Մարդիկ անձնական կյանքի իրավունք ունեն

Մարդիկ անձնական կյանքի իրավունք ունեն

Նիկոլական ուսապարկերն անգիր արած հայտարարում են, որ մարդիկ անձնական կյանքի իրավունք ունեն: Այո, սովորական մարդիկ իսկապես ունեն անձնական կյանքի իրավունք: Սակայն նման իրավունք չունեն հանրային պաշտոնյաները, ովքեր աշխատավարձ են ստանում սովորական մարդկանց վճարած հարկերից ձևավորվող պետբուջեից: Եվ հատկապես նման իրավունքից զրկված են նրանք (տվյալ դեպքում՝ բարոյապես), ովքեր ոչ թե նշանակվում են այդպիսի պաշտոնների, այլ ընտրվում են: Որովհետև հաջորդ անգամ այլևս չեն ընտրվի: Այդպիսին է կարգը ժողովրդավարական հասարակություններում: Իսկ Հայաստանը, եթե հիշողությունս չի դավաճանում, 2018-ի մայիսից անցում է կատարել իբրև թե իրական ժողովրդավարությանը: Նույնիսկ ավելին՝ ժողովրդի առաջնորդ Նիկոլի կողմից հռչակվել է «ժողովրդավարության բաստիոն»: Ինչը նշանակում է, որ արևմտյան  ժողովրդավարության կանոնները պետք է անխափան գործեն Հայաստանում: 

Իսկ ինչպիսի՞ն իրականությունը, համապատասխանո՞ւմ է այն, արդյոք, քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերին: Իհարկե՝ կպատասխանի իշխանությունը: Հիմնականում այո՝ կձայնակցի հասարակության հկական (հկ՝ հասարակական կազմակերպություն) հատվածը: Պատասխանի փոխարեն գլուխը կտմբտմբացնի հասարակության զոմբիացված հատվածը, որ հունիսի 20-ին հավատաց նիկոլական ապագային: Հարցն անպատասխան կթողնի հասարակության կեսը, որին չի հետաքրքրում ոչինչ՝ բացի սեփական ընտանիքի բարեկեցությունից ու հանգստությունից: «Ձե՞ռ եք առնում»՝ կպատասխանի հանրության գրագետ ու գիտակից հատվածը: 

Եվ այդ թվում տողերիս հեղինակը, ու այդ պահին կհիշի մեր հանրության կողմից վաղուց մոռացված՝ Վ. Ի. Լենինի ««Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատության անվանումը: Այո, հենց անվանումը, քանի որ բովանդակությունն ինքն էլ է մոռացել, թեև տրամաբանորեն կարող է ենթադրել, որ, օրինակ, գրքում կարող էր խոսք գնալ կանանց հանրայնացման գաղափարի մասին: Եթե ընթերցողներս տեղյակ չեն, ապա ասեմ, որ բոլշևիկյան ռազմական իշխանափոխությունից հետո Ռուսաստանի մայրաքաղաքներում ձևավորվեցին կոմունաներ, որտեղ ընդունված էր ազատ սիրո և, որպես կապիտալիզմի մնացուկ, մերժված էր ընտանիքի գաղափարը: Ընդ որում, ազատ սիրո գաղափարը կյանքի էր կոչվել հենց ֆեմինիստ կանանցից մեկի՝ Ալեքսանդրա Կոլոնտայի (բոլշևիկյան ղեկավարության անդամ՝ սկզբում ժողովրդական կոմիսար (այսինքն՝ կառավարության անդամ), իսկ այնուհետև դեսպան Շվեդիայում, Նորվեգիայում և Մեքսիկայում) ջանքերով:   

Կարծում եմ, որ մեզանում 2018-ի մայիսից այս կողմ ձևավորվել ու չի ցանկանում վերանալ հայաստանյան «ժողովրդավարության» մանկական հիվանդություններից մեկը՝ «մեզ ամեն ինչ կարելի է» իշխանական մտածելակերպը: Նիկոլին ամեն ինչ կարելի է, նրա կնոջը ևս շատ բան է կարելի (հիշենք պատերազմի օրերին ՊԲ բունկերում անօրինական գտնվելը): Եվ եթե իշխող ընտանիքին (այո, հայաստանյան «ժողովրդավարության» հատկանիշներից մեկը իշխող ընտանիքի առկայությունն է) թույլատրվում է շատ բան, ապա ինչու այդպես չպետք է լինի այլոց առումով: Եվ ուրեմն, նիկոլական ուսապարկերն ու նախարարները (նաև փոխնախարարները և ղեկավար այլ պաշտոնյաները) կարող են թույլ տան իրենց այն, ինչն ընդունված չէ արևմտյան  ժողովրդավարություններում: Նրանք, օրինակ, կարող են առևտրային ընկերության հաշվին «տժժալ» թանկարժեք հունական հանգստավայրում: Իսկ երբ հարցնեն, թե ինչ իրավունքով՝ կպատասխանեն, որ դա իրենց անձնական կյանքն է: Չէ՞ որ իրենք անձնական կյանքի իրավունք ունեն, ինչը պաշտպանված է օրենքի... Օ՜, ոչ, ոչ թե օրենքի, այլ հայաստանյան իրավապահ համակարգի կողմից: Իհարկե, նրանք այնքան անգետ չեն, որ չհասկական, որ այլոց հաշվին նման «տժժոցը» կոռուպցիոն դեպք է, բայց թքած ունեն դրա վրա: Թքած ունեն, քանի որ իրենք Նիկոլի վստահելի շրջապատից են՝ նրան միշտ աջակցող և նրա կամքը կատարող:

Նրանք, օրինակ, կարող էին առանց կանոնների պահպանման «տժժալ» կորոնավիրուսային սահմանափակումների ամենախիստ պահերին, և դրա համար չպատժվել: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերից մեկին սեփական որդու հարսանիքին «տժժալը» ժամանակին չներվեց: Նրանք կարող են ծխախոտի հսկայական քանակ մաքսանենգ ճանապարհով մի քանի անգամ ուղարկել Ռուսաստան ու պատիժ չկրել: Իսկ թույլատրվածից մի քանի կիլոգրամ ավելի արտերկրից սնդամթերք ներկրելն, օրինակ, պատժելի արարք է: Պատժելի է, քանի որ այն գործողն իր քայլերով չի վաստակել Նիկոլի վստահությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն, օրինակ, պետք է հրաժեշտ տար իր կայացրած կառույցին, քանի որ լրացել էր նրա 65 տարին: Սակայն Գագիկ Ջհանգիրյանը, որը 66 տարեկան էր, կարող էր «ընտրվել» (իրականում՝ նշանակվել) ԲԴԽ նախագահ՝ քանի որ այդպիսին էր հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադրի կամքը: