«Կռուտիտների» դաշտից 

«Կռուտիտների» դաշտից 

Փաշինյան Նիկոլ. «Հարատեւ խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու «Սարաեւոյի ոճով» Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»: Ի դեպ, Սարաեւոյի պաշարումը տեղի է ունեցել 1992-1996 թթ.-ին՝ Հարավսլավիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իսկ Լեռնային Ղարաբաղում այս պահին ռազմական գործողություններ տեղի չեն ունենում: Դրա հիշատակումը տեղին չէ նաեւ այն առումով, որ պաշարողները սերբեր էին, իսկ Սերբիան միշտ դրական վերաբերմունք է դրսեւորել Հայաստանի նկատմամբ:  
Փաշինյան Նիկոլ. «Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի ու իրական»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյան Նիկոլը փորձում էր տարբերակել, հասկանալ ու գիտակցել հասկացությունները: Անկեղծ ասած, չգիտեմ, թե որն է դրանց տարբերությունը, քանի որ իմ հոդվածներում ես դրանք օգտագործում եմ որպես հոմանիշներ: Բայց եթե Նիկոլը տարբերակում է դրանք, ուրեմն պետք է դրա համար որեւէ հիմք ունենա՝ բացի, իհարկե, զուտ բառակազմականը: Ու երբ կարդում ենք վերը նշված մեջբերումները, համոզվում ենք, որ այդ տարբերությունը Փաշինյանի առումով առկա է: Նա, օրինակ, հասկանում է, որ գոյություն չունի այն աշխարհակարգը, որը «մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկն էր»: Բայց չի գիտակցում, որ եթե դա առկա չէ, ապա ինչպես կարող է գոյություն ունենալ դրա ածանցյալ երեւույթը՝ միջազգային հանրությունը: Եվ ստացվում է, որ ինքը ո՛չ հասկանում եւ ո՛չ էլ գիտակցում, որ հնարավոր չէ հենվել գոյություն չունեցող երեւույթի վրա: Թեկուզ եթե այն ընդունենք որպես ընդամենը գործոններից մեկը: Այս ամենը, բնականաբար՝ տեսական մակարդակում: Բայց, ի տարբերություն շարքային քաղաքացու, պետության ղեկավարը պետք է պատրաստված լինի նաեւ տեսական մակարդակում: Ավելի ճիշտ՝ առաջին հերթին հենց տեսական մակարդակում: 

Անցնենք առաջ: Փաշինյանն ընդունում է, որ «նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական»: Դրան չհամաձայնել, բնականաբար, հնարավոր չէ, հատկապես՝ Փաշինյան Նիկոլի վարչապետության պարագայում: Որովհետեւ մերժված նախկինների ժամանակ տարածաշրջանային լուրջ սուբյեկտ հանդիսացող Հայաստանը Փաշինյանի օրոք վերածվել է ընդամենը օբյեկտի: Փաշինյանն ավելացնում է, որ «աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները տեսանելի են ու իրական»: Ինչը բնական է, քանի որ մեր թշնամիները բաց չեն թողնում հնարավորությունը՝ ֆուտբոլի գնդակի նման մեր երկիրն աջ ու ձախ տշելու համար: Եվ դա կշարունակվի այնքան, որքան մենք թույլ կտանք, որպեսզի շարունակվի Փաշինյանի վարչապետությունը:

Եվ վերջապես, ի տարբերություն երբեմնի «դուխով» Նիկոլի, մերժված նախկինների օրոք Արցախի կարգավիճակի հարցը երբեք չի կապակցվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ինչը նշանակում է, որ չէր կարող դիտարկվել նաեւ դրա հայելային տարբերակը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը: Եվ եթե Նիկոլն իրավունք չուներ, իր ասելով, որոշելու արցախցիների ճակատագիրը, ապա, բնականաբար, չպետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում: Բայց եթե, որպես վարչապետ, դա համարում է միակ ընդունելի տարբերակը, ապա հենց այդ հարցը պետք է դրվեր հանրաքվեի: Եվ ոչ թե այն՝ մենք ընդունում ենք, թե ոչ թշնամու տարածքային ամբողջականությունը: Ինչն ընդամենը նրան խիստ հարազատ «կռուտիտների» դաշտից է: