Փաշինյանն արտահերթ ընտրություններով փորձելու է մարսել Արցախի կորուստը

Փաշինյանն արտահերթ ընտրություններով փորձելու է մարսել Արցախի կորուստը

Անցնող 2023 թվականի ամփոփումը և գալիք 2024 թվականի սպասելիքների մասին «Հրապարակը» զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Ինչպիսի՞ն էր 2023 թվականի ամփոփումն ու ի՞նչ սպասել 2024 թվականին։

- 2023 թիվը հայոց պատմության մեջ կարող է համեմատվել կամ նույնիսկ նույնական լինել միայն 1915 թվականի հետ, որովհետև մենք կորցրել ենք հայոց աշխարհի կարևոր կտորներից մեկը՝ ընդ որում դա տեղի է ունեցել ցեղասպանության, էթնիկ զտումների բոլոր բաղադրիչներով։ Դրա համար եմ ասում՝ դա համեմատելի է 1915 թվականի հետ։ Ցավոք սրտի, այն վտանգավոր ընթացքը, որը մի քանի գործոնների հետևանք է, չի ընդհատվել Արցախի կորստով և շարունակվելու է նաև հաջորդ տարի, նամանավանդ որ հաջորդ տարի հասկանալի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ավելի թուլանալու է։ Ռուսաստանի Դաշնությունում են ընտրություններ, Եվրախորհրդարանի ընտրություններ են, Միացյալ Նահանգներում են ընտրություններ, այսինքն տարի է, որ կարևոր դերակատարները, ովքեր մեր տարածաշրջանի մեր խնդիրների հետ առնչվում են, ըստ էության լինելու են զբաղված իրենց ներքին խնդիրներով։

- Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կփորձի՞ կարևորագույն հարցեր լուծել՝ հաշվի առնելով ընտրությունների հանգամանքը։

- Մի անգամ մենք արդեն տեսել ենք 2020 թվականին, երբ որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրւթյուններ էր, նաև առիթից օգտվեց Ադրբեջանը՝ 44-օրյա պատերազմ սանձազերծելով։  Այսինքն, դարձյալ բախում առաջացավ, միայն այդ ընտրությունների պատճառով չէ, բայց նաև այդ ընտրությունների, ինչից օգտվեց Ադրբեջանը։ Այո, Ալիևը ոչ մի մտարդություն չունի փաստաթուղթ ստորագրելու, ավելին, եթե անգամ ունի էլ, այնպիսի պայմաններ են առաջ քաշում, օրինակ  առաջարկում են առանց դելիմիտացիայի , այսինքն առանց քարտեզ հստակեցնելու՝ խաղաղության պայմանագիր կնքել։ Սա նշանակելու է, որ օրինականացվելու է Լեռնային Ղարաբաղի կլանումը ադրբեջանցիների կողմից, օրինականացվելու է Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան և դաշտ է բացվելու Հայաստանի այլ տարածքների սակարկության համար։ Դա անվերապահ կապիտուլյացիայի պես մի բան է։ Ալիևի հաշվարկն այսպիսինն է՝ կամ ամբողջովին ստորացնել Հայաստանին և ստիպել նրան գնալ անվերապահ կապիտուլյացիայի, կամ որևէ փաստաթուղթ չստորագրել, որովհետև նա հաշվել է, որովհետև նա հաշվել է, որ  մինչև իր ընտրությունները ավարտվեն, նշածս երեք տեղերում ընտրական ցիկլերը սկսվելու են, աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է լինելու իրենց ներքաղաքական օրակարգերի վրա, պլյուս դրան կա Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններն ու պատերազմները և այլևս ուշադրության տեղ չի մնա կամ շատ քիչ տեղ կմնա մեր համար, ինչից կարող է ինքը օգտվել։ 

- Եկող տարի Ալիևը ի՞նչ խնդիրներ կարող է լուծել։

- Արձանագրենք հաջորդ տարվա համար, Ալիևը հիմնական երկու խնդիր ունի, կամ Հայաստանին ստորացնելով պարտադրել անվերապահ կապիտուլյացիա կամ որևէ փաստաթուղթ էլ չստորագրել և անկաշկանդ գնալ ագրեսիվ նոր գործողությունների։

- Ստեփանակերտում ֆուտբոլային հանդիպում էին անցկացնում, խոսում են այն մասին, որ այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին վերաբնակեցնեն Արցախում։ Արցախը վերջնական կորսվա՞ծ է մեզ համար։

- Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի էջը որպես քաղաքական հակամարտություն փակված եմ համարում։ Եթե անգամ աշխարհաքաղաքական կենտրոնները Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հիմա հիշում են, հիշում են հումանիտար ասպեկտով, մարդկանց վերադառնալու կամ չվերադառնալու խնդիր, այդ մարդկանց Հայաստանի հասարակությանը ինտեգրվելու խնդիր, և այլն, և այլն։ Քաղաքական հակամարտության իմաստով աշխարհի կենտրոններն էլ են դա փակված համարում, որովհետև ես մի կարծիք եմ հայտնել, որը միգուցե վիճահարույց է, բայց ես պնդում եմ իմ այդ կարծիքը, ես տեսնում եմ, որ Արցախը կործանվեց Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականության, Բաքվի ագրեսիվ կեցվածքի և միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում։

- Անդրադառնանք ներքաղաքական վիճակին։ Խոսակցություններ են պտտվում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Փաշինյանին ինչո՞ւ են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները։

- Դա ներքաղաքական հարց է, որը առնվազն արտաքին քաղաքական հետագիծ ունի։ Տեսեք, նրան իսկապես ընտրություններ պետք են մի քանի խնդիր լուծելու համար։ Ինչպես նոյեմբերի 9-ը նա մարսեց արտահերթ ընտրություններով, հիմա պիտի փորձի արտահերթ ընտրություններով մարսել Արցախի կորուստը, որպեսզի կարողանա գնալ նոր պայմանագրի ստորագրման՝ սա մեկ։ Երկրորդը, եթե ճիշտ են այն ենթադրությունները, որ նա արտաքին քաղաքական կուրս է ուզում փոխել՝ խորհրդարանի խճանակրաը պետք է փորձի հարմարեցնել դրան՝ սա երկու։ Այն քայլերը, որ նա ներսում անում է, օրինակ, ՏԻՄ-երի ուզուրպացիան կենտրոնական իշխանության կողմից, օրինակ՝ խոշոր կապիտալի դեմ ոտնձգությունները, այսինքն կուլակաթափության այս պրոցեսը, օրինակ, մարզային կատիվ հանդիպումները, որոնք միայն ներկուսակցական անվանելը դժվար է, քաղաքական ընդդիմախոսության և այլակարծության դեմ վառ ընդգծված հետապնդումները։ Այս բոլոր բաները խոսում են այն մասին, որ նա առնվազն նման սցենար դիտարկում է արտահերթ ընտրությունենրի, բայց նման որոշում, իմ խորին համոզման, նա չունի։ Որովհետև արտահերթ ընտրությունների գնալու համար նա պետք է արտաքին կենտրոններից ստանա երաշխիքներ՝ առնվազն երկու տիպի երաշխիքների մասին են խոսում։ Առաջին՝ իր համար իդեալակն երաշխիք կլինի այն, որ արտաքին որևէ կենտրոն փորձի նրան երաշխիք տալ, որ հակելու են Ալիևին՝ ստորագրել խաղաղության փաստաթուղթ։ Երկրորդ երաշխիքը, եթե դա չի ստացվում, գոնե այն պիտի լինի, որ Փաշինյանը երաշխիքներ ստանա, որ անցնցում և իր անձնական անվտանգության երաշխիքներով հեռանալու է։ Այս երկու երաշխիքներից որևէ մեկը ինքը Արևմուտքից կամ Ռուսաստանից չի կարողանում ստանալ։ Կամ ստանում է ինչ-որ խոստումներ, որոնց չի հավատում այս կամ այն պատճառով։

- Իսկ կստանա այդ երաշիքները։

- Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են և դժվար է պատկերացնել, որ այդ երաշխիքներին ինքը հավատալու է, Արևմուտքից կարող են շատ գեղեցիկ խոսքեր ասել, բայց ինքը տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայի հետ, այսինքն այլ խոսքով, թերահավատ է արևմտյան երաշխիքների հանդեպ, որովհետև տեսնում է, որ այդ երաշխիքներն Ուկրաինայում չեն աշխատում։ Հիմա, նա փորձում է և իր վերջին հարցազրույցը միտված էր դրան՝ այդ երաշխիքները ստանալ Ալիևից։ Կստանա, թե չի ստանա այդ երաշխիքները, հիմա դժվար է կանխատեսելը, կապրենք առաջիկա շաբաթները և կհասկանանք։

- Ինչի՞ դիմաց Փաշինյանը պատրաստ է ստանալ այդ երաշխիքները Ալիևից։

- Բոլոր նախապայմաններով խաղաղություն էր ուղղակի խնդրում Ալիևից վերջին հարցազրույցում, այդ հարցազրույցն էլ միայն այդ նպատակով էր տալիս՝ այդ մի ֆրազը հնչեցնելու համար, որ գոնե փախստականների վերադարձի կետը պայմանագրում չներառի։

- Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում հենց այսպես կոչված ադրբեջանցի փախստականների «վերադարձի» կետից։

- Դա մի կետ ու հոդված է, որը, կարծում եմ, նույնիսկ իր պես ամեն ինչը մարսած մարդը չի մարսելու։ Նախ դա նշանակում է կոնֆլիկտի տեղափոխում ուղիղ Հայաստանի սահմաններից ներս։

- Այսինքն դա պայթեցնելու է Հայաստանը ներսից։

- Հիմա ինքը հասել է մի հանգրվանի, որ Արդբեջանի հետ ցանկացած պայմանագիր շոշափելու է երրորդ հանրապետության հիմքերի վերանայման հարցը, բայց դրան էլ է ինքը համաձայն, դրանով է պայմանավորված երրորդ հանրապետության հիմքերի մասին իր ցինիկ արտահայտությունները, հանրապետության հիմնադիրներին վերագրվող խոսույթը, որը նրանք չեն ունեցել,պատմությունն ու փաստերը խեղաթյուրելու նրա ճիգերը։ Փախստականների հարցն է միակ հարցը, որ նա փորձում է Ալիևին համոզել և ստանալ երաշխիքներ՝ կստացվի, թե չէ, ժամանակը ցույց կտա։