«Հրապարակ». Կալանավորված կանանց թիվն աճել է

«Հրապարակ». Կալանավորված կանանց թիվն աճել է

Կալանք կիրառելը մեր իրավապահների համար մի բաժակ ջուր խմել է դարձել։ Մարդուն կարող են կալանավորել չնչին արարքի համար։ Օրերս 36 տարեկան կին է կալանավորվել՝ ավազակություն կատարած անձանց օժանդակելու մեղադրանքով։ Նա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է։ Կնոջ անունը չեն հայտնում, նա Երեւանի բնակիչ է։ Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ նրա հետ նույն բնակարանում ապրող մեկ այլ կին հաղորդում է ներկայացրել, որ հուլիսի 20-ին երկու դիմակավորված երիտասարդ տուն են մտել ու իրեն կողոպտել, տարել են 720 հազար դրամ արժեքով բջջային հեռախոս, 400 դոլար եւ 350 եվրո։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 06:49-ին։ Տուժողը գրել է, որ նրանք «ներկայացել են որպես աղջիկ», ինքը դուռը բացել է եւ հարված ստացել ծոծրակին։ Ոստիկաններն ու քննիչներն արագ պարզել են, որ կնոջը կողոպտել են Բելառուսի երկու քաղաքացի, որոնցից մեկը կալանավորված կնոջ եղբայրն է։

Քննության տվյալներով՝ քույրն օժանդակել է հանցակիցներին: Տղամարդկանց հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում, կնոջը կալանավորել են ավազակություն կատարած անձանց օժանդակելու համար։ Ընդամենը 1000 դոլարի ու մեկ բջջային տանելուն օժանդակելու համար կալա՞նք։ Քննչական կոմիտեից պատասխանում են, որ փողի կամ հեռախոսի հետ կապված տվյալներն ահազանգի ժամանակ են ստացել, իսկ թե ինչ եւ ինչքան են տարել, դեռ քննությունը կպարզի։ Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե քանի կալանավոր ու դատապարտյալ կին կա։

Մեզ պատասխանեցին, որ այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում են 47 կալանավորված անձ եւ 20 դատապարտյալ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում «Աբովյան» ՔԿՀ-ում 61 կին կար․ 34-ը՝ կալանավորված, 27-ը՝ դատապարտյալ: Այսինքն՝ կալանավորված  կանանց թիվն ավելացել է, թեեւ 2018-ի համեմատ պատիժ կրող կանանց թիվը նվազել է` կանանց գաղութում այն ժամանակ կար 125 կին: