450 կմ հենց այնպես չէին կտրել ու եկել քվեարկության․ ՔՊ-ն ահռելի աշխատանք էր տարել․ ՀՀԿ խորհրդի անդամ

450 կմ հենց այնպես չէին կտրել ու եկել քվեարկության․ ՔՊ-ն ահռելի աշխատանք էր տարել․ ՀՀԿ խորհրդի անդամ

Կիրակի օրը ՀՀ երկու համայնքում՝ Սիսիանում եւ Անիում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Հիշեցնենք, որ Անիում առաջադրված էին «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Նախնական արդյունքներով  Անի համայնքի ընտրություններում հաղթող է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստացած 5 հազար 180 քվեով, երկրորդը «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքն է՝ 3 հազար 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 քվե: Անի համայնքի 15 հազար 918 ընտրողից այս անգամ քվեարկությանը մասնակցել են  ընտրելու իրավունք ունեցողների 62.01 տոկոսը կամ 15 հազար 918 անձանցից 9 հազար 870-ը։

Նշենք, որ  նախորդ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։ Հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ական, 18 տարվա նախկին համայնքապետ  Արտակ Գեւորգյանի եւ ՔՊ-ի թեկնածուի միջեւ , քանի որ ՔՊ-ն ձայներով զիջում էր «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքին, որի թեկնածուն նախկին համայնքապետն էր։ 
Թե ինչպես եղավ, որ ՔՊ-ն այս անգամ մոտ 2000 ձայն ավել ստացավ, hraparak.am-ին սեփական դիտարկումն ու վարկածն է հայտնում Շիրակի մարզի ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը։

«Ընտրության արդյյունքը շատ մոտ է նախորդին, այսինքն՝ մեզ ընտրողները կրկին վստահել են մեզ, Անիում ապրողները գրեթե քվեարկել են նախորդ անգամվա նման։ Այստեղ այլ բան է կատարվել, այլ մեխանիզմ է օգտագործվել, որն ինձ համար որոշ չափով հասկանալի դարձավ ընտրության օրը՝ օրվա երկրորդ կեսին, երբ ցուցակային թվերի համեմատություն անցկացրեցինք, ակտիվության ցուցանիշը համեմատեցինք եւ զարմացանք, թե ոնց եղավ, որ նախկին ընտրություններում՝ համապետական եւ ՏԻՄ, այսքան մարդ չի մասնակցել, քան հիմա։ ՔՊ-ն այս 6 ամսվա ընթացքում, օգտագործելով վարչական եւ իշխանական ռեսուրսները, բավականին մեծ գործ էր արել․ գտել ու քվեարկելու էին բերել Անի համայնքի այն բնակիչներին, որոնք երկար տարիներ համայնքում չէին բնակվում եւ նախորդ ընտրություններից ոչ մեկին երբևէ մասնակցություն չեն ցուցաբերել։ Ասենք՝ մեկը մի 10-15 տարի է ՝ գյուղից դուրս է եկել, քաղաքում է ապրում, մյուսը վաղուց այլ տեղ հարս է գնացել, երրորդը՝ մինչև 10 տարեկան է գյուղում ապրել, հետո լքել են բնակավայրը, բայց բոլորն էլ ունեն Անիի գրանցում, եւ այս տեսանկյունից իրենք օրենքի առաջ մաքուր են, բողոքարկել չես կարող։ Միայն Աղին համայնքում 40 հոգի, որ վաղուց  գյուղում չէին բնակվում, մասնակցել էին քվեարկությանը, դե պատկերացրեք՝ ամեն համայնքից այդպիսի մի 10-15 հոգու գտել են, ու իրենց թիվը 26 տոկոսով աճել է։ Նկատեցինք մարդկանց, որոնք Վարդենիսից եկել էին հատուկ քվեարկելու համար։ Արդեն իսկ կասկածելի է, որ վերջին 10-15 տարին նրանք երբեք համայնքի հետ կապ չեն ունեցել, հանկարծ ընտանիքով, իրենց անձնական մեքենայով գալիս են քվեարկության՝ կտրելով մոտ 450 կմ տարածություն։ Հենց այս մարդիկ էլ այս անգամ ընտրության ելքը փոխեցին ։  Ես չեմ կարող ասել, թե ինչ մեթոդով են նրանց ընտրության բերել՝ գումարով, աշխատանքը կորցնելու վախից դրդված, բայց փաստ է, որ եկել էին, եւ սա ՔՊ-ի 6 ամսվա ահռելի աշխատանքի շնորհիվ, որի համար օգտագործվել է վարչական ողջ ռեսուրսը» ,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ընտրության օրը նկատել է, թե ինչպես են ՔՊ-ական  հանձնաժողովների անդամները հեռախոսով  այն անձանց տվյալները դուրս բերում, ովքեր դեռ ընտրությանը չեն մասնակցել․ նրանց գտնելու եւ «բերման ենթարկելու» նպատակով է արվել։

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու Արտակ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինչ-որ բան այն չէր, անվիճելի է, սակայն դեռ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ, թե որտեղից ու ինչպես 2000 ձայն ավել ՔՊ-ն վաստակեց․ «Լրացուցիչ վերլուծություններ անելուց հետո, մեկ-երկու օրից մենք հանդես կգանք մեկնաբանությամբ»,-ասաց նա։