, ավելի լավ է ինստիտուտների հետ համագործակցեն, Հայաստանն առանց ակադեմիայի ես մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Գիտությունը հասկացող, ակադեմիայի գործունեությունը գնահատող բոլոր մարդիկ դա հասկանում են, մյուս կողմից էլ՝ ակադեմիան իր ամբողջ ներուժը կօգտագործի՝ բուհերին եւ բուհերում գիտությունը խթանելու համար»։    

Ըստ ԳԱԱ նախագահի՝ ակադեմքաղաք ունենալու հեռանկարն առաջադեմ գաղափար է, բայց դժվար իրականացվող՝ ծախսերի հետ կապված․ «Խնդիրներ շատ են լինելու՝ ենթակառուցվածքների հետ կապված, ծրագիրը հետեւյալն է․ այնտեղ տեղակայվելու են համալսարանների, բուհերի բազայի հիման վրա ստեղծվող մի քանի համալսարաններ, եւ այդ համալսարանները հիմնականում համագործակցելու են ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտների հետ։ Այնտեղ՝ Աշտարակում, մեր 2 ինստիտուտները գործում են եւ գործելու են, դրանք մնալու են ակադեմիայի համակարգում»։

Այսինքն՝ դրանց ձեռք չե՞ն տալու։ «Չեմ կարող ասել, ամեն դեպքում՝ ինձ չեն ասել, որ դրանք հանելու են... մեր առաջարկած տարբերակում այդ ինստիտուտները մնում են ակադեմիայի կազմում, ինչպես նաեւ՝ մյուս ինստիտուտները, ուղղակի ինտեգրված համագործակցում են դրանց հետ։ Այսինքն՝ որոշ ինստիտուտներ կարող են անհատապես տեղափոխել այնտեղ, բայց՝ ակադեմիայի կազմում։ Մեր առաջարկությամբ, տեխնոլոգիական կամ ինժեներական այդ համալսարանը՝ ինչպես որ այն կկոչվի, պետք է ունենա իր հետազոտական ինստիտուտը կամ ինստիտուտները, եւ մենք առաջարկել ենք, որ այդ ինստիտուտները, որոնց շենքերն այդտեղ պետք է սարքվեն, համալրվեն ակադեմիայի ինստիտուտների մասնագիտական ստորաբաժանումներով, որովհետեւ այսօր չկա մի ինստիտուտ, որը լիարժեք համապատասխանում է այդ նոր ստեղծվող համալսարանին, բայց տարբեր ինստիտուտներում կան առանձին բաժիններ, լաբորատորիաների խմբեր, եւ կարելի է դրանք իրենց հաստիքներով, գիտական ներուժով տեղափոխել այնտեղ: Այսինքն՝ այս պարագայում ստեղծվող նոր համալսարանը կունենա իր հետազոտական բազան, որտեղ նա բարձր մակարդակով կանցկացնի լաբորատոր պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաեւ հետազոտություններ, եւ, դրան զուգահեռ, ակադեմիան՝ իր ամբողջ գիտական ներուժով եւ բոլոր ինստիտուտներով, ծրագրային համակարգով, համագործակցելու է այդ նորաստեղծ համալսարանների հետ»։  

Թե որ համալսարաններն են միավորվելու, ասում է՝ դեռ վերջնական որոշում չկա․ «Իսկ ակադեմիայի ինստիտուտների մասով մենք գտնում ենք, որ այսօր ինստիտուտները պետք չէ ակադեմիայի համակարգից հանել, տանել-մտցնել այդ նոր ստեղծվող համալսարանների կազմի մեջ, քանի որ դա, իմ խորին համոզմամբ, կբերի նրան, որ արդյունավետությունը կմարի։ Ավելի լավ է ծրագրային սկզբունքներով համագործակցեն, եթե, օրինակ, Գիտության կոմիտեն ֆինանսավորում է որեւիցե ծրագիր, դիցուք` լազերային ֆիզիկայի ոլորտում, այդ հետազոտությունների որպես կատարող հանդես է գալիս ինչպես ակադեմիայի համապատասխան ինստիտուտը, այնպես էլ այդ համալսարանը, արդյունքում համատեղ աշխատում են, անում են համատեղ տպագրություններ։ Իհարկե, այդ ինստիտուտները բոլորն իրենց բազաները կօգտագործեն դասավանդման, ինչպես նաեւ հետազոտական ծրագրերի համար։ Մեր առաջարկած տարբերակը դա է, որ ԳԱԱ-ն իր ամբողջ ներուժով համագործակցի ոչ միայն Աշտարակում տեղակայված համալսարանների հետ, այլ նաեւ՝ բժշկական, Երեւանի պետական համալսարանների, որոնք մնալու են այստեղ։ Իմ կարծիքով, մեր պետության մեջ հիմնական սխալը, որի հետեւանքով մեծ արդյունքներ չեն արձանագրվում ինչպես գիտության, այնպես էլ կրթության ոլորտում, հենց ինտեգրման բացակայությունն է, նորմալ համագործակցություն չի եղել, իսկ այդ համագործակցությունը կարելի է կազմակերպել ինչ-որ տեղ պետության կողմից պարտադրված։ Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք Գիտության կոմիտեն ֆինանսավորել է, պետք է պարտադիր պայման լինի, օրինակ՝ համատեղ գիտակրթաինովացիոն գործունեությունը։ Ես այդպես եմ տեսնում, եւ այս տարբերակն առաջարկել ենք ԿԳՄՍՆ-ին, ամեն դեպքում՝ նախարարն ու Գիտության կոմիտեն ընդունել են դա եւ դրա հիման վրա որոշակի փոփոխություններ կկատարեն»։

Թե ֆինանսական աղբյուրները որտեղից են գոյանալու՝ ակադեմիական քաղաքը ստեղծելու համար, Սաղյանն ասում է, որ տեղյակ չէ, սեպտեմբերի 12-ին Աշտարակում իրենց ցույց է տրվել քաղաքի հնարավոր կառուցվածքը, իսկ ֆինանսական մասով քննարկումներ չեն եղել։ Քննարկումներ չեն եղել, նաեւ որոշակի ժամկետներ չեն նշվել, թե քանի տարում է ակադեմիական քաղաքը կյանքի կոչվելու, ավելին՝ ամեն անգամ տարբեր ժամկետներ են շրջանառվում՝ 6, 8, 10։ Փաստ է միայն այն, որ 2-3 տարում հազիվ թե այն իրականություն դառնա։