Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 5

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 5

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսունվեցերորդ՝ մայիսի 5:

2018թ․ մայիսի 5

Նիկոլ Փաշինյանի թիմակից ու մերձավոր Արարատ Միրզոյանը Ստեփանակերտից լուսանկար է տարածում եւ գրում. «Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք։ Հանդիպեցինք եւ անկեղծ ու կարեւոր քննարկում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, պետնախարարի (վարչապետի), ԱԽ քարտուղարի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի Պաշտպանության բանակը եւ ՀՀ զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը։ Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից եւ զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»։
Ընդամենը 2 տարի անց Արցախի 75 տոկոսն անցավ Ադրբեջանին, Հայաստանի մի մասը՝ Ադրբեջանին, իսկ Արարատ Միրզոյանն ու թիմը պնդում են, որ բանակն է մեղավոր: 

2019թ․ մայիսի 5

Վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետեւանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը եւ ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։ Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ եւ եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար»:
Իսկ թե ինչու Եվրոպայի խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմում չկանգնեց մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում, երբ 18 տարեկան հայ զինվորը կռվում էր ահաբեկիչների դեմ, եւ ով էր մեղավոր սրա համար՝ Նիկոլ Փաշինյանը լռում է մինչ օրս:

2020թ․ մայիսի 5

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգով զրուցում է Եվրոպական միության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Վերջինս ասում է. «Եվրոպական միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաեւ ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը»: Իսկ թե ինչու նույն ԵՄ-ն այս զրույցից 4 ամիս անց չկանգնեց իր գործընկերոջ կողքին, երբ կորոնավիրուսից ավելի մահաբեր ճգնաժամ էր՝ պատերազմ, եւ 18 տարեկան հայ զինվորը կռվում էր ահաբեկիչների դեմ, եւ ով էր մեղավոր սրա համար՝ իշխանությունը չի ասել մինչ օրս:

2021թ․ մայիսի 5

Հրապարակվել են 2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի Հայաստանի համեմատ 1,4 տոկոսից հասել է 2,3-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23,5-ից դարձել է 29 տոկոս: «Իշխանությունները գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն։ Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ թալանեք ու կեղեքեք՝ ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից»,- նկատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

2022թ․ մայիսի 5

Ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը` Գուրգեն Խանջյանը, «Հրապարակին» տված հարցազրույցում ասում է.

«Միայն իշխանություն պահելու համար պատրաստ են պայմանագրեր ստորագրել եւ մեզ էլ համոզել, թե դրանով կարող է խաղաղություն լինի․․․ ո՞նց կարող է խաղաղություն լինել, բա մեր հազարամյակների պատմությո՞ւնը, քի՞չ են եղել այդպիսի հաշտության պայմանագրեր։ Հիմա՝ պայմանագիրը ստորագրելուց հետո էլ, եթե Ադրբեջանն ուզի ու մտնի Հայաստան, ի՞նչ ենք անելու, ո՞վ է մեզ պաշտպանելու։ Միջազգային հանրությունը մեզ չի պաշտպանելու, մի քանի կոչ, մի քանի հայտարարություն կանեն աջից-ձախից, Ադրբեջանը սրա-նրա բերանը մի քիչ նավթ ու գազ կգցի, կվերջանա Հայաստանի պատմությունը, ընդամենը մի քայլ է...։

Բա դու բանակ չունենաս ու քո սահմանը չկարողանա՞ս պաշտպանել, ասում է՝ պատերազմ կլինի․․․, բա ինչի՞ համար է քո սահմանը, եթե դու անընդհատ պիտի վախենաս ու հետ քաշվես, ուրեմն հանձնի սահմանդ, մինչեւ ո՞ւր ես թողնելու գա։ Դա ի՞նչ պարտվողական մտածողություն է․․․ Վերջապես պիտի խոսե՞ք ժողովրդի հետ, թե՞ ոչ, ասեք՝ ուր ենք գնում, ինչ ենք բանակցում, մեր կողմնորոշումը որն է․․․ թե՞ ով որտեղ թաթալոշ տվեց, այդ կողմ էլ տանելու եք․․․ չենք ասում՝ թուրքը հավերժական թշնամի է, ով՝ ով, բայց ես թուրք ընկերներ էլ եմ ունեցել, Սովետում եմ ապրել, բանակում եմ ծառայել, ադրբեջանցի ընկերներ էլ եմ ունեցել, Բաքվում էլ եմ եղել, բայց նրանք ուրիշ մարդիկ էին, հիմա՝ ուրիշ, գուցե վաղն էլի գա ինչ-որ բարեկամության շրջան, բայց դա միանգամից չի լինում, այլ՝ աստիճանաբար, որի համար նույնիսկ տասնյակ տարիների նախապատրաստություն է պետք... Հիմա իրենք ինչքա՞ն են պատրաստ իշխանություն պահել եւ ինչի՞ համար։ Լավ, 1-2 տարի էլ պահեցին, հետո անկումն ավելի ցավոտ է լինելու։ Վերջապես ընդունեք՝ դուք երկիր ղեկավարող չեք, չի ստացվում, չի ստացվի, խաղաղ հեռացեք»։

Շարունակելի

Արեգ Մարգարյան