Կառավարության շենքի լուսամուտը դրիմ, գյաջ-մաջ էր թափել` լվացիմ, պլպլցրիմ

Կառավարության շենքի լուսամուտը դրիմ, գյաջ-մաջ էր թափել` լվացիմ, պլպլցրիմ

Բժիշկներն էլ են հիվանդանում եւ գնում բժշկի, իսկ դերասանները` շատ անգամ որպես հանդիսատես, դիտում են այլոց ներկայացումները, կամ, ասենք, հաց վաճառողը գնում է կոշիկի խանութ` կոշիկ գնելու: Այսօր դու կարող ես լինել բժիշկ, վաղը` հիվանդ, այսօր` դերասան, իսկ վաղը` հանդիսատես, այսօր` վաճառող, վաղը` գնորդ. սրա մեջ ոչ մի արտառոց կամ վտանգավոր բան չկա: Սարսափելին երեկվա ընդդիմադիրն է, ով այսօր իշխանություն է` զուրկ հիշողությունից կամ տարրական ամոթից:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում հիշել «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը, որտեղ ամեն անգամ, երբ տան սեփականատերը հետաքրքրվում էր, թե նորոգող վարպետը մեկ ամսվա կամ 10 օրվա ընթացքում ինչ է արել, պատասխանը նույնն էր լինում. «Պատուհանը դրիմ, պադագոլնիկի գյաջը մաքրիմ»: 2016 թվականին պատգամավոր Փաշինյանը բյուջեի կատարողականի քննության ժամանակ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվում էր, թե ինչ եղավ Իրան- Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը. «Որ նայում ես վերջին չորս տարվա բյուջեի կատարողականները, ի՞նչ է ասվում այդ կատարողականներում` նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, ու ոչ մի բան: Հաջորդը` Կապսի ջրամբար, ջրամբարաշինարարության մեծ նախագիծ կա` Կապս, Վեդի, Եղվարդ, Մաստարա, ուզում ենք հասկանալ` ի՞նչ է արել կառավարությունը, էլի գալիս ենք նորից` նախագիծն ուսումնասիրիմ, միջազգային մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ, բայց կոնկրետ` ի՞նչ, կոնկրետ` ոչ մի բան: Գալիս ենք հետո Իրան-Հայաստան երկաթուղի` ի՞նչ արիր, կառավարություն ջան, դե, հուշագիրը ստորագրիմ, գնացիմ-էկամ, հետո էլի գնացիմ-էկամ։ Հաջորդը` Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի ծրագիրը. ի՞նչ արիր, կառավարություն ջան, էլի` նախագիծը գծիմ, ուսումնասիրիմ»:

Մեկ տարի անց՝ երեւի 2017-ին, Փաշինյանը նորից է հիշում հայտնի սկետչը, այս անգամ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին հարցնում է. «Գուցե դուք տեղեկությո՞ւն ունեք Մեղիրի ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ, որովհետեւ այդ նախագիծն արդեն պետք է ավարտված լիներ եւ շահագործման հանձնված լիներ»: Գագիկ Մելիքյանն էլ հայտնի սկետչի ոճով պատասխանում է. «Նախագծանախահաշվային աշխատանքները կատարվել են, սկսվել են բանակցությունները` շինարարությունը սկսելու հետ կապված»: Փաշինյանն արձագանքում է. «Այսինքն՝ «պատուհանը դրիմ»»:

Հիմա եթե որեւէ մեկը հարցնի Փաշինյանի կառավարությանը՝ կառավարություն ջան, ի՞նչ եղավ Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, Մեղրիի հիդրոէլեկտրակայանը, ի՞նչ եղան Եղվարդի, Կապսի կամ Մաստարայի ջրամբարները (Վեդիի ջրամբարի կառուցումը սկսվել էր մինչեւ իշխանազավթումը եւ կարող է շարունակվել անհայտ ժամանակով), պատասխանը նորից նույնն է լինելու. նախագիծը, մրցույթը, հուշագիրը:

Բայց ՔՊ-ական պաշտոնյաները կարծում են, որ վերջին 4,5 տարիներին ձեռքները ծալած չեն նստել` միայն ժամանակ առ ժամանակ են դրանք տարածել հորիզոնական ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ իրենցից ոչինչ կախված չէ, նաեւ քրտնաջան աշխատել են` ծառատունկ են անում, ասֆալտ են գցում, թոշակ են բարձրացնում, մանկապարտեզ ու դպրոց են հիմնանորոգում: Թեեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը չի կառուցվել, բայց կառավարությունը գումար է հատկացրել, որով հիմնանորոգվում է կառավարության շենքը, որպեսզի այնտեղ ավելի բարեկարգ պայմաններում աշխատեն: Թեեւ Եղվարդի ջրամբարը չի կառուցվել, եւ Սեւանն ամեն տարի կորցնում է միլիոնավոր խորանարդ մետր ջուր եւ ճահճանում, բայց վերանորոգվում են մանկապարտեզներ, որտեղ պետք է հաճախեն հայ չինովնիկների երեխաները:

Թեեւ Իրան- Հայաստան երկաթուղին չի կառուցվում, դրա փոխարեն ավարտին է մոտենում Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը, եւ Հայաստանը հերթական անգամ դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից: Նաեւ հիվանդանոցներ են հիմնանորոգվում, որովհետեւ մեր երկրում ամեն ինչի պակաս կա, բացի հիվանդներից: Մեղրիի ՀԷԿ-ը չի կառուցվում, բայց 3 հազար դրամով բարձրացվում են կենսաթոշակները: Հայաստանը մի երկիր է, որտեղից երիտասարդները մեկնում են, եւ մնում են միայն ճարահատյալ թոշակառուները, ովքեր պետք է երախտապարտ լինեն Փաշինյանի կառավարությանը՝ 3 հազար դրամով թոշակը բարձրացնելու համար: Նրանց այլեւս ո՛չ ՀԷԿ է պետք, ո՛չ էլ էլեկտրաէներգիա, նրանց էներգետիկան կարելի է բարձրացնել 3 հազար դրամ թոշակ ավելացնելով:

Ինչ վերաբերում է դպրոցներ կառուցելուն, ապա դա լկտի սուտ է. Հայաստանում դպրոցներ ոչ թե կառուցվում են, այլ՝ փակվում, որովհետեւ մի երկրում, որտեղից մարդիկ փախչում են, որի բնակչությունը նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ փոքրանում է եւ ծերանում, չեն կարող նոր դպրոցներ կառուցվել: Մտեք հատկապես մարզերում գտնվող դպրոցներ եւ հարցրեք, թե քանի աշակերտ էր սովորում այնտեղ 10 կամ 20 տարի առաջ, քանի ուսուցիչ էր աշխատում թեկուզ 5 տարի առաջ, եւ քանիսը` հիմա, եւ կհասկանաք, թե իրականում ինչ ողբերգական վիճակում է երկիրը:

Մոռացա գրել, թե վերջին մի քանի տարվա ընթացքում որքան գումար են հատկացրել ոստիկանության թվաքանակն ավելացնելու, կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների մոտ դրանց մշտական եւ հնարավորինս խիտ քանակն ապահովելու համար, որ երբ պատուհանից նայելիս լինի, իրեն ապահով զգա, երբ քնից վեր թռնի, կարողանա նորից հանգիստ պառկել, որ երբ ուտելիքը ծամի, կարողանա ապահով կուլ տալ:

Ավետիս Բաբաջանյան