Ադրբեջանի հատուկ ծառայությունները մանրադիտակի տակ են պահում տառացիորեն բոլորիս, հատկապես՝ արցախահայերին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները մանրադիտակի տակ են պահում տառացիորեն բոլորիս, հատկապես՝ արցախահայերին

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմական փորձագետ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

- Ադրբեջանցիները Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդի առեւանգեցին: Նրանցից մեկին՝ Ալեն Սարգսյանին, ծեծի են ենթարկել, բռնություն կիրառել։ Երիտասարդները ֆուտբոլիստներ են, նրանց մեղքն այն է, որ 2021 թվականին, մի խաղից առաջ տրորել անցել են Ադրբեջանի դրոշի վրայով։ Ասվեց, որ նրանց մեղադրանք է առաջադրվել պետության ատրիբուտները պղծելու համար։ Ի՞նչ է ուզում հասկացնել Ալիեւն այս քայլով։

- Այո, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող՝ 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին:
Ցավոք, նրան ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկել եւ դեռ ենթարկելու են, այլ նաեւ 10 օրով «պատժիչ դաստիարակչական» աշխատանքների համատեքստում իզոլացնելու են:
Ի դեպ, 10-օրյա ազատազրկումից հետո նրան այլեւս չեն թողնելու մտնել Արցախ: Միաժամանակ, սա գուցե առաջին դեպքը լինի, որ Բաքուն «դեպորտ» է անում ծնունդով արցախցի, ազգությամբ հային: Ալիեւն այս քայլով ուզում է հասկացնել, որ անպատժելի չեն մնա այն մարդիկ, ովքեր անարգել են ադրբեջանական դրոշը կամ թեկուզ մի թթու խոսք են ասել Ադրբեջանի հասցեին…  Այս դեպքը, ինչպես նախորդած՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը, ցույց է տալիս, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մանրադիտակի տակ են պահում տառացիորեն բոլորիս, հատկապես՝ արցախահայերին: Նրանք տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, որոնք կարող են օպերատիվ կերպով կիրառել, հետեւաբար, նրանք «պահեստավորում» են նման դեպքերը՝ առաջին հնարավոր պահին օգտագործելու համար։ Բաքուն ունի Արցախի ՊԲ-ում զինվորական ծառայություն անցած տղաների եւ գործող սպաների ամբողջական անվանացանկը: Փաստ է, որ Լաչինի ադրբեջանական անցակետով գրեթե ոչ մի արցախցի տղամարդ չի կարող անցնել։

- Ի՞նչ է լինելու արցախցի զինվորականների հետ։

- Նրանք, ովքեր ծառայել կամ ծառայում են Արցախի Պաշտպանության բանակում, պահեստազորային են, պայմանագրային, առավել եւս՝ գործող սպա, միանգամից ենթարկվելու են ձերբակալման եւ տեղափոխվելու են Բաքու՝ կալանավայր: Այնպես որ, այն, ինչ կատարվում է Հակարիի կամրջի վրա, սա դեռ սկիզբն է։ Չի բացառվում, որ մոտ ապագայում Բաքուն նրանց նկատմամբ հայտարարի նաեւ միջազգային հետախուզում։ Իսկ այդ պարագայում յուրաքանչյուր հայ տղայի աշխարհի յուրաքանչյուր կետից ցանկացած պատրվակով կարող են բերման ենթարկել եւ տեղափոխել Բաքու։ Ինչ խոսք, վիճակն օրըստօրե ավելի է բարդանում: Բաքուն վաղուց դարձել է անկառավարելի: Ցանկացած միջամտություն, հորդոր, որոշում նրա վրա չի ազդում: Նրա ապօրինի գործողությունները մնում են անպատասխան ու անպատիժ:

- Նախօրեին բանակային խաղեր էին կազմակերպվել Տավուշում, որտեղ ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ոմանք սա ընկալել են որպես բանակի դերը կարեւորելու՝ Փաշինյանի կողմից ուղերձ։ Կխնդրեի բացատրել տարբերությունը՝ բանակային խաղերի ու զորավարժությունների միջեւ, թե ինչ նպատակ են հետապնդում բանակային խաղերը, ու ինչ նպատակ են հետապնդում զորավարժությունները։ Մենք հիշում ենք, որ Փաշինյանը հրաժարվեց իրանական կողմի հետ, հետագայում՝ ՀԱՊԿ-ի դրոշի ներքո զորավարժություններ անցկացնելուց, դա բացատրեցին նրանով, որ կընկալվի որպես ագրեսիվ պահվածք, կհակասի մեր խաղաղասիրական կեցվածքին եւ մեր հակառակորդներին գուցե դուր չգա։

- Այդ բանակային խաղերն ընդամենը արարողակարգային բնույթ են կրում, որին, կամա թե ակամա, իր ներկայությունը պետք է ապահովի բանակի գլխավոր գերագույն հրամանատարը: Գործող իշխանությունների համար հայկական բանակը վաղուց առաջնահերթություն չէ: Բանակային խաղերը սպորտային թիմային եւ անհատական միջոցառում են, որին մասնակցում են տարբեր զորամասերի սպաներն ու զինվորները: Նպատակը ռազմասպորտային պատրաստականության բարձրացումն է: Զորավարժությունը ռազմական գործողությունների մոդելավորումն է, որը պլանավորվում, նախապատրաստվում եւ իրականացվում է զորքի վարժեցման եւ գնահատման համար: Այն ստորաբաժանումների, զորամասերի, զորամիավորումների, կառավարման մարմինների դաշտային, օդային եւ ծովային պատրաստականության ձեռքբերման ու կատարելագործման, հրամանատարների եւ շտաբների, կառավարման այլ մարմինների սպաների մարտավարական եւ օպերատիվ պատրաստման, նրանց գիտելիքների ու հմտությունների գործնականում կիրառման հիմնական եւ առավել արդյունավետ ձեւն է: Նպատակը վերջիններիս մարտական, ռազմական հմտությունների եւ փորձի կատարելագործումն է՝ բանակում առկա սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հետ աշխատելու հարցում։

- 44-օրյա պատերազմից ի վեր Փաշինյանը հրաժարվեց զորավարժություններ անցկացնել Իրանի հետ, ինչպես նաեւ հրաժարվեց ՀԱՊԿ-ի բոլոր առաջարկներից: Դրանց վնասը ո՞րն էր, ու եթե չմերժեր, ի՞նչ կարող էր տեղի ունենալ։ Իսկապե՞ս մեր հակառակորդները դրանից կբարկանային։

- Իրավացի եք: Գործող իշխանությունները բազմիցս են հրաժարվել թե՛ ՀԱՊԿ-ի եւ թե՛ Իրանի կողմից առաջարկված համատեղ զորավարժություններից: Պատճառաբանությունները բազմապիսի են ու «գույնզգույն»…
ՀԱՊԿ-ի պարագայում հիմնական պատճառը կառույցից «նեղացած» լինելն է: Իրանի պարագայում՝ վախը ՌԴ-ից, Թուրքիայից ու Ադրբեջանից: ՀՀ իշխանությունները բազմիցս են անկաշկանդ ասել այդ մասին: Եթե չմերժեին առաջարկները, տեղի կունենային պլանային զորավարժություններ, որոնցից յուրաքանչյուրը միտված կլիներ իր առաքելությանը եւ նպատակին: