Վաճառքի խորհրդատուից՝ «սուպեր» վարչության պետ

Վաճառքի խորհրդատուից՝ «սուպեր» վարչության պետ

Կոտայքի մարզպետի օգնական Անի Չիլինգարյանը հոկտեմբերի 9-ից նշանակվել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի պաշտոնակատար: Նշանակումից ամիս առաջ օրենքում փոփոխություններ կատարվեց,  ըստ որի՝ վարչության պետ կարող է դառնալ ցանկացած անձ, անգամ եթե գաղափար չունի ոլորտից:  Անի Չիլինգարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է «ԱսթրոնԹրավել» ՍՊԸ-ում, որպես վաճառքի խորհրդատու, հեղափոխության օրերին քայլել, դառնալով մարզպետի օգնական, աշխատելով ընդամենը երեքուկես ամիս՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից  ստանում է դրամական պարգևատրում:   

2020 թ.-ին մարզպետարանում առողջապահության և սոցիալական վարչությանը կմիանա նաեւ կրթության վարչությունը, եւ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Չիլինգարյանը կդառնա   «սուպեր» վարչության պետ:  Ըստ մեր աղբյուրի՝  այժմ մարզպետարանում որոշումներ կայացնողը Չիլինգարյանն է, նա է մարզպետարանում  «ասողը»,  ում ընդունել աշխատանքի եւ ում ազատել աշխատանքից:

Անի Չիլինգարյանից հետաքրքվեցինք՝ կմասնակցի՞ վարչության պետի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին, եւ վարչությունները միավորվելու դեպքում կդառնա՞ վարչության պետ, Չիլինգարյանը ասաց.  «Մրցույթ հայտարարվելու դեպքում մասնակցելու եմ: Վարչությունները միանալու դեպքում  ես ոնց կարամ իմանամ ես եմ լինելու վարչության պետը,  եթե նշանակողը ես չեմ: Գիտեմ, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ  դրված է ԱԺ օրակարգում:  Մրցույթին ու մնացած կարգերի հետ կապված բնականաբար անձնակազմի կառավարման բաժնից պետք ա ճշտեք»:  

Մեր այն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ մարզպետարանում դուք եք որոշում՝ ո՞ւմ ընդունել աշխատանքի,  եւ ո՞ւմ ազատել աշխատանքից. «Իրականում ես վստահ եմ, որ մարզպետարանում չի կարող նման խոսակցություն եղած լինի: Անկեղծ ասեմ, ես հիմա զբաղված եմ իմ աշխատանքով, բամբասանքի ժամանակ,կոպիտ ասած, չունեմ:  Երբ որ,  ինչ-որ գործնական հարցով, աշխատանքային հարց լինի՝ խնդրեմ զանգեք, իսկ բամբասանքներ մեկնաբանելով ես չեմ զբաղվում»: