Կան հիմքեր, Հայկ Հովհաննիսյանին զրկելու ԲԴԽ անդամությունից

Կան հիմքեր, Հայկ Հովհաննիսյանին զրկելու ԲԴԽ անդամությունից

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հատուկ կարծիքը դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ՍԴ որոշման կատարման վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ՝ ԲԴԽ անդամությունը դադարեցնելու հիմքեր է պարունակում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: Բարձրագույն դատական խորհուրդն երեկ՝ փետրվարի 27-ին, մասնակի բավարարեց Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում։ ԲԴԽ-ն մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը։ 

ԲԴԽ որոշման առթիվ  Հովհաննիսյանի հատուկ կարծիքը ոչ միայն քաղաքական գնահատականներ ու մեղադրանքներ է պարունակում ՍԴ-ին ուղղված, այլեւ հակաօրինական կոչեր ․«Խորհուրդը չպետք է ճանաչի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1488 որոշման իրավաչափությունը և չպետք է գործադրի այն։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի իմ գործընկերներին կոչ եմ անում սույն գործով Խորհրդի կողմից նոր հանգամանքների բացակայության կամ առկայության հարցի քննարկումն առնվազն կասեցնել` մինչև ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումը»։ 

«Եթե հատուկ կարծիքը գրելիս թույլ են տրվում դատավորի կարգապահության կոպիտ խախտումներ, իսկ այս դեպքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել, ԲԴԽ-ն կարող է ոչ միայն կարգապահական պատասխանատվության ենթարկել, այլ դնի  լիազորությունների դադարեցման վարքը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը: Որոնք են այդ խախտումները: Առաջինը՝  ԲԴԽ-ն ունի իր իրավասության շրջանակը, ուստի իրավասու չէ լուծել ՍԴ որոշումների իրավաչափության հարցը․«Առավել եւս չի կարող քննարկման առարկա դարձնել այդ մարմնի լեգիտիմությունը։ Ընդ որում՝ մարմնի լեգիտիմության հարցը ոչ թե իրավական, քայլ քաղաքական հարցադրում է եւ որքան էլ քաղաքական նպատակներով առանձին պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ կարող են շահարկել, իրականությունն այն է, որ մարմինները դիմում են ՍԴ, այդ թվում՝ կառավարությունը, եւ ՍԴ եզրակացությունների հիման վրա վավերացնում են միջազգային պայմանագրեր, դրանք հետեւանքներ են բերում Հայաստանի համար։ Առնվազն տարակուսելի է, որ իրավաբանի կրթություն ունեցող անձը կարող է իրավական հարթության մեջ վիճելի դարձնել ՍԴ-ի լեգիտիմությունը, երբ անգամ քաղաքական դերակատարներն ընդունում եւ հետեւում են այդ մարմնի եզրակացություններին»:

Այսպիսով՝ Սահակյանն արձանագրում է, որ ԲԴԽ անդամը ԲԴԽ որոշման հիմնավորվածությունը իրավական տեսանկյունից քննարկելու փոխարեն խախտել է քաղաքական չեզոքությունը եւ դարձել քաղաքական գծի ներկայացնող․«Անհատական կարծիքի նպատակը, ի վերջո, ԲԴԽ որոշման հիմնավորվածությունը կամ պատճառաբանությունները քննարկելն է, այլ ոչ թե մեկ այլ դատական ատյանի, որի իրավասությունը չունի»։ Բացի այդ, Սահակյանի դիտարկմամբ՝ ցանկացած անձ իր խոսքի ազատությունից օգտվելիս պետք է հարգի դատական իշխանության հեղինակությունը․«Դատական իշխանության հեղինակությունը բարիք է, որից ելնելով պետք է սահմանափակել անձի խոսքի ազատության իրավունքը։ Ընդ որում՝ նույն բարիքների շարքում է, ինչպիսին են պետական անվտանգությունը, այլոց իրավունքների պաշտպանությունը եւ այլն։ Եւ որպեսզի այս բարիքը առավելապես պաշտպանվի, հատուկ կարգավորումներ կան Դատական օրենսգրքում, մասնավորապես, ԲԴԽ գիտնական անդամի նկատմամբ տարածվում են դատավորի վարքագծի կանոնները, ընդ որում՝ այդ վարքագծի կոպիտ խախտումները հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Եւ այստեղ ուղիղ նշված է, որ դատավորը, որի տակ հասկացվում է նաեւ ԲԴԽ՝ ԱԺ կողմից ընտրված անդամը, զերծ մնան դատական իշխանությանը վարկաբեկող , դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց, իրենք պարտավոր են քաղաքական զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ դատավորի մասնագիտական, անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ դնելուց, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ դնելուց, այդ թվում՝ դատարանի գործողությունը: Որոշակի մաս կա գիտական ազատության շրջանակում , երբ որ դատական առանձին տեսություններն են քննարկման առարկա դառնում, ինչպես նաեւ դատարանում քննվող կամ քննված գործի վերաբերյալ հրապարակային կարծիք արտահայտելուց։ Մենք տեսնում ենք ռեկորդային թվով վարքագծի կանոններ»:

Ավելին, ըստ մեր զրուցակցի՝ միտումնավոր հատուկ կարծիքը կառուցվել է այն տրամաբանությամբ,որ քաղաքական շարժառիթներից ելնելով կասկածի տակ դնի ՍԴ-ի լեգիտիմությունը, գործող կազմի անաչառությունը, այն պարագայում, երբ անկախ միջազգային գործընկերները բազմիցս կոչ են արել,ընդունելով, որ ՍԴ  ներկայիս կազմը լեգիտիմության որեւէ խնդիր չունի եւ հակամարտությունը դիտարկում են իշխանությունների թեւերի զսպման, հակակշիռների համատեքստում,ինչպես նաեւ  կոչ  անում,որպեսզի գործադիր իշխանությունը դադարեցնի հակամարտությունն ընդդեմ ՍԴ ի:

«Այս պարագայում առնվազն վտանգավոր է,երբ  ԲԴԽ ադամը փորձում է քաղաքական թեզերին կենդանություն տալ դատական ակտի միջոցով»: Հովհաննիսյանի կարծիքն ընթերցելիս Սահակյանը նմանություն է զգացել ՄԻԵԴ- ում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով ընդդեմ Ադրբեջանի կայացվող վճիռների միջեւ:«Երբ վճիռներ են կայացվում Ադրբեջանի դեմ, ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտվում են, պարտադիր կերպով ադրբեջանական դատավորի կողմից  հատուկ կարծիք է գրվում ոչնչի մասին, եւ այդ դատավորը մնում է մենակ իզգոյի կարգավիճակում,քանի որ որեւէ իրեն հարգող դատավոր չի մտնի քաղաքական այդ ծանրաբեռնվածության տակ,երբ պաշտպանվում է իրավունքը: Բայց ադրբեջանցի դատավորի տեսանկյունից, երբ հեղինակությունը վարկաբեկելով հատուկ կարծիք գրելը խիստ կարեւոր է, որովհտեւ այդ կարծիքը չգրելը մեկնաբանվելու է ծառայությունից հրաժարում եւ այլ հարթության մեջ հետեւանքներ է առաջ բերում»: Հայկ Հովհաննիսյանն էլ, Սահակյանի խոսքով՝  հատուկ կարծիքն օգտագործել  է քաղաքական նպատակնրով, ինչն անթույլատրելի է: Իսկ ՍԴ որոշումը չկատարելու կոչը նաեւ քրեական տարրեր է պարունակում.«Հայկ Հովհաննիսյանը կոչ է անում չկատարել ՍԴ որոշումն այն դեպքում, երբ վերջնական դատական ակտերի կատարումը իրավունքի սկզբունք է եւ, եթե դատական ակտերը մնում են անկատար դիտավորությամբ չկատարելու դեպքում, նաեւ առաջ են բերում քրեական պատասխանատվություն: Այսինքն, դատական ակտի չկատարման կոչն իր մեջ քրեական տարրեր է պարունակում: Դա նույնն է, որ Հիպոկրատի երդումը տված բժիշկը կոչ անի իր գործընկեր բժիշկներին անհետաձգելի բուժօգնություն չտրամադրել ծանր վիճակում գտնվող բժշկին»: