Թատրոն էին բերվել շպիոններ, որոնք իմ ամեն խոսքը հասցնում էին համայնքի ղեկավարին

Թատրոն էին բերվել շպիոններ, որոնք իմ ամեն խոսքը հասցնում էին համայնքի ղեկավարին

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Ալավերդու քաղաքային թատրոնում կոլեկտիվի և տնօրինության միջև հակասություններ են հասունացել, ինչի արդյունքում թատրոնից չորս դերասան և գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը հեռացել են: Մեզ դիմել էր թատրոնի դերասանուհի Սիլվա Նազարյանը, ով պատմել էր, որ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումով իրեն թատրոն են կանչել շաբաթ և կիրակի օրերին, ապա ասել էին, որ պետք է դերասաններն աշխատանքի ներկայանան առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 6-ը: Նազարյանը մեզ հետ զրույցում նաև նշել էր, որ այդ կանխակալ վերաբերմունքը պայմանավորված էր Հրաչյա Պապինյանի անձով: Ալավերդու համայնքային իշխանություններն ամեն կերպ փորձում են ազատվել  թատրոնի հնաբնակներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Հրաչյա Պապինյանի հետ:

Սիլվա Նազարյանը մեզ հետ զրույցում նաև պնդել է, որ Ալավերդու փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանն ալկոհոլի ազդեցության տակ ծխել և փչել է իր դեմքին, ապա նշել, որ չի ցանկանում իրեն տեսնել թատրոնում: Պապոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքել էր Նազարյանի այդ հայտարարությունը, ասելով, որ նման բան տեղի չի ունեցել: Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել Ալավերդու քաղաքային թատրոնում, ինչի՞ արդյունքում է թատրոնը հայտնվել նման իրավիճակում, այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, լրագրող Հրաչյա Պապինյանի հետ:

- Պարոն Պապինյան, ի՞նչ է տեղի ունեցել Ալավերդու թատրոնում: Ինչի՞ արդյունքում են այդ խժդժությունները հասունացել: Պատճառը ո՞րն է:

- Ուզում եմ ամենասկզբից նշել, որ ես քաղաքական գործիչ չեմ և չեմ կարող քաղաքական հակասություններ ունենալ ինչ-որ մեկի հետ: Ոչ մյուս կողմն է քաղաքական ուժ, ոչ էլ ես: Պարզապես խնդիրն այն է, որ ես տեղական լրատվամիջոցի ղեկավար եմ` «Անկյուն + 3» հեռուստաընկերության մասին է խոսքը, և կարծում եմ` խնդիրները հենց այդտեղից են գալիս: Հավանաբար մեր հրապարակումներն ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս: Այնպես չէ, որ ինձ հրամանով ազատել են աշխատանքից, պարզապես թատրոնում ստեղծվել էր մի իրավիճակ, որ արդեն այնտեղ մնալն անհնար էր: Թատրոն էին բերվել շպիոններ, որոնք իմ ամեն մի խոսքը հասցնում էին համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարն էլ իր մոտ գրառումներ էր անում, հետո տարբեր մարդկանց ցույց տալիս, թե տեսեք` Հրաչյա Պապինյանն այս տեսակ բաներ է ասում: Մի խոսքով` Ալավերդու թատրոնում մթնոլորտն ահավոր էր, դրա համար էլ հեռացա: Ալավերդու համայնքի ղեկավարը համայնքի խնդիրները թողած զբաղված է ինֆորմացիաներ հավաքելով: Նման մթնոլորտում ես չէի կարող աշխատել այնտեղ: Կային մարդիկ, որոնք ինձ հետ երկար ճանապարհ էին անցել, սակայն խոսքերիցս մեկը տասը դարձնելով հասցնում էին համայնքի ղեկավարին:

- Իսկ մյուս դերասանների հետ ի՞նչ խնդիր է առաջացել: Ինչո՞ւ են դերասաններին պարտադրում շաբաթ-կիրակի օրերին գնալ աշխատանքի, առավոտյան 9:00-ից 18։00-ը նստել թատրոնում:

- Իմ ժամանակ էլ նախորդ համայնքի ղեկավարը փորձեց նման մի բան անել, ես ասացի, որ այդ պայմաններում առաջին հերթին ես չեմ աշխատի: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կատարում է Աշխատանքային օրենսգիրքը: Պետք է թատրոնի դերասանի աշխատանքը ճիշտ բաշխել: Թատրոնի դերասանն ունենում է նաև տնային աշխատանքներ, այսպես ասած, և բոլորովին պարտադիր չէ, որ ամեն օր դերասանը հաճախի թատրոն:

- Վերջերս Նիկոլ Փաշինյանը եկել էր Լոռու մարզ: Վարչապետին ջերմ ընդունելության արժանացրին լոռեցիները: Իշխանություններին իսկապապե՞ս համակրում են Լոռու մարզում: Մարդկանց կյանքում այդտեղ ի՞նչ է փոխվել:

- Ցավոք, իմ քաղաքական դիրքորոշման պատճառով ես Հանրային հեռուստաընկերությունից վտարվել եմ: Լոռեցիները լավ չեն ապրում: Այնպես չէ, որ առաջ վատ էին ապրում, այսօր լավ են ապրում, կամ հակառակը: Ձեր կարծիքով՝ թույլ կտայի՞ն Լոռու ընդդիմադիր մասսային մոտենալ վարչապետին, կողմնակիցներին էին բերել, նրանք էլ լավ պետք է ընդունեին.... բոլոր տեղերում էլ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներ ունի: Մի խոսքով` հավաքել էին Փաշինյանի կողմնակիցներին: Ցավալին այն է, որ մարդկանց մի տեսակ կա, որոնց համար կապ չունի՝ իշխանությունն ով է: Եթե իշխանություն լիներ Քոչարյանը` նույն բանը նրա համար էին անելու: