Արեւմուտքն ու Ռուսաստանը Հայաստանին հորդորում են գնալ խաղաղության, իրենք շարունակում են պատերազմը

Արեւմուտքն ու Ռուսաստանը Հայաստանին հորդորում են գնալ խաղաղության, իրենք շարունակում են պատերազմը

Ամբողջ աշխարհը պատերազմում է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խոսում են խաղաղության մասին: Պատերազմը սեփական շահերը պաշտպանելու միջոց է, հակառակորդին ոչնչացնելու եւ նրա ռեսուրսներին տիրանալու հնարավորություն: Աշխարհի 50-ից ավելի երկիր արդեն 1 տարուց ավելի պատերազմում է Ռուսաստանի դեմ: Նրանք չեն պատերազմում հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության կամ հանուն ուկրաինացի ժողովրդի իրավունքների կամ ազատությունների, ինչի մասին որ հայտարարում են: Եթե այդպես լիներ, նույն ջանասիրությամբ ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները պետք է զինեին Սիրիայի կամ Եմենի կառավարություններին` պաշտպանելու սեփական երկրների տարածքային ամբողջականությունը, մինչդեռ նույն Արեւմուտքը գրեթե 10 տարի զինում եւ ֆինանսավորում էր Սիրիայի իշխանության դեմ կռվող տարբեր ահաբեկչական խմբավորումների, աչք էր փակում Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմի վրա: 

Հարցը միայն այն չէ, որ պատերազմը Եվրոպայում է, ՆԱՏՕ-ի անմիջական հարեւանությամբ.  ավստրալացի կամ հարավկորեացի կամավորների համար Ուկրաինան ավելի հեռու է, քան Եմենը կամ Սիրիան, բայց Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմում ավստրալացի կամ հարավկորեացի կամավորներ չեն կռվում եւ զոհվում, իսկ Ուկրաինայում կռվում են: Արեւմուտքի համար Եմենը կամ Սիրիան դժբախտ ու դժգույն երկրներ են, իսկ Ուկրաինան եւ Ռուսաստանը՝ ռազմավարական շահերի տարածք: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան կամ Կանադան միլիարդավոր դոլարների ֆինանսական, ռազմատեխնիկական օգնություն են տրամադրում Ուկրաինային, որովհետեւ ուզում են ոչ միայն իրենց ազդեցության տակ պահել Ուկրաինան եւ շահագործել նրա նյութական ռեսուրսները, թույլ չտալ, որ դրանց տիրանա Ռուսաստանը, իսկ հաթանակի դեպքում կտիրանան ավելի մեծ եւ գրեթե անսահմանափակ ռուսական ռեսուրսներին:
Արեւմուտքը եւ Ռուսաստանը Հայաստանին կոչ են անում խաղաղության, կոչ են անում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ` Ադրբեջանի պայմաններով, բայց իրենք չեն ուզում խաղաղության պայմանագիր կնքել, որը չի բավարարի իրենց շահերը:

Արեւմուտքն ու Ռուսաստանը որեւէ շահ չունեն հայ-ադրբեջանական պատերազմի շարունակման հարցում, դա ավելորդ գլխացավ է, դրա համար այստեղ խաղաղության աղավնիներ են, ուզում են շուտ ազատվել այդ գլխացավից, մեզ խաղաղություն, իրականում` նոր կապիտուլյացիա պարտադրելով: Բայց երբ հարցը վերաբերում է իրենց, ուզում են շարունակել պատերազմը` մինչեւ հաղթանակ, մոռանալով խաղաղության եւ հումանիզմի մասին, չեն ուզում կապիտուլացվել: Ռուսաստանը հիմա կարող է խաղաղության հասնել Ուկրաինայի հետ, եթե հետ վերադարձնի Ղրիմն ու մյուս գրաված տարածքները, բայց նրան այդպիսի խաղաղություն` իր պարտության հաշվին, պետք չէ: Դրա համար Ռուսաստանը շարունակում է կռվել, որ խաղաղությունը լինի իր պայմաններով: Արեւմուտքն Ուկրաինային կոչ չի անում խաղաղության հասնել Ռուսաստանի հետ, հակառակը` ամեն կերպ օգնում է՝ շարունակելու պատերազմը, որովհետեւ Արեւմուտքին էլ պետք չէ խաղաղություն՝ սեփական պարտությունն ընդունելու եւ Ռուսաստանի հաղթանակի հաշվին: Բոլորը խաղաղություն են ուզում, բայց՝ հաղթողի եւ խաղաղություն պարտադրողի դիրքերից եւ ոչ թե հակառակը:

Ինչո՞ւ է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ուզում պարտվողի դիրքերից. մի՞թե միայն այն պատճառով, որ համակերպվել է պարտությանը, հասկանում է, որ Հայաստանն այլեւս ռեսուրս չունի պայքարելու եւ պատրաստ է ընդունել հաղթողի թելադրած ցանկացած պայման, միայն թե հանգիստ թողնեն, որ մնացած Հայաստանը հանգիստ ու անհոգ ապրի: Հանգիստ ու խաղաղ ապրելու գաղափարը կարող է լինել առանձին վերցված մարդու նպատակ, բայց ոչ պետության կամ ազգի գաղափարախոսություն, որովհետեւ հանգիստ ապրել ոչ մի կերպ չի ստացվելու` չեն թողնելու: «Տանք Ադրբեջանին այն, ինչ ուզում է, բավարարվենք մնացածով եւ ապահովենք մեր անվտանգ ու խաղաղ կյանքը» բանաձեւը չի աշխատում:

Փաշինյանը սա հասկանում է, հասկանում է, որ իր իշխանությունը Հայաստանը տանում է կործանման եւ ոչնչացման: Բայց հիմա նրան չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, հետաքրքրում է իր իշխանության երկարաձգման հարցը: Դրա համար նա պատրաստ է թեկուզ նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն կնքել: Փաշինյանը հասկանում է, որ այդ պայմանագրով Ադրբեջանն իր հսկողության տակ է վերցնելու Հայաստանի ռազմավարական ճանապարհները, Հայաստանը վերցնելու է իր ճիրանների մեջ. դատապարտելու է ոչնչացման: Փաշինյանին դա էլ առանձնապես չի հետաքրքրում, նա մտածում է, որ մինչեւ Հայաստանի վերջնական ոչնչացումը ինքը կկարողանա որոշ ժամանակ պաշտոնավարել որպես վարչապետ: Ինքն էր, չէ՞, հայտարարել, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, ու հայ ժողովուրդը ծափահարում էր այդ մեծագույն հիմարությանը: Հիմա էլ ասում է, որ ինքը չի լինի վարչապետ միայն այն ժամանակ, երբ չի լինի Հայաստանը: 

Փաշինյանը խաղաղություն է քարոզում ոչ թե այն պատճառով, որ խաղաղասեր է կամ իսկապես հավատում է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելով, ինքը խաղաղություն եւ անվտանգություն է ապահովելու Հայաստանի համար: Նա խաղաղության պայմանագիր է ուզում ստորագրել, որ որոշ ժամանակ եւս երկարաձգի իր իշխանությունը, իսկ հետո կարող է հանգիստ հայտարարել, որ Հայաստանի պետականությունը նախկինները կործանել էին մինչեւ իր՝ իշխանության գալը, կործանել էին ռուսները, իրանցիները, 5-րդ շարասյունն ու 6 համարի մարշրուտկի ուղեւորները: Համ էլ՝ լավ եղավ, որ կործանվեց, թե չէ Պուտինն ուզում էր Հայաստանը միացնել իր ստեղծելիք միութենական պետությանը, գցել Բելառուսի օրը, իսկ մենք մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը ռուսներին չենք զիջի:

Ավետիս Բաբաջանյան