«Հրապարակ». Հետո էլ Ստեփանակերտից են մարդկանց գողանալու, 90-ականներին այդպես էին անում

«Հրապարակ». Հետո էլ Ստեփանակերտից են մարդկանց գողանալու, 90-ականներին այդպես էին անում

Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատար հասել է Աղդամ՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: APA լրատվական գործակալությունը հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակել, որում երեւում են թարմ ասֆալտապատ մայրուղու վրա կայանված երկու բեռնատարն ու բազմաթիվ այլ ուղեւորատար մեքենաներ, ինչպես նաեւ՝ մի խումբ մարդիկ: Բեռնափոխադրման փորձ կազմակերպած ադրբեջանական Կարմիր մահիկի նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ՝ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիշերն իր ելույթում պնդել էր՝ մթերք ստանալու ենք միայն Լաչինի միջանցքով: Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ, մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, մասնավորապես, որ «արցախյան կողմի հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել»: Երեկ էլ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է զոհվածի քույրը պնդում, որ ոչ մի պարագայում Ադրբեջանից ալյուր Արցախ չի մտնելու:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին, նշում է, որ Աղդամով սնունդ մատակարարել Արցախին՝ նշանակում է ինտեգրացիա Ադրբեջանի կազմում: Սարգսյանը հավատում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքին տեր կլինի եւ որեւէ պարագայում թույլ չի տա, որ Ադրբեջանից ուղարկված բեռը մտնի Արցախ։ «Աղդամով ալյուր բերել՝ նշանակում է Արցախի հանձնում: Եթե մեկ անգամ այդ ճանապարհով Արցախ սնունդ մտավ, արդեն կբացեն Լաչինի միջանցքը եւ կարճ ժամանակ անց նորից կփակեն ու աշխարհին կասեն` էս ա, իրենք մարդասեր են, ամեն ինչ արեցին, հումանիտար աղետ չկա: Դրանից հետո արդեն ինչ ուզեն, կանեն, Ստեփանակերտ կմտնեն, ինչպես առաջ էին փորձում անել: Հակարիի կամրջից ո՞նց են մարդկանց գողանում տանում, այդպես էլ գալու են՝ արդեն Ստեփանակերտից մարդկանց տանեն: Դրանք լրիվ նախապես մտածված ծրագրեր են, որոնք փորձում են կյանքի կոչել, բայց մենք պետք է դեմ լինենք այդ ամենին: Եթե այսքան ժամանակ դիմացել ենք, էլի պիտի դիմանանք: Ուղղակի աշխարհը պետք է ականջները բացի, ակնոցները հանի ու տեսնի, թե ինչ է կատարվում արցախահայության հետ»,- նշում է Սարգսյանը: Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը եւս դեմ է Աղդամով սնունդ մատակարարելուն։ «Նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ ոչ մի պարագայում չեն թողնելու Աղդամով սնունդ մտնի Արցախ: Ադրբեջանցիները փաստացի լկտիացած՝ ինչ ուզում, անում են: Հիմա էլ ուզում են մուտք գործել Ստեփանակերտ: Հետո էլ Ստեփանակերտից են մարդկանց գողանալու, 90-ականներին էլ էին այդպես անում: Սովոր են դրանք: Մարդկանց գալիս, տներից հանում տանում էին: Նույն բանը հիմա են ուզում անել», - նշեց նա:

Արծվիկ Սարգսյանի կարծիքով` հայրենասեր մարդիկ Արցախում բավականին շատ են, եւ ինչ էլ պատահի, մնալու են, ամեն գնով պաշտպանելու են իրենց հողը։ «Դուրս եկողը դուրս է գալու, մնացողն էլ մնալու է: Հայրենասերներ էլ կան, ոչ հայրենասերներ էլ, բայց հայրենասերները քիչ չեն: Տեսնում եք, այսօր էլ զոհվածի քույրն է ակցիա անում, դա փաստում է այն մասին, որ մեր թասիբը տեղն է: Ադրբեջանը մեզ այդ եղանակով կարող է անգամ թունավորել: Հո չե՞նք դնելու, մեկ-մեկ ստուգենք` ինչն են թունավորել: Ո՞վ գիտի այդ ալյուրի մեջ ինչ են լցրել: Դանդաղ մահ առաջացնող թույներ կան, ի՞նչ գիտենք, նման թույն լցրե՞լ են ալյուրի մեջ, թե՞ ոչ: Թուրքիան որ Թուրքիա է, մի քանի տեսակ լոլիկ է արտադրում, թունավորը՝ հայերի համար»,- եզրափակեց Շուշիի քաղաքապետը: