Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Արդեն որերորդ անգամ գործող իշխանության ներկայացուցիչները կատարում են գործողություններ, որոնցից խուսափում է անգամ շարքային քաղաքացին: Այդ երեւույթը ներկայացվելուն է կոչված «Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը» ձեւակերպումը: Ժամանակին ՀՀ երրորդ նախագահի կողմից նախաձեռնված՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խուսանավելուն կոչված «եւ…եւ»-ի քաղաքականությունն այսօր վերածվել է անհեթեթ եւ վտանգավոր խաղի, որի արդյունքում անընդհատ տուժում է Հայաստանի Հանրապետությունը: Եթե մենք հնարավորինս արագ չկարողանանք պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին, ապա ստիպված կլինենք ավերակներից կրկին վերականգնել մեր պետականությունը: Եթե, իհարկե, մեզ տրվի նման հնարավորություն: Որովհետեւ այն, ինչ արվում է գործող իշխանության կողմից, անշեղորեն տանում է դեպի պետականության կորուստ: Որպես ասվածի վկայություն, պաշտոնական հաղորդագրությունից եւ լրատվական կայքերի տեղեկատվությունից ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում երկու իրարամերժ գործողություն՝ կյանքի կոչված ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից:

Հատվածներ պաշտոնական հաղորդագրությունից

Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձեւավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

ԶԼՄ տեղեկատվություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Նա մասնակցել է համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը՝ շրջադարձային կետում. կառավարությունների քաղաքականությունը եւ բիզնես ռազմավարությունները» թեմային: Համաժողովին բացման խոսքով ելույթ է ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի հակառուսական ելույթն արժանացել է բոլոր մասնակիցների եւ այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոտնկայս ծափահարությանը: Բացառություն է կազմել դահլիճը լքած Չինաստանի պատվիրակությունը։

Տեղեկանք Վիքիպեդիայից

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն առավել հայտնի է Դավոս քաղաքում ամենամյա հանդիպումների կազմակերպմամբ: Հանդիպումներին հրավիրվում են բիզնեսի առաջատար ղեկավարներ, քաղաքական առաջնորդներ, ականավոր մտածողներ եւ լրագրողներ։ Կազմակերպությունը 1971 թ.-ին հիմնադրվել է գերմանացի տնտեսագետ, պրոֆեսոր Կլաուս Մարտին Շվաբի կողմից: Ներկայումս կազմակերպությունն ունի շուրջ 1000 անդամ՝ հիմնականում վերազգային ընկերություններ եւ այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Գլխավոր գրասենյակը գտնվում է ԳԴՀ Քյոլն քաղաքում, գրասենյակներ են առկա նաեւ Նյու Յորքում, Պեկինում, Տոկիոյում եւ Սան Ֆրանցիսկոյում:

ԶԼՄ տեղեկատվություն 

2022 թվականի ֆորումը տեղի է ունենում մայիսի 22-26-ը: Դրան մասնակցում է մոտ 2500 մարդ, այդ թվում՝ ավելի քան 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Ուկրաինայի պատերազմը Դավոսի ընթացիկ հանդիպման կենտրոնական թեմաներից է։ Համաշխարհային տնտեսական ֆորումը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա եւ սառեցրել հարաբերությունները ռուս գործընկերների եւ մասնակիցների հետ։ Ուստի երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունը չի մասնակցում ֆորումին։ Անցած տարիներին ռուս օլիգարխները Դավոսի մշտական հյուրերն են եղել։

Հատկապես դժվար հասկացողների համար, չնայած չեմ կարծում, թե «Հրապարակի» ադեկվատ ընթերցողների շարքերում այդպիսիք առկա են, բացատրեմ, որ եթե երկիրը գտնվում է որեւէ անվտանգային համակարգում, ապա միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող՝ երկրի առաջին (անգամ ֆորմալ առումով) պաշտոնյան չպետք է անի այնպիսի գործողություն, որը հարվածի տակ կդնի երկրի անդամությունը տվյալ անվտանգային համակարգում: Իսկ Զելենսկուն լսելուց հետո հոտնկայս ծափահարելը հենց այդպիսի գործողություն է: Հարցի լուծում կարող էր լինել Հայաստանի չմասնակցելն այս տարվա հանդիպմանը: 2018-ից հետո, որքան հիշում եմ, մեկ-երկու անգամ ՀՀ-ն չի մասնակցել ամենամյա այդ հանդիպումներին, եւ աշխարհը դրանից շուռ չի եկել: