Ռեալիզմի առավելությունների մասին

Ռեալիզմի առավելությունների մասին

Ինձ արդեն 5 տարի է՝ մտահոգում է այն հարցը, թե ինչ կամ, ավելի շուտ՝ ով դուրս կգա Նիկոլի միջից, եթե նրա պատանքը պատռենք: Գործնականում, թե տեսականորեն՝ էական չէ: Ողղակի բացենք ու տեսնենք: Ձեզ չի՞ հետաքրքրում: Ինչ տարբերակ ասես, որ չքննարկեցինք՝ Նիկոլին Արեւմուտքը բերեց, Նիկոլը ռուսական պրոյեկտ է, Նիկոլը հեղափոխությամբ եկավ… Այս տարբերակներից ոչ մեկն էլ իրականությանը չի համապատասխանում: Գոնե ես չեմ հավատում դրանցից ոչ մեկին: Մինչեւ Նիկոլին չբացենք, ոչինչ չենք իմանա: Նիկոլին բացելն էլ, հասկանում ես, ամեն մարդու բան չէ: Շիրազը մի լավ բանաստեղծություն ունի, ասում է՝ կնոջ (այստեղ՝ Նիկոլի) գաղտնիքն ինչպե՞ս բացես, երբ սատանան է գոցել: Պիտի մի խելքը գլխին մարդ լինի, որ կարողանա զգուշորեն եւ, ամենակարեւորը, հիգիենիկ կերպով անել այդ գործը: Ես ո՛չ Նիկոլի ճղճղոցի հավեսն ունեմ, ո՛չ էլ նրա մեջ նստածի: Խոզին անաղմուկ մորթելու մեթոդներ շատ կան, բայց վարպետ մորթող է պետք, այլապես ձայնն աշխարհ կբռնի: Էլ չեմ ասում, որ առաջինն ինձ դատի կտան այսպիսի միտք առաջ քաշելու համար:

Գիտեմ, հիմա ինձ հարց եք տալիս՝ իսկ դու ինչ-ինչ կասկածներ ունե՞ս, որ Նիկոլի մեջ ուրիշ մարդ է նստած: Ասեմ, որ դրանք կասկածներ չեն, ոչ էլ գուշակություն: Ինձ թվում է, որ նրա մեջ հաստատ ուրիշն է թաքնվում, որ մեզ ներկայանում է Նիկոլի ֆիզիանոմիայով, Նիկոլի իբր մտքերով, իբր հայտարարություններով, իբր վարած քաղաքականությամբ: Դուք տիկնիկային թատրոն գնացե՞լ եք: Էն, որ դերասանը ձեռքը մտցնում է տիկնիկի մեջ ու վարագույրի հետեւից խաղացնում: Դուք իսկական դերասանին չեք տեսնում: Նա կարող է մի շատ բարետես ու առնական տղամարդ լինել, բայց խաղացնել, ենթադրենք, մի հիմար տիկնիկ, որ հեքիաթի մեջ ամենավատ կերպարն է: Մենք չենք սիրում այդ տիկնիկին, նրա կերպարը, նրա ձայնը… Յախք, բայց նաեւ կասկած չունենք, որ նրան ընդամենը խաղացնում են: Այդպես էլ ես՝ նայում եմ Նիկոլի խաղն ու չեմ կասկածում, որ մի աներեւույթ դերասան կամ ձեռք խաղացնում է նրան: Կասեք՝ ինքը վարչապետի աթոռին նստած՝ տակից այդ ո՞նց են խաղացնում, որ կառավարության անդամները չեն տեսնում: «Իլլաք չի էդ սառած տոլմեքը»… Դրա՞նք պիտի նկատեն: Գալիս, փետի պես վեր են ընկնում նիստին, գնում տուն: Միայն թե կորմը չպակասի, ի՞նչ գործ ունեն՝ մի հատ էլ քթները մտցնեն Նիկոլի աթոռի տակ, որ տեսնեն՝ ով է խաղացնում: Թեեւ մի բան էլ կա, որ չի կարելի բացառել: Այդ նույն կառավարության անդամները գուցե լավ էլ գիտեն, թե ով է խաղացնում Նիկոլին, բայց մեզ չեն ասում, որովհետեւ իրենք էդ խաղացնողի մարդիկ են: Սա շատ ուժեղ փաստարկ է, երբ ուզում ես հասկանալ՝ այս կառավարությունն իսկապե՞ս անմեղսունակ է, թե՞ այնքան շուստրի, որ կարողանում է մեր աչքից շղարշել իսկական «վարչապետին»:

Իսկ հիմա՝ մի քիչ ինտրիգ: Ինձ թվում է, կամ ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանում ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չի ունեցել: Պարզապես եկել են նոր մարդիկ եւ հռչակվել իշխանություն: Թե հիմա ում մարդիկ էին դրանք, ինչպես դասավորեցին այս ամենը, դա էլ թողնում եմ ձեր երեւակայությանը: Իմ գործը լրագրությունն է: Ես ո՛չ քննիչ եմ, ո՛չ ԱԱԾ-ի աշխատող, ո՛չ էլ, մանավանդ, նախահեղափոխական ոստիկան, որ ցուցմունք տամ, թե ինչ հրամաններ եմ կատարել, երբ այդ մարդիկ նստարաններով փողոցներ էին փակում: Հիշում եմ, մի անգամ Հանրապետության հրապարակում մոտեցա մի բարձրաստիճան ոստիկանի ու էշ-էշ հարց տվի. «Պարոն այսինչյան, Դուք ոստիկանների խմբով այստեղ կանգնած՝ նրանք Ամիրյան փողոցի մուտքն են փակում: Բացատրեք, խնդրեմ, ի՞նչ է կատարվում»: Խեղճ մարդը մի հատ հոգոց հանեց ու հեռացավ՝ իր հետ տանելով մնացած ոստիկաններին: Ես հո տեսե՞լ էի, թե 2008թ. մարտի 1-ին այդ նույն ոստիկաններն ինչպես վնասազերծեցին Նիկոլին: Բայց հիմա՞… Չէ, եղբայր, ինձ չեք խաբի… 2018 թվին կա՛մ Նիկոլին փոխս էիք գցել, կա՛մ նրա մեջ ինչ-որ մեկին դրել, որը գալիս էր իշխանությունը վերցնելու:

Եթե ինձնից փաստեր եք պահանջելու, թե այդ ինչու եմ մտածում, որ Նիկոլի մեջ ուրիշ մարդ կա նստած, ապա միանգամից ասեմ, որ շատ փաստեր չունեմ: Ինքս էլ նորանոր փաստեր եմ փնտրում: Ինձ համար էլ է դժվար մտածել, որ Նիկոլից բացի կգտնվեր եւս մեկը, որ թեկուզ Նիկոլի մեջ նստած, Արցախը կհանձներ թուրքերին: 44-օրյա պատերազմն ինքնաբերաբար է պայթել: Իսկ պայթել է, որովհետեւ Ադրբեջանը եւ նրա հովանավորները, հավանաբար, մեզնից շուտ են գլխի ընկել, որ Հայաստանում «մե ուրիշ բան» է տեղի ունեցել, բայց ոչ հեղափոխություն: Ու, քանի որ հայերով խառն էինք, պահը որսացին: Էլ ժամանակ չեղավ Նիկոլին բացելու: Ավելի ճիշտ՝ վախեցանք բացել Նիկոլին ու նրա միջի մարդուն հանել լույս աշխարհ: Մեր հաշիվների մեջ, պարզ էր, սխալվել էինք…

Այն ամենը, ինչ հիմա կարդացիք, խնդրում եմ, դավադրությունների տեսություն չհամարեք: Ոչինչ հենց այնպես չեմ ասել, եթե նույնիսկ որեւէ անուն չեմ տվել: Սրանք, որ այսօր պաշտոնների են, Նիկոլի լակոտները չեն: Նիկոլն այդքան չկար, որ գար ու հիմա էլ լակոտներ պահեր: Սրանք էն մարդու կադրերն են, որ նստած է Նիկոլի մեջ: Եվ ես կուզենայի, որ գոնե հիմա Նիկոլին բացեինք, ու այդ մարդը ռեալ երեւար մեզ: Ռեալիզմ է պետք: Դա հիմա բոլորիս շահերից է բխում, այդ թվում՝ եւ Նիկոլի: Ի վերջո, մեզ պիտի հնարավորություն տրվի՞ որոշում կայացնելու՝ կանգնում ենք ու փրկվո՞ւմ, թե՞ կոտորվում ռոմանտիկ անգիտության մեջ: