Արարատ Միրզոյանին կանչել են Թեհրան՝ պարզելու, թե Հայաստանն Իրանի՞ն է համարում բարեկամ, թե՞ Թուրքիային

Արարատ Միրզոյանին կանչել են Թեհրան՝ պարզելու, թե Հայաստանն Իրանի՞ն է համարում բարեկամ, թե՞ Թուրքիային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Իրան, որտեղ երեկ հանդիպել է Իրանի իր պաշտոնակցի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Միրզոյանն Իրան է մեկնել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ իրանական կողմի հրավերով, ինչը նշանակում է, որ Իրանի իշխանություններն ինչ-որ ասելիք ունեն Հայաստանին: Շատ մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե որն է այդ ասելիքը. Իրանը տեսնում է, որ Հայաստանն անընդհատ զիջումների է գնում Թուրքիային եւ Ադրբեջանին, զիջում է Հայաստանի ազգային եւ պետական շահերը, ինչը չի կարող չմտահոգել այդ երկրի իշխանություններին: Իրանը թերեւս կարող է զգուշացնել, որ կան կարմիր գծեր, որոնք ինքը չի հանդուրժի, որ խախտվեն, անգամ եթե դրանք դե յուրե Հայաստանի իրավասության ոլորտում են, սակայն անմիջական առնչություն ունեն Իրանի շահերի հետ: Խոսքը Թուրքիային միջանցք տրամադրելու մասին է: Ֆորմալ առումով այդ միջանցքի պահանջատերն Ադրբեջանն է, որ իբրեւ թե կապ հաստատի Նախիջեւանի հետ, բայց իրական շահառուն Թուրքիան է, որը դրանով ուղիղ ճանապարհ է ստանում Ադրբեջան, Կասպից ծով եւ Միջին Ասիա:

Հայաստանն էլ է հայտարարում, որ ունի կարմիր գծեր՝ որեւէ դեպքում թույլ չի տա, որ Սյունիքով անցնող ճանապարհը վերածվի Զանգեզուրի միջանցքի, բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում: Փաշինյանը եւ նրա պաշտոնյաները որեւէ պատասխանատվություն չունեն իրենց ասածների համար. այսօր կարող են մի բան ասել, վաղը կհիմնավորեն, թե ինչու այդպես չեղավ: Ամենապարզ օրինակն «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարության փոխակերպումն է «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»-ի: Արարատ Միրզոյանն էլ օրերս շատ համոզիչ հայտարարում էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Որեւէ մեկը չի զարմանա, եթե Միրզոյանը վաղը հայտարարի, որ Ադրբեջանի անբաժան մաս է ճանաչում նաեւ Հայաստանի արտգործնախարարության շենքն ու դրա զբաղեցրած տարածքը, եթե միայն իրեն այդ շենքում նախարար աշխատելու իրավունք տրվի:

Ինչ վերաբերում է Իրան այցին, ապա Միրզոյանին կարող են զգուշացնել, որ, անկախ նրանից, թե ինչ է պայմանավորվել Միրզոյանի անմիջական ղեկավարը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Իրանը չի պատրաստվում հանգիստ դիտորդի դերում հետեւել, թե ինչպես է ոչ միայն Սյունիքը, այլեւ ամբողջ Հայաստանն անցնում Թուրքիայի վերահսկողության տակ՝ դրանով Իրանին կտրելով ցամաքային կապից Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիային հնարավորություն տալով Իրանը շրջանցելով հասնել Միջին Ասիա եւ Չինաստան: Միրզոյանը կարող է զգուշացվել, որ Իրանը կարող է որոշակի միջոցներ կիրառել հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու համար: Հայ-իրանական դարավոր բարեկամության, երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ առկա կապերի ու փոխհարաբերությունների մասին հավաստիացումները Միրզոյանն ու իր ղեկավարը կարող են լրիվ ուրիշ ականջներից կախել, իրենք հավատում են իրենց աչքի տեսածներին: 

Մինչեւ վերջերս Իրանի իշխանությունները մտածում էին, որ Հայաստանը թուրքական ազդեցության գոտու վերածմանը կարող է հակազդել Ռուսաստանը, եւ պարտադիր չէ, որ իրենք անմիջական միջամտություն իրականացնեն, սակայն 44-օրյա պատերազմից հետո Իրանն ավելի ու ավելի է համոզվում, որ Ռուսաստանը շատ դեպքերում գործում է ոչ այնքան վճռական, իսկ շատ դեպքերում՝ անտրամաբանական: Ստեղծված իրավիճակում Իրանը ստիպված է գործել ավելի բացահայտ, երբ հարցը վերաբերում է սեփական ազգային շահերը պաշտպանելուն, մանավանդ որ երկրի աճող հնարավորությունները թույլ են տալիս գործել վճռական:

Իրանն ավելի ու ավելի հաստատուն է կանգնում սեփական ոտքերի վրա, պատրաստ՝ ցույց տալու իր ուժն ու հզորությունը: Դա հնարավոր է դարձել Իրանի ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի ձեռքբերումների արդյունքում: Եթե ընդամենը մեկ տարի եւ նույնիսկ կես տարի առաջ Արեւմուտքն Իրանին սպառնում էր պատերազմով, ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում էին, որ Իրանն ուր որ է՝ միջուկային զենք կստեղծի, ինչը սպառնալիք է տարածաշրջանում իրենց շահերի համար, եւ դրա համար պետք է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, առնվազն միջուկային օբյեկտները ոչնչացնելու եւ Իրանին պարտության մատնելու համար, հաշվի չնստելով Իրանի հավաստիացումների հետ, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակ եւ ուղղված չէ միջուկային զենքի ստեղծմանը, ապա հիմա այդ սպառնալիքները վերացել են: Վերացել են ոչ թե այն պատճառով, որ Արեւմուտքը համոզվել է, որ Իրանն իսկապես խաղաղասեր պետություն է եւ մտադիր չէ միջուկային զենք ստեղծել ու այն կիրառել իր թշնամիների դեմ, այլեւ մտավախություն ունեն, որ Իրանի դեմ պատերազմը կարող է սպառնալիք դառնալ հենց Արեւմուտքի եւ Իսրայելի համար: Իրանը հաջողությամբ փորձարկեց հիպերձայնային հրթիռներ, որոնք հնարավոր չէ հայտնաբերել եւ ոչնչացնել արեւմտյան ամենաժամանակակից ՀՕՊ համակարգերի կողմից: Նշանակում է` Իրանի դեմ պատերազմի դեպքում թիրախ է լինելու ոչ միայն Իրանի տարածքը, այլեւ՝ Իսրայելը եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները եւ ամերիկյան ռազմածովային նավատորմի նավերը, որոնք կգտնվեն այդ հրթիռների համար հասանելիության տարածքում:

Իրանի իշխանություններն Արարատ Միրզոյանին կարող են բացատրել, որ թշնամիների հետ հարաբերվելու լավագույն տարբերակը նրանց հանձնվելն ու նրանց պահանջներն անվերապահ կատարելը չէ, կա ավելի արժանապատիվ տարբերակ` ուժին ուժ հակադրելը, որը կզսպի թշնամու՝ քեզ ուտելու ախորժակը: Իսկ եթե Հայաստանը բավարար ուժ չունի՝ իր թշնամիներին հակադրվելու համար, բարեկամ Իրանը պատրաստ է օգնել: Դրա համար ընդամենը ցանկություն է պետք, պետք է, որ Հայաստանն Իրանը դիտի որպես բարեկամ պետություն: Իսկ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն իսկապես ցանկություն ունի պաշտպանել երկիրը թշնամիներից, թե՞ համարում է, որ ամենաանշառ միջոցը թշնամու բարեգթությանը հանձնվելն է: Կամ, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունն Իրանի՞ն է համարում թշնամի, իսկ Թուրքիային՝ բարեկամ, թե՞ հակառակը: Ամեն ինչ ցույց է տալիս, որ գործ ունենք հենց երկրորդ տարբերակի հետ:

Ավետիս Բաբաջանյան