Ղարաբաղյան շարժումը պիտի՛ սկսվեր, բայց ո՛չ ավանտյուրիստների ձեռքն ընկներ

Ղարաբաղյան շարժումը պիտի՛ սկսվեր, բայց ո՛չ ավանտյուրիստների ձեռքն ընկներ

Բոլոր հարցերում` թե՛ դրական, թե՛ բացասական եւ թե՛ կատաստրոֆիկ, առաջին հերթին կրթության ոլորտում պետք է փնտրել պատասխանները, որովհետեւ կրթության ոլորտից է ամեն ինչ սկսվում։ Ամեն ինչ կախված է կրթությունից, ինչպիսի կրթություն` այնպիսի կյանք, այնպիսի երկիր, այնպիսի ժողովուրդ՝ ասում է «Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

«Կարծում եմ, որ սա շատ՝ «լավ» բառը չեմ ուզում օգտագործել, շատ հմուտ կազմակերպված՝ տարբեր երկրների հետախուզական համապատասխան ծառայությունների աշխատանքի արդյունքն է։ Եվ, իհարկե, բխեց այն բանից, որ մենք շատ թույլ վիճակում էինք։ Հիմա մեր ժողովրդին, ում որ կանգնեցնենք, ասենք՝ Դեմիրճյանն ո՞վ է, պիտի ասեն՝ թագավոր մարդ էր, բայց ես կարող եմ բերել թուրքագետ, հայագետ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքերը, որ Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է տանել կանգնեցնել Գյումրիում»,- ասաց Ալիխանյանը։

«Անանիա Շիրակացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրենը նշում է, որ Սովետական Միության վերջին տարիներին, երբ Կարեն Դեմիրճյանն էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, Հայաստանում ստեղծվել էր տարօրինակ քաղաքական մթնոլորտ։ «Սուտը միշտ էլ եղել է, հայի բնության մեջ է այդ սուտ խոսելը, բայց այդ մակարդակի մի բան ասել՝ լրիվ այլ բան անել, այդ մակարդակի ժողովրդին խեղաթյուրել, դրա ամենակարկառուն դեմքը եղել է Կարեն Դեմիրճյանը»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ, չնայած դրան, Դեմիրճյանը հրաշալի ինժեներ էր եւ պետք է հենց ինժեներությամբ զբաղվեր։

Աշոտ Ալիխանյանը վստահ է, որ օտար երկրների հատուկ ծառայությունները «Ղարաբաղ» կոմիտեի նման կոմիտեներ այլ երկրներում էլ ստեղծած կլինեին, սակայն միայն Հայաստանում այն գլուխ բարձրացրեց եւ ժողովրդին իր հետեւից տարավ։ Դե, իսկ հայերին այն ժամանակ հենց դա էր պետք՝ մարդիկ հավատում էին «Ղարաբաղ» կոմիտեին։ 
Մեր հարցին՝ ուզում եք ասել, որ արցախյան շարժումը չպե՞տք է սկսվեր, թե՞ պետք է սկսվեր այլ դերակատարների կողմից, նշեց, որ ղարաբաղյան շարժումը պետք է սկսվեր, բայց ոչ թե ավանտյուրիստների ձեռքն ընկներ։

«Ղարաբաղյան շարժումը, իհարկե, պիտի սկսվեր, բայց պետք է մտածված սկսվեր, պետք է տասն անգամ չափվեր-ձեւվեր, արդյոք այդքան մեծ խե՞լք էր պետք՝ հասկանալու համար, որ հենց Ղարաբաղում անկախությունը հռչակեցինք, նույնը օրը Սումգայիթում կամ Բաքվում չէին սկսվելու ջարդերը։ Ինչի հայերը վա՞տ էին ճանաչում թուրքերին, ուրեմն նախնական աշխատանքներ չեն կատարվել։ Քանի որ ոչինչ չի կատարվել, երբ հիմա վերլուծում ես, հասկանում ես, որ այս մարդիկ միայն պաշտոն գրավելու համար եկան»,- ասաց Ալիխանյանը։

Նրանց շարքերում կային շատ ազնիվ մարդիկ, որոնք անկեղծ մղումներով ուզում էին ամեն ինչի հասնել, բայց գործն ընկավ իսկական ավանտյուրիստների ձեռքը, որոնք բերեցին ու հասցրին այս օրվան։ Նա մատնանշեց հռչակագրի ամենակարեւոր կետերից մեկը, այն է, թե ինչու «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է» կետն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Կամ՝ ինչու Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը՝ որպես առանձին պետություն, երբ սկսեցին քննարկել արդեն ոչ թե միավորման, այլ ինքնորոշման հարցը․ սա էլ է կարեւոր հարց, որը պետք է բարձրացնել՝ կարծում է Ալիխանյանը։ 

«Մենք ստացանք մեր անկախությունը, ընդ որում՝ առանց մարտնչելու ստացանք։ Մարտնչելով ստացանք Ղարաբաղը, մեր անկախությունը՝ մի օր արթնացանք, սկուտեղի վրա դրած բերեցին, ասացին՝ դուք անկախ եք։ Պետությունն անկախ է դառնում այդպե՞ս՝ առանց արյուն թափելո՞ւ, առանց պայքարելո՞ւ, առանց որեւէ բանի՞․ դա լրիվ մտածված, պլանավորված քայլ էր»,- նկատում է «Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրենը։
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Ալիխանյանն ասում է, որ մեկը չեղավ, որ կոչ աներ՝ լավ սովորել․ «Չորս ղեկավար ենք ունեցել, մեկը չասաց` էրեխեք, լավ սովորեք, որ կարգին մարդ դառնաք, ձեր հայրենիքին օգտակար մարդիկ դառնաք»։

Ինչ վերաբերում է կրթական ոլորտի բարեփոխումներին, Ալիխանյանը դրանք որակում է չարեփոխումներ։ Մեր հարցին, թե արդյոք կա՞ ուսումնական այնպիսի առարկա, որը դպրոցական ծրագրից կհաներ, ասաց, որ դա շախմատը կլիներ, քանի որ երեխաները շախմատին, այսպես թե այնպես, առնչվում են տանը, դրսում։ Ինքը մեծ կարեւորություն է տալիս Կարեն Վարդանյանի հիմնադրած Արմաթ լաբորատորիաներին, որոնք նպաստում են, որ երեխաները վերադառնան դպրոց, ստիմուլ առաջանա սովորելու, ստեղծելու համար։ «Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրենը չի հասկանում, թե ինչու դպրոցական ծրագրից հեռացրին Հայ եկեղեցու պատմությունը, ինչը եւս տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։

Անդրադառնալով Արցախում «Անանիա Շիրակացի» դպրոցի ստեղծմանը՝ Աշոտ Ալիխանյանը պատմեց, որ այն ստեղծվել է պատերազմից անմիջապես հետո՝ Արտակ Բեգլարյանի առաջարկով, երբ ինքն ու եւս երեք հոգի Արցախ են մեկնել՝ հերթական ծրագիրը կյանքի կոչելու։ Բեգլարյանի առաջարկը լսելուց հետո Ալիխանյանն ասել է, որ իրենք ոչ թե մասնաճյուղ կստեղծեն, այլ՝ դպրոց, որը կաշխատի հետպատերազմյան Արցախին անհրաժեշտ ծրագրով։ Կազմվել է հատուկ ծրագիր, ու դպրոցը սկսել է գործել։ Սկզբում արցախցիների կողմից անվստահության մթնոլորտ է եղել, իսկ երկրորդ տարում արդեն Արցախի իշխանությունը շենք է տրամադրել դպրոցին, եւ դպրոց ընդունվել ցանկացողների հսկայական հոսք կա։ Այս տարի էլ, չնայած պաշարման ահավոր պայմաններին, Արցախում ընդունելության համար մեծ մրցույթ է։

«Նույն Արմաթ լաբորատորիաներն էլ ենք տարել այնտեղ։ Չեք պատկերացնի, թե ինչ մրցակցություն կա։ Զարմանալի է, էլի, այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէ, ուղղակի ես սպասում եմ մի հրաշքի։ Միշտ այդպիսի վիճակ է լինում, չէ՞, հեքիաթներից գիտենք, միշտ, երբ հասնում է ամենավերջին պահին, մեկ էլ ինչ-որ հրաշք է տեղի ունենում, եւ փրկվում են այդ մարդիկ։ Ես հուսով եմ եւ Աստծուն ամեն օր աղոթում եմ, որ այդ ամենը տեղի ունենա մեր հարազատ Արցախում»,- ասում է Աշոտ Ալիխանյանը։