Զանգեզուրի կոմբինատն ամեն գնով ուզում են խլել

Զանգեզուրի կոմբինատն ամեն գնով ուզում են խլել

Երկու օր առաջ իշխանություններին առընթեր ու կամակատար իրավապահ մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, խուզարկության էին մտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որից հետո, առանց հիմքեր ներկայացնելու, այնտեղից նաեւ մարդ էին ձերբակալել՝ կոմբինատի մի աշխատակցի։ Այդ ընթացքում զուգահեռաբար ձերբակալել եւ Երեւան էին տեղափոխել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, երեկ էլ ձերբակալեցին Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանին, նախորդ օրը՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին։ Այս ռեպրեսիաների նպատակն է՝ նախ պատժել Նիկոլի դեմ տրամադրված համայնքապետերին ու անձանց, ապա՝ թուլացնել Քաջարանի կոմբինատն ու կոմբինատի հետ կապ ունեցող անձանց եւ, որպես վերջնանպատակ՝ խլել Հայաստանի թիվ մեկ հարկատու կոմբինատն իր այսօրվա տերերի ձեռքից եւ իրենցով անել։ Իսկ տերերը տարբեր մարդիկ են՝ տարբեր մասնաբաժիններով։ 

Տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, եւ այս արշավը նաեւ նրա դեմ է։ Իսկ կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն է ազգությամբ գերմանացի Պարագ Յոհաննես Բհատը, որը նոր է նշանակվել այս պաշտոնում։ Ասում են՝ կոմբինատը խլելու գործընթացը նոր չէ, այն սկսվել է դեռեւս 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը տարբեր էմիսարներ է ուղարկել Սյունիք՝ կոմբինատն իր ասած մարդկանց հանձնելու պահանջով։ Հիմա էլ շրջանառվում են նրա աներձագ Հրաչյա Հակոբյանի եւ սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի անունները։ Թե որքանով են այս տեղեկությունները ճիշտ, կհաջողվի՞ արդյոք խլել կոմբինատը, դրա համար իրավական հիմքեր կա՞ն, թե՞ Փաշինյանն իրեն հատուկ ոճով՝ կացնով ու մուրճով է ուզում դա անել, քրգործեր հարուցելով, խուզարկելով ու կալանավորելով ստիպելու է «հանձնել» կամբինատը՝ ցույց կտան զարգացումները։ Մի բան ակնհայտ է, որ  Հայաստանի թիվ մեկ հարկատուն նման ցնցումներից եւ սեփականատերերի փոփոխությունից կարող է առհասարակ դադարեցնել գործունեությունը, եւ այդ դեպքում ոչ միայն մեծ թվով մարդիկ գործազուրկ կդառնան, այլեւ բյուջեն հսկայական մուտքերից կզրկվի։ Իսկ ժամանակ առաջ այս կոմբինատից անգամ ՊԵԿ-ը պարտքով գումար էր ուզում՝ հարկի տեսքով, որ բյուջեն լցնի ու թիվ ցույց տա։ Սրան կգումարվի նաեւ Սյունիքի մարզում իրականացվող հսկայական սոցիալական աջակցության ծրագրերի կասեցումը։

Երեկ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին ինչ իրավիճակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ավարտվե՞լ է խուզարկությունը։
«Երեկ ավարտել են, էսօր հարկայինն է նորից եկել, ինչ-որ էլի հին թեւն են զարգացրել, ինչ-որ էլի հետազոտություներ են ուզում անել։ Սենց, էլի, ստաբիլ շոու ծրագիր»,- ասաց նա։

- Իսկ ի՞նչ են փնտրում կոմբինատում։

- Անհասկանալի է մեզ համար, թե ինչ են փնտրում։

- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին է՞լ են կապում կոմբինատի հետ, որ ձերբակալել են։

- Չէ, նրան ինչ-որ կաշառք են վերագրում՝ չարաշահում, կաշառք եւ այլն։

- Իսկ կոմբինատի ղեկավարությունն ի՞նչ է մտածում այս կապակցությամբ, ի՞նչ գնահատական ունի տեղի ունեցածի վերաբերյալ։

- Խորհրդի նիստ ենք հրավիրել՝ հրատապ, կհավաքվենք, կորոշենք, հայտարարություն կանենք։

- Կոմբինատի ղեկավար կազմում վերջին ամիսներին փոփոխություն եղե՞լ է։ 

- Ոչ, տնօրենն է միայն փոխվել՝ մոտ երկու ամիս առաջ, Յոհաննես Բհատն է հիմա։

- Տեղեկություն կա, որ ռուսներին կարող էր անցնել կոմբինատը՝ որեւէ ձեւով։

- Դրանք բեսեդկայի մակարդակի խոսակցություններ են։

- Նաեւ տեղեկություն կա, որ ամեն գնով փորձում են կոմբինատը ձեր ձեռքից վերցնել։

- Հա, դա իրականություն է, համապատասխանում է իրականությանը։

- Իսկ այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, խուզարկություններ եւ այլն, թե՞ այլ պրոցեսներ էլ կան։

- Ե՛վ էդ պրոցեսները, ե՛ւ դրա հետագիծն էլ կա։

- Պարոն Հակոբյան, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է դա իրավական կամ որեւէ այլ ճանապարհով իրականացնել։

- Ես չեմ պատկերացնում ոչ մի բան, համ էլ չեմ ուզում դեռ փակագծեր բացել։

- Այսինքն՝ հնարավոր է խլե՞ն կոմբինատը ձեր ձեռքից։

- Ո՞նց եք պատկերացնում դա, ի՞նչ է նշանակում՝ խլեն։

- Օրինակ՝ քրգործեր հարուցելով ճնշեն, պարտադրեն, որ վաճառեն կոմբինատն այլ անձանց։ Հնարավոր չէ՞ դա։

- Չեմ կարող ասել։

- Դուք ասել էիք նաեւ, որ հանդիպելու եք ԱՄՆ դեսպանին եւ  մանրամասն ներկայացնելու եք տեղի ունեցածը։ Հանդիպե՞լ եք։

- Հանդիպել եմ, բայց այսքանով սահմանափակվենք, այլ բան չեմ կարող ասել։