Քաղաքական տգիտության շքահանդես 

Քաղաքական տգիտության շքահանդես 

ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի ղեկավար Գյունտեր Ֆելինգերը X սոցցանցում Նիկոլին առաջարկում է միանալ դաշինքին, իսկ ԱՄՆ նախագահին էլ՝ պաշտպանել Հայաստանը: Փաստորեն, ՆԱՏՕ-ն ՀՀ-ն պաշտպանելու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ու նրա եղբայրակից Ադրբեջանից: Սա Նիկոլի վերջին հարցազրույցի անմիջական հետևանքն է: Հարցազրույցն իտալական La Repubblica թերթի լրագրողի հետ էր: Այն հատկանշվում է, նախ, հարցազրույց տվող անձի հակասական դատողություններով և, ապա, հակառուսականության չափազանց մեծ դոզայով: Գյունտեր Ֆելինգերին, բնականաբար, չի հետաքրքրել առաջին երևույթը, սակայն նա կառչել է երկրորդից: Առանց գիտակցելու, թե ինչպես է դաշինքի մեջ ներառվում ռուսական անվտանգային համակարգի՝ ՀԱՊԿ-ի մեջ ընդգրկված պետությունը: 

Նախքան հարցազրույցը Նիկոլն արդեն կատարել էր երկու քայլ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի փչացնելու ուղղությամբ: Նախ, կառավարությունն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել Հռոմի ստատուտը: Ինչը նշանակում է, որ այսուհետ ՌԴ նախագահը չի կարող կատարել որևէ այց ՀՀ: Կամ էլ Նիկոլը պետք է խնդիր ունենա Արևմուտքի հետ: Երկրորդ, սեպտեմբերի 1-ին Բելառուսում սկսված ՀԱՊԿ-ի «Ռազմական եղբայրություն - 2023» ռազմական վարժանքին բացակայում է ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը: Այն միշտ ներկա է եղել ՀԱՊԿ զորավարժանքներին: Հակառուսական այս դիրքորոշումն ուղղակիորեն ներկայացվել է նաև լրագրողին. «Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ»: Բնական է, որ չէր խոսելու պատճառներից, իսկ դրանց մեջ հիմնականն իր անձն է:

Նիկոլի ասելով, ռուս խաղաղապահների կողմից չի ապահովվում նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Չգիտես ինչու, Նիկոլի պատասխանում քաղաքացիական բնակչությունից առանձնացվել է քաղաքացիական հասարակությունը: Երևի մարդկանց այդ կատեգորիան չի ներառվում քաղաքացիական բնակչության մեջ: Իսկ որպեսզի սուտ չհնչի անվտանգության վերաբերյալ դատողությունը՝ «անվտանգություն» հասկացությունից դուրս է հանվում «ազատ տեղաշարժի իրավունքը»: Որովհետև գաղտնիք չէ, որ Արցախի Հանրապետությունից մնացած՝ ռուսական վերահսկողությանը հանձնված տարածքում հիմնականում ապահովված է մարդկանց անվտանգությունը:

Պատասխանելով հաջորդ հարցին՝ Նիկոլը, նախ, հերքում է իր նախորդ դատողությունը՝ միաժամանակ նենգափոխելով իրականությունը: Ի դեպ, նենգափոխումը կատարվում է գիտակցաբար, իսկ հերքումը՝ առանց գիտակցելու: Եվ երկրորդ՝ խուսափում է հարցին ճիշտ պատասխանելուց: Խնդրեմ՝ «ԼՂ վերահսկողությունն Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր» հարցին տրվում է այս պատասխանը. «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները»: Լրագրողի այդ հարցին տրվելիք ուղղակի և ճշմարիտ պատասխանը պետք է լիներ «այո»-ն: Սակայն ստի և կեղծիքի իշխանությանը ղեկավարն ինչպես կարող է ասել ճշմարտությունը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե այնտեղ են նաև ռուս խաղաղապահները, ապա այնտեղ են, բնականաբար, ոչ որպես զբոսաշրջիկներ:

Ի մի բերելով Արցախի վերաբերյալ հարցերն ու պատասխանները՝ կատարենք ընդհանրական եզրահանգում: Եթե Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և այդ նպատակով արգելափակվել է Լաչինի միջանցքը, իսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը վկայում է միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, ապա ինչպե՞ս է գործելու միջազգային մեխանիզմը, որի հովանու ներքո, ըստ Նիկոլի, պետք է բանակցեն Բաքուն և Ստեփանակերտը: 

Դա՝ մեկ և երկրորդ՝ եթե թուրքական կողմն անընդհատ շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել միան ու միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման համատեքստում, ինչպես է ինքը փորձելու չկապել դրանք միմյանց՝ ինչքան էլ ցանկանա: Կամ էլ տեղյակ չենք, որ Հայաստանը Թուրքիայի ավելի հզոր երկիր է, և ՀՀ վարչապետի ցանկությունն էլ՝ իմպերատիվ: Իսկ իրականում, ինչպես գիտենք, իբրև թե առանց նախապայմանների ընթացող հայ-թուրքական բանակցություններն ընթանում են հենց թուրքական կողմի նախապայմաններով: