Ավտոբուսի արյունարբու վարորդը

Ավտոբուսի արյունարբու վարորդը

«Հրապարակին» դիմած քաղաքացին պատմում է, որ երեկ, ժամը 11.00-11.30-ի ընթացքում Նոր Խարբերդից երթուղի դուրս եկած 33 համարի ավտոբուսի վարորդը, որը, նրա նեկայացմամբ, երիտասարդ տղամարդ է եղել, երթեւեկության ընթացքում զբաղված է եղել քաղաքական «մեղմ ասած»՝ քարոզով: Նա ուղեւորների հետ կիսվել է իր քաղաքական «հայացքներով», որոնք ագրեսիվ են եղել եւ արյունահոտ. ասել է, որ ինքն ամեն առավոտ արթնանալիս անիծում է «պիցայակերներին» ու երազում, որ նրանց «աչքերը դուրս գան տեղից, կախվեն երեսի վրա, արյունը հոսի դեմքի վրայով», ու նմանատիպ սահմռկեցուցիչ տեսարան է նկարագրել, որի մեծ մասը հրապարակման ենթակա չէ: Հասկանալի է, թե ում են համարում պիցայակեր՝ ընդդիմադիրներին:

«Զարմանալին այն է, որ այդ վարորդի ասածներից ոմանք զվարճանում էին, իսկ լսարանը հիմնականում կանայք էին, որոնք չէին հասկանում, որ այդ վիճակում կարող են հայտնվել իրենց ընտանիքի անդամները, մտերիմները: Նախ, վարորդը, ում վստահված է մի քանի տասնյակ մարդկանց կյանքը, պարտավոր է զբաղվել իր բուն գործով եւ չշեղվել դրանից: Նրա պարտականությունների մեջ չեն մտնում երթուղու ընթացքում քաղաքական քարոզչություն անելը, սադրանքներ, ատելության խոսք ու թշնամանք հրահրելը: Իսկ վարորդն այնպիսի ոգեւորությամբ էր նկարագրում «պիցայակերների» թափված արյունն ու խոշտանգված մարմինները, կարծես թուրքի, մեր ոխերիմ թշնամու մասին էր խոսում: Նրա խոսքերի վրա ուրախացողներն էլ հիշեցնում էին 2018-ը, երբ դատարկ դագաղների շուրջ կանայք էին պարում: Եվ այդ դատարկ դագաղները 2020-ին լցվեցին մեր ազգի սիրասուն զավակներով…»։ 

«Անգամ պատերազմն ու կորուստները, փաստորեն, այս մարդկանց դաս չեն լինում, նրանք խելքի չեն գալիս, շարունակում են տենչալ հայի արյունն ու մահը, իսկ սա շատ վտանգավոր ազդակ է, վտանգավոր նախազգուշացում»,- ասաց մեզ դիմած քաղաքացին եւ նշեց, որ վարորդի դեմքը լավ մտապահել է` եթե ատելության խոսքի, ռասայական ու գաղափարական խտրականության դեմ պայքարող դատախազությունը ցանկանա գործ հարուցել, ինչպես արագությամբ արեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, ինքը պատրաստ է օժանդակել իրավապահներին եւ ճանաչել սույն հանցագործ վարորդին: