Գեւորգ Թումանյան․ Կոլաժ

Գեւորգ Թումանյան․ Կոլաժ

***
հավանիր 
այս բանաստեղծությունը
եւ հարստության մեջ
ժառանգներիդ հետ լող կտաս 
տարածիր
այս բանաստեղծությունը
եւ բոլոր թշնամիներդ
կլիզեն ոտքերդ
կիսվիր
այս բանաստեղծությամբ
եւ բոլոր չբերները 
շուտափույթ կհղիանան
սրտիկիր
այս բանաստեղծությունը
եւ հենց այսօր
կպաչպչես քո սրտի տիրուհուն
կամ տիրակալին
երկու անգամ սեղմիր
այս բանաստեղծության 
լուսանկարի վրա
եւ զօրուգիշեր 
անխափան ու անխնա 
կսեղմես կնոջդ
եւ ոչ միայն կնոջդ
պլյուս դիր
այս բանաստեղծության
մեկնաբանության դաշտում
եւ չար ուժերը կշրջանցեն քեզ
հաշվիր
այս բանաստեղծության
բառերի քանակը
եւ կիմանաս որքան ես ապրելու
ամբողջացրու
այս բանաստեղծությունը
եւ կկատարվի ամենանվիրական երազանքդ

***
իմ պոեզիան ուզբեկերեն
իմ պոեզիան վրացերեն
իմ պոեզիան ռուսերեն
իմ պոեզիան բելառուսերեն
իմ պոեզիան ուկրաիներեն 
իմ պոեզիան սլովակերեն
իմ պոեզիան դանիերեն
իմ պոեզիան ռումիներեն
իմ պոեզիան հունգարերեն
իմ պոեզիան բուլղարերեն
իմ պոեզիան էլի լատիշերեն
իմ պոեզիան էլի սերբերեն
իմ պոեզիան էլի լիտվերեն
իմ պոեզիան էլի էստոներեն 
իմ պոեզիան էլի մակեդոներեն
իմ պոեզիան էլի հունարեն 
իմ պոեզիան էլի պարսկերեն
իմ պոեզիան թարգմանված է հինդի լեզվով
իմ պոեզիան թարգմանված է ուրդու լեզվով
իմ պոեզիան թարգմանված է մալայալամ լեզվով
իմ պոեզիան թարգմանված է յորուբա լեզվով
իմ բանաստեղծությունները ֆիլիպիներեն
իմ բանաստեղծությունները լեհերեն
իմ բանաստեղծությունները ճապոներեն
իմ բանաստեղծություններն անգլերեն
իմ բանաստեղծություններն ալբաներեն
իմ բանաստեղծություններն արաբերեն
իմ պոեզիան արդեն բենգալերենով
իմ պոեզիան արդեն չեխերենով
իմ պոեզիան արդեն իսպաներենով
իմ պոեզիան արդեն իտալերենով
իմ պոեզիան արդեն պորտուգալերենով
իմ պոեզիան արդեն գերմաներենով
իմ պոեզիան արդեն ֆրանսերենով
իմ պոեզիան նույնիսկ շվեդերենով 
իմ պոեզիան նույնիսկ չինարենով
իմ պոեզիան նույնիսկ ֆիններենով 
իմ պոեզիան նույնիսկ նորվեգերենով
իմ պոեզիան նույնիսկ թուրքերենով
իմ պոեզիան նույնիսկ կորեերենով
իմ պոեզիան նույնիսկ իդիշով
իմ պոեզիան թարգմանված չէ կելտերեն
իմ պոեզիան թարգմանված չէ բրետոներեն
իմ պոեզիան թարգմանված չէ ֆլամանդերեն
իմ պոեզիան թարգմանված չէ ույգուրերեն
իմ պոեզիան թարգմանված չէ տիբեթերեն
իմ պոեզիան առայժմ թարգմանված չէ խուռերեն
իմ պոեզիան առայժմ թարգմանված չէ կխմերերեն
իմ պոեզիան առայժմ թարգմանված չէ սկյութերեն 
իմ պոեզիան առայժմ թարգմանված չէ սարմատների լեզվով
իմ պոեզիան առայժմ թարգմանված չէ փղշտացիների լեզվով
իմ բանաստեղծությունները երեւի թարգմանված չեն խազարների լեզվով
իմ բանաստեղծությունները երեւի թարգմանված չեն լիվերների լեզվով
իմ բանաստեղծությունները երեւի թարգմանված չեն հոների լեզվով
իմ բանաստեղծությունները երեւի թարգմանված չեն մասքութների լեզվով
իմ բանաստեղծությունները երեւի թարգմանված չեն մուշքերենով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի կիմերների լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի սկոլթների լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի տավրերի լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի վասկոնների լեզվով 
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի պարթեւների լեզվով 
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի էլամների լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի մայաների լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի ացտեկների լեզվով 
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի խեթերի լեզվով
ոչ ոք չի ուզում իմ պոեզիան թարգմանի հեբուսացիների լեզվով
իմ բանաստեղծությունների հատընտիրը լատիներենով
իմ բանաստեղծությունների հատընտիրը հին հունարենով
իմ բանաստեղծությունների հատընտիրը հին սլավոներենով
իմ բանաստեղծությունների հատընտիրը գրաբարով

***
արդեն
ինքս ինձ
անընդմեջ հարություն տալու
գործից էլ զզվեցի

***

երեք օր
անընդմեջ կարդալուց հետո միայն 
հաշտվեցի նոր գրքիս հետ

***

բանաստեղծի երկու տեսակ կա
մեկը իր մեջ
հիմնովին մեռցրել է
ձգող Պրոկրուստին
մյուսը կտրող

***

հունիսին
Գյումրիում 
գրքի շնորհանդեսները
ինձ համար
գերազանց են անցնում 
լիքը կեռաս ու ելակ կերա

***

մի կնոջ խոստովանություն
մահացած մոր մասին

դժվարությամբ էր քայլում
աթոռի կամ մեր օգնությամբ
մեր ձեռքերից չէր ընկնում
հոսում էր


***

Յոթվերքի ժամհարը
կամ փչացել է
կամ բարկացած է
ուղիղ կես ժամ
պայծառ զրնգոցը 
ալիքվում է քաղաքի վրա


***
երազ

դիահերձարանի բժիշկը
մահացած հարազատիս համար
դեղահաբեր նշանակեց
ասում եմ ախր ինչի՞ համար
օգուտ կտա՞ն
ասում է ցավերը կմեղմեն
շատ չի տառապի
դժգոհելով 
գլխիկոր գնում եմ դեղատուն

***

երբեմն
դեղձի սալորի 
կեռասի կորիզները
քայլելիս ցրիվ եմ տալիս

իմիջիայլոց հույսը
որ դրանցից մեկնումեկը 
կդառնա ծառ
գրքիս մասին 
արձագանք լսելուն է նման

***

բանաստեղծությունների գիրք
վաճառելու համար
բանաստեղծին անհրաժեշտ է 
ժամանակ առ ժամանակ 
ողբերգականորեն մահանալ
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ