«Հրապարակ»․ Մեկ տարի հետո վախենում եմ պատկերացնել, թե գյուղից ինչ կմնա

«Հրապարակ»․ Մեկ տարի հետո վախենում եմ պատկերացնել, թե գյուղից ինչ կմնա

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունները հատկապես հարվածեցին մեր սահմանամերձ գյուղերին, անցել է 2 ամսից ավելի, սակայն արձագանքները դեռ չեն մարել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կան գյուղից հեռացողներ: «Հեռանալու մտադրություն ունեցող ընտանիքները քիչ չեն։ Չէի ասի՝ գյուղը կիսով չափ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած, բայց 10-15 ընտանիք կա, որ հեռանալու որոշում է կայացրել»,- ասաց Խնածախի ղեկավարը:

Նա նշեց, որ գյուղում բնակվում էր 153 ընտանիք, այս պահին կա 148-ը, բայց քանի որ հեռանալու մտադրություն ունեցող ընտանիքներ կան, հայտնի չէ, թե հետագայում քանի ընտանիք կմնա գյուղում: Մարդիկ հեռանում են ոչ միայն անվտանգային, այլեւ սոցիալական խնդիրների պատճառով:

«Հարյուր հեկտարի չափով դիտարկվում են թշնամու կողմից մեր արոտավայրերը, մարդիկ վախենում են այնտեղ անասուններին արածելու տանել: Բնակիչների հետ վատ են վերաբերվում, անշնորհքություններ են թույլ տալիս թշնամիները: Անասնապահներին փորձում են վիրավորել, մտնում են մեր վերահսկողության տակ գտնվող տարածք, անասուններին են փորձում գողանալ: Երկու կով են տարել մեկ տարի առաջ, ու այդ գյուղացին ոչ մի օգնություն չի ստացել՝ ո՛չ մարզպետարանից, ո՛չ մի տեղից: Թե՛ աջ, թե՛ ձախ կողմերից թշնամու դիտարկման տակ են արոտավայրերը, մի հիսուն մետր այս կողմից, մի հիսուն մետր այն կողմից, մարդիկ, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված չեն գնում»,- մանրամասնում է վերջինս:
Խնածախի ղեկավարը պատմում է, որ հեռացող համագյուղացիների հետ կապ է պահում, փորձում է նրանց օգտակար լինել, սակայն գրեթե ամեն օր լսում է, որ այս կամ այն բնակիչը պատրաստվում է հեռանալ:

«Հինգ օրվա մեջ արդեն երկու ընտանիք հեռացել է գյուղից: Մարդիկ թողնում են սրբավայրերը, գերեզմաններն ու հեռանում: Եթե այսպես շարունակվի, մեկ տարի հետո վախենում եմ պատկերացնել, թե գյուղից ինչ պատկեր կմնա: Ինչով կարողանում եմ, օգտակար եմ լինում, ասում եմ՝ դիմեք, սա կանեմ, այն կանեմ, կարիքավորներին օգնում ենք, բայց դա էլ չի օգնում արդեն»,- շեշտում է նա:

Միրզոյանը բարձրաձայնում է մեկ այլ կարեւոր խնդիր՝ ձմեռը չափազանց բարդ է լինելու բնակիչների համար, քանի որ չնայած գյուղը գազ ունի, սակայն բնակիչներն իրենց տներում գազ ունենալու հնարավորություն չունեն։ Խնածախի գյուղապետը պատմում է, որ ցանկացած միացում բնակչի համար արժենալու է 400-500 հազար դրամ, սակայն գյուղի ոչ մի բնակիչ այդքան գումար չունի գազիֆիկացումով ինքն իրեն ապահովելու համար:
«Ո՛չ գազ կարող են իրենց թույլ տալ, ո՛չ վառելափայտ, լավ, այս մարդիկ ի՞նչ անեն, ո՛չ աշխատանք կա, ո՛չ անվտանգությունն է ապահովված: Մարդիկ ստիպված վաճառել են իրենց անասունները, գյուղացիներից մեկն իր երկու հարյուր ոչխարները պիտի ծախեր, որովհետեւ պահել չեն կարողանում։ Լավ, այդ մարդիկ ինչպե՞ս պետք է կարողանան գոյատեւել»,- ահազանգում է Խնածախի վարչական ղեկավարը: