Դաշնակցության նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը պառակտեց սփյուռքը

Դաշնակցության նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը պառակտեց սփյուռքը

«Թե սփյուռքի մեր հայրենակիցներն ինչպես են մտահոգվում Արցախի հայերի համար, անկեղծ ասած, չգիտեմ: Այդ մտահոգությունը նկատելի կլիներ, եթե հիմա մեր քույրերն ու եղբայրներն ամեն օր ամենատարբեր ակցիաներ կազմակերպեին ու բոլորի ուշադրությունը հրավիրեին խնդրին, մինչդեռ այդ նպատակով որեւէ քայլ չենք տեսնում»,- օրերս հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Որքանո՞վ է տեղին ԼՂ իշխանությունների դժգոհությունը սփյուռքից, ի՞նչ արձագանք ունեն սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն այս ամենին եւ, ի վերջո, ինչպե՞ս են տեսնում Արցախի եւ Հայաստանի փրկության ճանապարհը: Զրուցել ենք երուսաղեմահայ գործիչ, Հայ դատի ակտիվիստ, ՀՅԴ ներկայացուցիչ Սերոբ Սահակյանի հետ։

- Արցախի պետնախարարը նուրբ ակնարկ է արել եւ դժգոհել Արցախի հարցում հայկական սփյուռքի ոչ ակտիվ վերաբերմունքից, գործողություններից։ Նրա խոսքով՝ սփյուռքը, օգտագործելով իր մեծ ազդեցությունն ու ռեսուրսները, կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված գոյաբանական աղետի վրա։ Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին։

 - Արցախի պետնախարարի ակնարկը, կարծում եմ, մեծ հաշվով, տեղին չէ, քանզի իր տեղում չէ նաեւ սփյուռքը, հատկապես՝ միասնական սփյուռքը, որը մինչեւ 5 տարի առաջ միացյալ ճիգերով կարողանում էր մեծապես իրագործել այն ամենը, ինչ վերաբերում էր Արցախին եւ Հայաստանին։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան իշխանությունների վերջին հնգամյակի ներքին եւ արտաքին քաղաքականությունը բավականին լուրջ բացասական ներգործություն ունեցավ սփյուռքահայ իրականության վրա։ Դաշնակցության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն ունեցավ ուղղակի կործանարար հակազդեցություն, որը նաեւ պառակտեց սփյուռքը։
Կրկնում եմ՝ Արցախի պետնախարարի դժգոհությունն անհիմն է, քանզի այն ուժը՝ հանձին ՀՅԴ-ի, որը մշտապես զբաղված էր Արցախի ինքնորոշման պահանջով, շարունակում է իր դերակատարումը։ Տակավին Հայ դատի գրասենյակներն են, որ զբաղվում են նույն՝ արցախյան օրակարգով՝ ի հեճուկս հայաստանյան իշխանությունների տրամադրվածությունների, որոնք մերժում են Արցախի պահանջատիրությունը:

- Համաշխարհային խաղացողները՝ ԵՄ-ից մինչեւ ԱՄՆ եւ Կանադա, Արցախն օրակարգ են դարձրել ոչ թե այդ երկրներում ՀՀ դեսպանների շնորհիվ, այլ՝ մեծապես Հայ դատի։ Իսկ ՀՀ իշխանությունները պարբերաբար արգելում են դաշնակցականների մուտքը մայր հայրենիք, ըստ էության, հանուն Հայաստանի եւ Արցախի՝ նրանց գործունեության պատճառով։ Այս կոնտեքստում Ստեփանակերտի դժգոհությունն ինչպե՞ս եք գնահատում, այն Ձեզ վիրավորակա՞ն է թվում։

 - Ավելորդ կլինի արցախյան հարցի, մանավանդ վերջին զարգացումների գծով որեւէ հավելյալ հաստատում անել Դաշնակցության, Հայ դատի գրասենյակների անդուլ աշխատանքի վերաբերյալ: Ի սկզբանե Արցախի ինքնորոշման պահանջը եղել է ամբողջ ՀՅԴ-ի եւ նրա օժանդակ մարմինների գործունեության օրակարգում։ Եվ շատ ավելի մեծ ծավալով՝ Հայաստանի ներկա եւ նույնիսկ նախկին իշխանությունների համեմատ: Դաշնակցությունը բոլորից առաջ է զբաղվել Արցախի հարցով եւ նվիրաբերել առավելագույնը՝ թե՛ որպես շարժում, թե՛ որպես կուսակցություն։
Վերջապես, Ստեփանակերտի՝ սփյուռքին, այդ թվում՝ Դաշնակցությանը հասցեագրված դժգոհությունը ոչ միայն վիրավորական է, այլեւ, որոշ իմաստով, ապերախտություն, թեեւ Դաշնակցության ծառայությունների դիմաց երբեք որեւէ գնահատական որեւէ մեկից չեմ ակնկալել: 

- Այդուհանդերձ, համարո՞ւմ եք, որ սփյուռքն ամբողջապես չի օգտագործում իր ներուժը՝ հայկական երկու հանրապետություններին սպառնացող անվտանգային եւ գոյաբանական սպառնալիքների դեմ պայքարի հարցում։

 - Սփյուռքում տիրող ներքին տրամադրությունները հազիվ թե եզր թողնեն համագործակցության, թեկուզ օրվա հրատապ օրակարգն Արցախն է։ Սփյուռքում այսօր շատ են այնպիսիք, որոնք շատ իմաստով հակված են հայաստանյան իշխանությունների տրամադրվածություններին, որտեղ Արցախ չկա, ու չկա մինչեւ իսկ ցեղասպանության ճանաչման պահանջատիրություն: Ի վերջո, առավելապես Դաշնակցության ուսերին է Արցախի պահանջատիրության բեռը, ու որքան ցավալի է այս օրերին թե՛ Ստեփանակերտի արտահայտությունը, թե՛ դաշնակցական ղեկավարների հեռացումը Հայաստանից, որը շատ իմաստով ինչ-որ տեղ նույնացնում է Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքականությունը՝ Դաշնակցության եւ դժբախտ Արցախի նկատմամբ:  

- Ի դեպ, հուլիսի 24-ին վաղ առավոտից «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը, հաջակցություն Արցախի, անհնազանդության ակցիաներ է իրականացրել՝ փակելով մի շարք փողոցներ։ Որքանո՞վ արդյունավետ կլինի պայքարի այդ ձեւն այս օրհասական պահին, եւ արդյո՞ք սփյուռքը մտադիր է ներգրավվել այս գործընթացում։

- Անկեղծ ասած, «Մենք Արցախն ենք» շարժման զարգացումներից կամ աշխատանքներից շատ տեղեկացված չեմ։ Այդուհանդերձ, այս իշխանությունների հեռացման պահանջը համարում եմ առավել քան կենսական, քանզի հավատում եմ, որ այնքան, որքան կենսական է սահմանների պաշտպանությունը, այդքան կենսական են կենտրոնից հրաման տվողների որակն ու հայրենասիրական շրջահայացությունը: 
Գալով սփյուռքին, կարծում եմ՝ դժվար թե սփյուռքն անմիջականորեն կամ միասնաբար արձագանքի այս շարժմանը, քանի որ նույն սփյուռքը, որը լուռ է Արցախի պահանջատիրության հաշվով, լռելու է նաեւ ՀՀ իշխանությունների հեռացման գործընթացի դեպքում։ Չմանրամասնեմ․․․

- Երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսն ասում էր․ «Դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու ամենաազդեցիկ զենքը հույսն է»։ Ուրիշ ի՞նչ զենք է պետք համայն հայությանը՝ ազգի կործանումը կանխելու եւ երկիրը փրկելու համար։

- Հույսն ու աղոթքն իմ ավետարանից դուրս են։ Հույսի վրա հույս դնելն անիմաստ է։ Ինձ համար հույսը բանակի վերակազմակերպումն է։ Հույսը Հայաստանի տնտեսությունն է, զանգվածային ներգաղթը։ Հույսն աչքի դեմ աչք պահանջող հայ զինվորն է։ Մնացածը գեղեցիկ, բայց խորապես սնանկ ցանկություններ են։

Արա Ալոյան