Ես եմ գտել, որ ժամանակավոր աշխատելն ինձ համար վայել չէ

Ես եմ գտել, որ ժամանակավոր աշխատելն ինձ համար վայել չէ

Անցյալ շաբաթ մենք գրել էինք, որ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգաբարձուների խորհուրդը ծածուկ ու անսպասելի փոխել է ռեկտորին։ Ազգային համալսարանում ռեկտորը, հիշեցնենք, Գագիկ Գալստյանն էր, որը հինգ տարի պաշտոնավարում էր, բայց, անհասկանալի պատճառներով, հրաժարվել է առաջադրվել։ Նա նաեւ Շինարարների միության նախագահն է, գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում եւս։ Հոգաբարձուների խորհրդի նիստում 27 կողմ, 3 ձեռնպահ ձայներով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ Եղիազար Վարդանյանը։ 

Գագիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն է բացարկ հայտնել, քանի որ իր պայմանագրային ժամկետն ավարտվել է, ու որոշել է հեռանալ։ Թեեւ հանրությունը, անշուշտ, գիտի, թե ինչպես են «կամովին» հեռանում պաշտոնյաները։

«Հո ամեն ինչ վեչնի չի՞ լինում։ Եվ եթե իմ առաջ դրված էր, որ դրանից հետո պիտի ժամանակավոր լինեմ, ժամանակավորն ինձ հարմար չէ, բացարկ տվեցի եւ չմասնակցեցի էդ քննարկմանը»,-ասաց Գագիկ Գալստյանը։ Նա նշեց, որ հինգ տարի աշխատել է, իր գործն արել է, իր ներդրումը կատարել բուհում, հիմա պետք է հեռանա։

«Ես գտա, որ իմ մառալնի պարտավորությունը կատարել եմ, իմ ներդրումը բուհում՝ ինչ պետք էր, ես դա կատարեցի։ Իսկ ժամանակավորը․․․ դա հինգ ամիս, վեց ամիս, ութ ամիս, հետո նորից պետք է ընտրություն լիներ, ես էլ գտա, որ անիմաստ է ժամանակավոր ընտրվելը, եւ բացարկ հայտնեցի»,- ասաց նա։

- Բայց տեղեկություն կար, թե այնպես են արել, որ Դուք այլեւս չառաջադրվեք։

- Ոչ, ոչ մի դեպքում, որովհետեւ բոլորն ինձ հետ շատ ջերմ են եղել՝ սկսած նախարարից, նախարարության աշխատակիցներից եւ կոլեկտիվից։ Նորմալ է եղել, ես եմ գտել, որ ժամանակավոր աշխատելն ինձ համար վայել չէ։

- Գտաք, որ հինգ տարի աշխատելը բավարա՞ր է։

- Ամեն մեկը թող էնքան կատարի, ինչքան որ ինքը պարտավոր է մառալնի կատարելու, ես գտնում եմ, որ էդքան կատարել եմ։

- Պարզապես վերջին շրջանում, քանի որ հաճախ ենք տեսնում, որ ռեկտորներին համատարած փորձում են փոխել, գուցե Ձեր դեպքում էլ է նույնը գործել։

- Չէ, նման խնդիր իմ մոտ չի եղել։ Եթե ինֆորմացիային տիրապետեք, նախարարը, փոխնախարարը եկել էին, գիտխորհրդի նիստ ենք արել, գիտխորհրդում ես ներկայացրի իմ անցած աշխատանքային գործառույթները, շնորհակալություն եմ հայտնել խորհրդին, նախարարությանը եւ ասել եմ՝ կներեք, որ ես չեմ մասնակցում նոր ընտրություններին։

- Իսկ եթե իրենք Ձեզ առաջարկեին մնալ եւ շարունակե՞լ։

- Եղել է առաջարկ՝ մնացեք, շարունակեք, բայց ես գտա, որ բավարար է իմ մասնակցությունը։

- Ի դեպ, քանի որ արդեն հեռացել եք բուհից, ասացեք՝ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր կրթական ոլորտի վիճակը, նախարարի աշխատանքը։

- Եկեք էդ թեմայի մեջ ես չմտնեմ, քանի որ ես արդեն դուրս եմ եկել։ Ես մի բառ կարող եմ ասել՝ ցանկացած ժամանակ, ցանկացած օրենքի դեպքում, ցանկացած մարդու ղեկավարման դեպքում, եթե ուզենա աշխատի, միշտ էլ կաշխատի։ Կանի էն, ինչ անհրաժեշտ է։ Երբեք տենց խանգարողներ չեն լինում, ձգտող է պետք, պատճառ բռնող պետք չէ։

- Հիմա Արայիկ Հարությունյանին ավելի շատ խանգարողնե՞ր կան, թե՞ օգնողներ։

- Խանգարողներ չեն լինում, կարող է չօգնեն, չեն խանգարի։ Խանգարողն ո՞վ է, մարդը պիտի մտածի, լուծումը գտնի, կատարի, ո՞վ է իրեն խանգարում։