Երբ գալիս է հոկտեմբերի 1-ը եւ քովիդի որոշումը մտնում է ուժի մեջ

Երբ գալիս է հոկտեմբերի 1-ը եւ քովիդի որոշումը մտնում է ուժի մեջ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները, որոնք չեն ուզում անվճար պատվաստվել, յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Գործատուն, որն իր աշխատակցից կամ պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության փաստաթղթերը չի պահանջի և կամ չի ունենա, կտուգանվի։
Ինչպե՞ս են իրականացվելու ստուգումները, ինչ կարգով ու սկզբունքով։  ԱՆ մամուլի լրատվության բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը հայտնեց, որ այդ գործառույթը դրված է լինելու ԱԱՏՄ -ի՝ աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի ու ոստիկանության վրա։

ԱԱՏՄ մամուլի խոսնակ Գայանե Խաչատրյանին նախ հարցրեցինք, թե ինչ պարբերականությամբ են արվելու ԱԱՏՄ տեսուչների ստուգայցերը։ «Սահմանափակում չկա և սահմանված չէ, թե  ինչ պարբերականությամբ։ Ինչպես նպատակահարմար գտնենք»,-ասաց  խոսնակը։ Գործատուից պահանջելու են գրանցամատյան, որը պետք է վարեն հոկտեմբերի 1-ից՝ նշելով, որ աշխատողը կամ պատվաստված է կամ ներկայացրել է ՊՇՌ տեղեկանք։ Ստուգումները լինելու են ոչ թե ընտրանքային կարգով, այլ ռիսկայնության գործոնով պայմանավորված։ «Հստակ հերթականություն սահմանված չէ, ըստ ռիսկայնության, այսինքն՝ առաջնային են լինելու այն տնտեսավարողները, որոնց մոտ գրանցված կլինի քովիդով հիվանդ»,-մանրամասնեց  ԱԱՏՄ խոսնակը։

Հարցի մեկ այլ կողմի մասին, ինչպես նշել էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քանի որ օրենքը հավասար չէ բոլորի համար, և օրինակ՝ նախարարները, պատգամավորները ազատված են կամավոր-պարտադիր պատվաստումերի անհրաժեշտությունից, ապա իրենց հիմնարկը անցնում է հեռավար աշխատանքի, ապա շատ հիմնարկներ, գրասենյակներ, որոնք ունեն դրա հնարավորությունը, կանցնեն հեռավարության։
Գայանե Խաչատրյանն ասաց, որ նախարարի ստորագրած հրամանը հեռավարության վրա այս պահին չի տարածվում։ «Թե հետագայում ինչ կորոշվի, դա չեմ կարող ասել։ Եթե աշխատողը չի գնում աշխատավայր, չի շփվում մարդկանց հետ, բնականաբար, այդ պահանջը իր վրա չի տարածվի»,-ասաց նա։

Նշենք, որ տեսչական մարմինն այս պահին ունի 245 աշխատակից։ Բոլորը միասին։ Բնականաբար, տեսչական մարմինն ամբողջ աշխատակազմով չի գնալու հիմնարկներ՝ ստուգայցերի, ինչը նշանակում է, որ բավարարար ռեսուրսներ չկան։
ԱԱՏՄ խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչպես են համագործակցելու ոստիկանության հետ։ Ոստիկանության լրատվականից ուղղեցին՝ չեն համագործակցելու, օժանդակելու են։ Բայց թե ինչպե՞ս են օժանդակելու, ոստիկանությունում այնքան էլ տեղյակ չէին, որովհետև ասացին, որ միայն հոկտեմբերի կեսերից՝ մեկ ամսից է ուժի մեջ մտնելու։

ԱԱՏՄ պետի նախկին տեղակալ  Էմին Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակի վերահսկողություն չի կարող լինել անգամ 500 կամ 1000 աշխատակցի առկայության պարագայում։ Ի վերջո, ԱԱՏՄ-ն ստուգումներ չի անում միմիայն «կորոնայով»` կա ստուգումների տարեկան ծրագիր։

Հարցրեցինք՝ հնարավո՞ր է, որ այդ ստուգայցները դառնան չհամաձայնողների, ընդդիմադիրների, այլախոհների գլխին հերթական մահակ։ Ասենք` եթե հիմնարկի ղեկավարը Քոչարյանի նախընտրական շտաբի անդամ է եղել կամ համակիր` ստուգեն, կամ` դե՞մ են Ադրբեջանի  տարածքային ամբողջականության ճանաչմանը, հակաիշխանական կարծի՞ք են հայտնում` ստուգում։ 

Էմին Ավետիսյանն ի պատասխան ասաց, որ մահակը՝ չէ, բայց որ կնկարեն, կկեղծեն` հաստատ։ «Ինչու, որովհետև ես հիմնավորն կասկածներ ունեմ ԱԱՏՄ ներկայացրած տվյալների վերաբերյալ։ Օրինակ՝ ստուգում են իրականացնում 5-10 հիմնարկում և գրում, որ խախտումներ հայտնաբերվել են 2-3-ում»,-ասաց Ավետիսյանը՝ առաջարկելով միասին քայլել և մտնել ճանապարհին պատահած խանութները։ Վստահեցրեց, որ 10 խանութից 8-ում հաճախորդների ու վաճառողների մեծամասնությունը դիմակ հաստատ չեն կրում։