Ընդդիմության համախմբում ասվածն ընդամենը իշխանական թեզ է

Ընդդիմության համախմբում ասվածն ընդամենը իշխանական թեզ է

Ընդդիմության պայքարի ոգին օր-օրի նվազում է: Թույլ իշխանություն եւ պառակտված ու չպայքարող, կոտրված ընդդիմություն. ահա մեր այսօրվա պատկերը: Իշխանությունը հմտորեն գործածում է իր լծակները` կազմալուծում եւ ոչնչացնում ընդդիմությանը` մեկին հալածելով, մյուսին «գնելով», երրորդին վախեցնելով, չորրորդին հուսահատեցնելով: Իսկ մեր ընդդիմությունը երբեք աչքի չի ընկել վճռականությամբ, երկարատեւ պայքարի հակվածությամբ: Ոմանք նույնիսկ իրենց կոմֆորտի զոնայից չեն ուզում դուրս գալ` հանուն երկրի: Մենք զրուցել ենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:

- Օրեցօր նվազում է հայաստանյան ընդդիմության դերակատարումը, պայքարն աննշան է դառնում: Մինչդեռ կար ժամանակ, երբ թեժ պայքար էր գնում, եւ իշխանությունների նավը խիստ ճոճվում էր: Ինչո՞ւ է պայքարը դարձել չնչին, ինչո՞ւ են ամեն օր նոր մարդիկ հրաժարվում պայքարից, հաշտվում իշխանությունների հետ, նրանց ձեռքը սեղմում:

- Անկեղծ ասած, այն գնահատականի հետ, թե պայքար չկա, համաձայն չեմ: Պայքարն ընթանում է: Խնդիրն այն է, որ տարբեր ընդդիմադիր խմբավորումներ են գործում, եւ գնում է ապակենտրոն պայքար, մեկի մոտ մի քիչ լավ է ստացվում, մյուսի մոտ` ոչ այնքան: Ինչու ապակենտրոն, որովհետեւ ընդդիմությունը չի կառավարվում մեկ կենտրոնից, եւ, ցավոք, չկենտրոնացված եւ չհամակարգված պայքար է ընթանում: Ընդդիմադիր տարբեր խմբավորումներից ամեն մեկը գործում է իր մասնաբաժնով: Վատ, թե լավ, ես չեմ կարող տալ գնահատական, քանի որ ինքս էլ ընդդիմադիր դաշտում եմ: Բարոյապես եւ էթիկապես նրանց սխալների մասին բացահայտ խոսելը համարում եմ սխալ, ճիշտ է՝ բացահայտ չեմ խոսում, բայց տարբեր հանդիպումների ժամանակ բոլոր սխալների մասին խոսում ենք…. այնպես որ, համաձայն չեմ, որ պայքար չկա, գուցե ոմանք դադար են վերցրել, գուցե խորհրդարանական ընդդիմությունը ռազմավարական, մարտավարական վերանայման փուլում է գտնվում: Ես գիտեմ, որ ընդդիմադիր բոլոր շրջանակներում վերատեսության են ենթարկվում նախկինում թույլ տրված սխալները, փորձում են նոր մեթոդներով առաջ շարժվել:

- Իշխանությունը քրեական վարույթներ հարուցելով՝ ընդդիմությանը լռեցնելու քաղաքականություն է որդեգրել: Ձեր կարծիքով` նման հետապնդումներն ազդո՞ւմ են ընդդիմադիրների, նրանց վճռականության վրա, թե՞ ոչ:

- Օրինակ, ՀՀԿ-ն, որի փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական նպատակներով բանտարկված է, ունի՞ բարոյական իրավունք՝ դադարեցնելու պայքարը, չեմ կարծում: ՀՀԿ-ին զուտ օրինակ եմ բերում, որովհետեւ կալանավորված է Արմեն Աշոտյանը: Ի՞նչ գիտենք, որ ՀՀԿ-ում հիմա չեն քննարկում ինչ-որ ծրագիր, պլան` պայքարելու համար: Ի՞նչ պետք է ակնկալեինք սրանից այն կողմ` մասսաների մոբիլիզացիա, մամուլի միջոցով մասսաների գիտակցության մեջ սերմանել, որ իշխանությունը քաղաքական նպատակներով մարդկանց է բանտարկում: Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ ենթարկվում է իշխանության հալածանքներին, ընդ որում՝ հալածանք ասելով նկատի չունեմ միայն իրավական հալածանքները, ինքներդ էլ գիտեք, թե ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով ինչ տեսակ արշավ է սկսվել` վերջին հինգ տարիների ընթացքում: Գործող իշխանությունների գործելաոճի պարագայում խիստ տրամաբանական է այդ ամենը, որովհետեւ սուտ, կեղծիք, տեղեկատվական տեռոր տարածելուց բացի, այս իշխանությունները ոչնչով չեն կարողանում զբաղվել: Ընդդիմադիր հայացքներ ունեցող երկու լրագրող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հանդես եկան իշխանության քիմքին ոչ այնքան հաճելի հարցերով, ողջ արեւմտյան, նաեւ՝ արեւելյան կազմակերպությունների բույլը, այսպես կոչված, իրեն քաղհասարակություն ներկայացնելով` մեր գործընկերներին քննադատեց: Մենք գիտենք, թե այս ՀԿ-ներն ինչով էին զբաղված տասնամյակներ շարունակ, նրանք միլիոնավոր դոլարներ են ստացել եւ լրագրությունը զարգացնելու փոխարեն զբաղվել են քաղաքական մանկապղծությամբ: Ընդդիմությունը չի տիրապետում այն պրոպագանդիստական ռեսուրսներին, որին տիրապետում է իշխանությունը: Իշխանությունն ունի շատ ռեսուրսներ, որովհետեւ զինված է իշխանությամբ:

- Նշում եք, որ ընդդիմությունն ապակենտրոն է: Գուցե սա՞ է պատճառը, որ ոչ մի տեսանելի հաջողության չեն հասնում: Գուցե համախմբվե՞ն, եւ ստացվի իշխանությանը հեռացնել:

- Ես վերլուծականներ էլ ունեմ այն մասին, որ ընդդիմության համախմբում ասվածը, ամենայն հավանականությամբ իշխանական թեզ է: Չկա նման բան: Այո, ընդդիմությունը բազմերանգ է, սակայն նույն այդ ընդդիմությունը պետք է միայն մեկ օրակարգի շուրջ համախմբվի, իսկ դա նշանակում է կոլեկտիվ պատասխանատվություն, կոլեկտիվ պատասխանատվությունն էլ նշանակում է յուրաքանչյուրի իրավունքների եւ պարտականությունների սահմանազատում: Եթե խնդիր է դրվում՝ իշխանական խունտային հեռացնել, դա նշանակում է, որ երկարատեւ կոնսուլտացիաների, քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով հստակ ճանապարհային քարտեզի եւ տակտիկական քայլերի մշակում պետք է լինի, ոչ թե համընդհանուր նպատակների շուրջ հավաք: Խնդիր պետք է դրվի, թե ինչպես այս իշխանություններին հեռացնել: Ըստ այդ հասկանանք` ով ինչ ռեսուրս է ներդնում, ինչ ձեւաչափ է առաջարկում` փողոցային պայքարից մինչեւ տեղեկատվական դաշտ: Մարզերում եւս պետք է կառույցներ աշխատեն: Դրանք մեծ ու երկարատեւ ճանապարհներ են, որոնցում ընդդիմությունը, ցավոք, հաջողություններ չի արձանագրում, որովհետեւ այսօրվա ընդդիմությունը շատ քիչ է ընդդիմություն աշխատել, ինչպես իշխանությունը չի աշխատել երբեք իշխանություն, արդյունքում չգիտի ինչպես երկիր կառավարել:

- Չե՞ք կարծում, որ հինգ տարին ահռելի ժամանակ է, որպեսզի իշխանությունը դառնար իշխանություն, ընդդիմությունն էլ՝ ընդդիմություն:

- Անկեղծ ասած, ես երբեք ու երբեք վայել չեմ համարի ասել, որ ընդդիմադիրները պետք է պարտադիր պառկեն ասֆալտին: Քաղաքական պայքարն ունի որոշակի տեխնոլոգիաներ: Եթե քաղաքականության մեջ ես մտնում, ամեն դեպքում պետք է կամ այդ տեխնոլոգիաները կիրառես, դիցուք, օրինակ, եթե ճանապարհ ես փակում, ապա այդ ճանապարհը փակելու միջոցով պետք է կարողանաս խնդիրներ լուծել, հասնել արդյունքի, ոչ թե փակես ճանապարհ ու «գալոչկա» դնես, գնաս տուն, ասելով` սա էլ փորձեցինք, չստացվեց: Ոչ: Քաղաքական տեխնոլոգիաների զինանոցը շատ հարուստ է: Դրանք կարող են լինել երկարատեւ պրոցեսներ, եւ դու կարող ես ունենալ ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, ձախողումներ: Անհաջողությունները չպետք է հանգեցնեն նրան, որ ասեք` վերջ, չստացվեց: Լավ գիտեք` օրվա իշխանությունները տասը տարի փողոցից տուն չէին գալիս…. Մենք պետք է դասեր քաղենք մեր չստացված քայլերից: