Փոխքաղաքապետը ծխեց, փչեց դեմքիս, ասաց, որ չի ցանկանում իմ պայմանագիրը երկարացնել
Ալավերդու քաղաքային թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո թատրոնում դերասական կազմի և թատրոնի նորընտիր տնօրենի միջև հակասություններ են հասունացել, ինչի արդյունքում թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու չորս դերասաններ թատրոնից հեռացել են:
Թատրոնի դերասանուհի Սիլվա Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Ալավերդու փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանը անբարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ: Իսկ այդ վերաբերմունքի պատճառն իրեն անհասկանալի է.
«Ալավերդու համայնքապետի ընտրություններից հետո թատրոնում իրավիճակը փոխվեց: Հայտարարեցին, որ անկախ նրանից, դերասանն ունի դեր, փորձ, պետք է առավոտյան 9-ից 18:00-ն հաճախի թատրոն և նստի այնտեղ: Անգամ նշեցին, որ շաբաթ-կիրակի օրերին այլ գործեր չպլանավորենք: Ո՞վ է նման բան տեսել: Հայաստանի ո՞ր թատրոնում են դերասանին պարտադրում առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 18:00-ն գնալ աշխատանքի ու անիմաստ ժամանակ անցկացնել: Ես և մեր դերասանուհիներից մեկը գնացինք ղեկավարության հետ հանդիպման և նշեցինք, որ աշխարհում ոչ մի թատրոնում դերասանին նման գրաֆիկի մեջ չեն դնում: Դերասանը եթե չունի փորձ, թատրոն չի հաճախում: Կամ` ի՞նչ է նշանակում ասել` ոչ աշխատանքային օրերին պլաններ մի կազմեք: Վարդան Աճեմյանն ասում է, որ դերասանի ձայնը բացվում է առավոտյան 11-ից հետո: Նախքան դա դերասանը ձայն չունի: Ես դա փորձեցի բացատրել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանին, սակայն նա խմած էր: Ես ոչ մի անգամ նրան լուրջ վիճակում չտեսա, որ նորմալ խոսեմ: Սիգարետը հանեց, ծխեց փչեց դեմքիս, ապա նշեց, որ չի ցանկանում պայմանագիր կնքել ինձ հետ: Նշում են, որ սաբոտաժ ենք անում, դա է պատճառը, սակայն ի՞նչ սաբոտաժ: Խմած էր, ասացինք, որ չենք ցանկանում խմած մարդու հետ որևէ առնչություն ունենալ: Եթե մարդը սթափ չէ, ի՞նչ խոսես հետը: Դիմել եմ անգամ համայնքապետին, որոշումը վերանայելու համար, սակայն ապարդյուն, ոչ մի փոփոխություն: Թատրոնի նոր տնօրենն էլ Տավուշի մարզից է, թատրոնը նրա համար հոբբի է, երկրորդ աշխատանք: Բավրայի անցակետում «տամոժնիկ» է աշխատել: «Տամոժնիկից» եկել է թատրոնի տնօրեն: Ճիշտ է` Թատերականն է ավարտել, սակայն թատրոնը նրա համար հոբբի է», - նշում է դերասանուհին:
Մեր այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով են որոշել պայմանագիր չկնքել իր հետ, ըստ էության, հեռացնելով թատրոնից, Նազարյանն ասաց. «Մեր նախկին գեղարվեստական ղեկավարի` Պապինյան Հրաչի հետ ունեին քաղաքական տարաձայնություններ: Ասացին, որ Պապինյան Հրաչը պետք է թատրոնից հեռանա, մի քանի հնաբնակներ ևս` ես ներառյալ», - նշեց դերասանուհին:
Դերասանուհու պնդմամբ՝ այս պահին թատրոնում չկա խաղացանկ, որովհետև թատրոնի նոր տնօրեն Ալլա Ավետիսյանը պնդել է, որ նախկին գեղարվեստական ղեկավարի որևէ աշխատանք չպետք է ցուցադրվի. «Չեխովից գործեր կային, այլ գործեր ևս, սակայն թատրոնի նոր ղեկավարը պնդեց, որ դրանց փոխարեն պետք է բեմադրվի Ռեյ Կունիի «Ծիծաղելի փողեր» ներկայացումը, ի դեպ առանց հեղինակային իրավունքը պաշտպանելու»: Նկատենք, որ Ռեյ Կունին աշխարհում հայտնի է իր սեքսուալ բնույթի ստեղծագործություններով:
«Հրապարակը» զրուցեց նաև Ալավերդու փոխքաղաքապետ Տիգրան Պապոյանի հետ` հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են իրեն մեղադրում անադեկվատ վարքագիծ ցուցաբերելու մեջ: Պապոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ծխել եմ, փչել դեմքի՞ն, ե՞ս: Նման բան չի եղել: Իրենց հետ պայմանագրի ժամկետը լրացել է և պարզապես չի երկարացվել, քանի որ նրանք որոշ աշխատանքային կանոններ են խախտել: Ինչ վերաբերում է դերասանների թատրոն հաճախելուն, ապա աշխատանքը սկսվում է առավոտյան 9-ից, ավարտվում երեկոյան ժամը 6-ին: Այդ թատրոնի դերասաններն առանձին դերասաններ չեն, ՀՈԱԿ-ի մեջ ընդգրկված միավոր են: Անհրաժեշտություն է եղել, որ շաբաթ-կիրակի գան փորձերի, բոյկոտել են, նշելով, որ իրենց ազատ օրերն են» - նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` դերասանների հետ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, սակայն իրեն արհամարհել են և հանդիպմանը չեն ներկայացել:
Կարծիքներ