Հիշեք՝ այդ գումարները ոչ միայն վերադարձնելու եք, այլև ենթարկվելու եք քրեական պատասխանատվության

Հիշեք՝ այդ գումարները ոչ միայն վերադարձնելու եք, այլև ենթարկվելու եք քրեական պատասխանատվության

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց մի ֆանտաստիկ նախագիծ, որն այլ կերպ հնարավոր չէ անվանել, քան քաղաքական կոռուպցիա։ Քանի որ Սահմանադրական դատարանի անդամները շատ համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին փռվելուց հետո, միեւնույն է, հրաժարական չեն տալիս, իշխանությունը  որոշել է ՍԴ անդամների համար էլիտար թոշակ սահմանել եւ անաշխատ եկամուտներ ապահովել։ ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու մինչեւ ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած, ձեր աշխատավարձ-թոշակը կստանաք։

Հրայր Թովմասյանին առաջարկվում է 1 միլիոն 370 հազար դրամ, շարքային անդամներին՝  1 միլիոնից մի քիչ ավելի։ Արդյունքում, ընդհանուր հաշվով, Թովմասյանն առանց աշխատելու կստանա 250 միլիոն դրամ։ Ու այս ամենը մեր՝ հարկատուներիս գրպանից։ Նախագծի քննարկումը բացահայտեց իշխանության աննախադեպ ցինիզմը, ու պարզ դարձավ, որ նրանք միլիոններ են առաջարկում մարդկանց, որոնց վերագրում են աշխարհի բյուր մեղքերը, ավելին՝ որոշ իմքայլականների ելույթներից այնպիսի ատելություն էր հորդում, որ հասկանալի էր՝ իրականում կուզենային ոչ թե նրանց թոշակի ուղարկել, այլ՝ գնդակահարել։ Նախագծի քննարկումը խորհրդարանում սանձազերծեց նաեւ իշխանություն-ընդդիմություն փոխհրաձգություն։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին նախագծին, մինչ այդ իրենց ելույթներով փոշիացրին իշխանականների փաստարկները։

«Ո՞վ չի հասկանում, որ թոշակի ուղարկելն իրականում կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այդ գործին, եթե կամավոր է, թող իրենք ընտրեն,- ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու հետաքրքրվեց։- Հարկատուներին հարցրե՞լ եք՝ համաձա՞յն են, որ ՍԴ դատավորներին ամսական այդքան թոշակ տան: Վստահ եմ, որ ոչ: Սա անձանց դեմ է ուղղված, որովհետեւ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել, այդ թվում՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան: ՍԴ-ի այսօրվա կազմը թույլ չի տալիս, որ այդ կոնվենցիան ի կատար ածվի: Ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն է ճգնաժամը…»:

Նաիրա Զոհրաբյանն էլ ցուցադրեց Վանաձորի եւ Գեղարքունիքի մարզի մի շարք անմխիթար դպրոցների լուսանկարներ․ «Այս դպրոցների նորոգման համար մեր կառավարությունն այս տարվա բյուջեով գումար չի գտել, իսկ հիմա բերել է օրենքի նախագիծ, որը ոտքից գլուխ քաղաքական է՝ բացարձակապես քաղաքական, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի իրավական ճանապարհով, ոչ թե քաղաքական»։ Զոհրաբյանը զգուշացրեց նաեւ ՍԴ դատավորներին․ «Ովքեր կգայթակղվեն այս օրինագծով, հիշեցնեմ՝ որեւէ իշխանություն հավերժ չէ: Եթե ձեզանից որեւէ մեկը կգնա այս քաղաքական գործարքին, հիշեք, որ այդ գումարները ոչ միայն վերադարձնելու եք, այլեւ ենթարկվելու եք քրեական պատասխանատվության»:

ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն էլ հայտարարեց, որ ՍԴ-ի խնդիրը մեր երկրում հազարերորդական նշանակություն ունի, քաղաքացիներին առաջնահերթ հարցերն են հետաքրքրում։ Բացի այդ, եթե ՍԴ գործող կազմից ուզում են ազատվել միայն այն պատճառով, որ նախկին ռեժիմի ժառանգությունն են, ապա իշխանության մեջ այդպիսիների պակաս չի զգացվում․ «Հին համակարգից մնացած նախարարներ ունեք, պատգամավորներ, ԿԲ նախագահ, տարբեր պաշտոնյաներ, բոլորը ձեզ ձեռք են տալիս, բայց կա մի կառույց եւ ինչ-որ մարդիկ, որոնց ասում ենք՝ եկեք փող տանք, ուղարկենք տուն՝ լուծելու ճգնաժամ, որն առնվազն մտացածին է։ Երեկ մենք այստեղ քննարկում էինք միջազգային պայմանագրեր, որոնց մասին եզրակացություն է տվել ՍԴ-ն, ուրեմն այդ կառույցն աշխատում է, եւ այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է»։ Ընդդիմադիրներին հակադարձելու գործը, ավանդույթի համաձայն, իր վրա վերցրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․ «Այո, դպրոցները վատ վիճակում են, բայց ինչո՞ւ են վատ վիճակում, տիկին Զոհրաբյան: Այն պատճառով են, որովհետեւ նաեւ Դուք, այստեղ նստած, ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել»: Ասաց՝ դպրոցները կվերանորոգվեն, ինչպես ճանապարհներն են վերանորոգվում, եւ ինչպես բանակի հարցն է լուծվում, որեւէ մեկը թող այդ մասին չանհանգստանա: «Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ դա կեղծ օրակարգ ա: Էդ էն տրամաբանությունից ա, էլի, որ Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր: Էդ ո՞նց ա ստացվում, որ ՀՀ ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս ինչ են գրել»։ Եվ իշխանականները, շեղվելով բուն հարցից, սկսեցին շշպռել ընդդիմադիրներին, հիշեցնելով անցյալը՝ է՛լ ՀՀԿ-ի լծի տակ կոճակ սեղմողներ, է՛լ «երրորդ ճանապարհի» բարդույթից չազատվածներ։ Ինչ խոսք, սա Նիկոլ Փաշինյանի «շկոլան» է։ Եզրափակիչ ակորդը տվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իշխանության ամենասիրած «երգով», փորձեց ընդդիմադիրներին որպես հակահեղափոխականներ ներկայացնել, ուլտիմատում դրեց՝ կա՛մ աջակցում եք մեզ, կա՛մ վերադառնում անցյալ ու խանգարում։

«Եվ նորից ու նորից դուք գնում եւ ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, գնում եք հին մոտիվացիաներ, որի կարիքն էլի չկա։ Մենք առաջարկում ենք միասին բարեփոխումներ անել։ Ձեզնից շատերի հետ մենք դաշինքի կազմում ենք եղել եւ հիմա ինչ առաջարկում ենք անել, հենց գալիս է գործելու պահը, դուք ասում եք՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման։ Գտեք, էլի, ձեզ»,- հատկապես ԼՀԿ-ականներին նա ուղղեց իր կոչը։
Նշենք, որ քննարկման ընթացքում հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անընդհատ հիշեցնում էր Վրաստանի օրինակը, որտեղ եւս կիրառվել է նման օրենք։ Քննարկումից հետո մենք էլ նրան հիշեցրինք Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի՝ օրերս Երեւանում արած հայտարարությունը, որ Վրաստանում այդ օրենքը չի աշխատել:

«Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել եւ լքել պաշտոնը: Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար եւ կամավոր արեցին դա, մյուսները հրաժարվեցին»,- ասել էր փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմը չի աշխատել, եւ իրենք հասկացել են, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել: Հարցրինք՝ ունե՞ն երաշխիք, որ Հայաստանում կաշխատի այս օրենքը։ Նախարարն ասաց, որ վրաց իշխանավորներից նման հայտարարություն չի եղել, թե իրականում ինչ է եղել, խոստացավ ֆեյսբուքյան իր էջում ցիտել։ Հարցի մյուս մասին հրաժարվեց պատասխանել՝ ասաց, թե շտապում է։ Փաստորեն, լրագրողի հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, իսկ Ֆեյսբուքում ժամեր անցկացնելու ժամանակ ունեն։