Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները կրկին լարվո՞ւմ են

Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները կրկին լարվո՞ւմ են

Թվում էր, թե պատերազմը, դրա հետեւանքները, մեր երկրի գլխին կախված բազում վտանգները եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարը նորից միավորեցին Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան վաղեմի ընկերներին, որոնք միմյանցից հեռացել էին 2008 թվականից հետո։ Եվ կարող էր գործել հավերժական թվացող «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» բանաձեւը, սակայն ընտրություններից հետո մեծ է հավանականությունը, որ նրանց հարաբերությունները կրկին կվերադառնան մինչպատերազմական իրավիճակին, երբ երկու նախագահները գրեթե չէին շփվում միմյանց հետ, նրանց միջեւ անհաղթահարելի պատնեշ էր ձեւավորվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի թիմը տարիներ շարունակ աշխատել է իր դեմ՝ Քոչարյանից կերտելով «բոբոյի» կերպար։

Բացի այդ, Քոչարյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է իշխանությունը 2018 թվականին չգիտեմ ում հանձնելու եւ արդյունքում երկրի գլխին այսքան աղետ բերելու մեջ։ 
Նրանք չկարողացան միավորվել ընտրություններից առաջ, եւ գրեթե հույս չկա, որ կկարողանան համագործակցել հետընտրական փուլում։ Երկու ճամբարներում այժմ լարված ու սպասողական վիճակ է, կկարողանա՞ն լեզու գտնել, շարունակել միասնական պայքարը՝ թիրախում պահելով իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, թե՞ կպառակտվեն, կգնան անձնական շահերի ետեւից ու այդպիսով ծառայություն կմատուցեն իշխանություններին։

Ընտրություններից առաջ, երբ ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ընդդիմադիր դաշտում անվիճելի առաջատարն է, ու իշխանափոխության մեծ սպասումներ կային, Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը նախնական համաձայնության էր եկել, որ եթե ընտրությունների արդյունքներով իշխող թիմը չկարողանա 50+ հավաքել եւ ձեւավորել կառավարություն, ապա իրենք կոալիցիա կկազմեն «Պատիվ ունեմ»-ի հետ, իսկ դաշինքից վստահեցրել են, որ վարչապետի պաշտոնում իրենք կսատարեն Քոչարյանի թեկնածությունը։

Բայց ընտրություններում եղավ այն, ինչ եղավ, իսկ հիմա Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանը որոշել են, որ իրենց դաշինքն էլ կարող է խորհրդարանում լծակներ ունենալ։ Անցած շաբաթ մենք գրել էինք, որ խորհրդարան անցած դաշինքի յոթ պատգամավորների եւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում սեփական թեկնածու առաջադրելու հարցը։ Դաշինքն այդ պաշտոնում տեսնում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, ում հետ մի քանի օր է՝ կապվել չի հաջողվում։ 

Իսկ «Հայաստան» դաշինքում երկու թեկնածության շուրջ են քննարկումները՝ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի։ Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, իշխանությունը համաձայնություն է տալիս ամենամեծ ընդդիմադիր խմբակցության թեկնածուին եւ փակ քվեարկությամբ նրան ընտրում այդ պաշտոնում։ Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա դաշինքի նկատմամբ շատ սուր է վերաբերմունքը, չի բացառվում, որ իշխանությունը տապալի նրանց թեկնածուների ընտրությունը։ Թեեւ դա հղի է անկանխատեսելի ճգնաժամային զարգացումներով։

Հիշեցնենք․ 2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածու առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, ե՛ւ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանին, բայց «Իմ քայլը» 108 ձայնով ընտրեց ԲՀԿ ներկայացուցչին, իսկ Թանդիլյանին միայն իր խմբակցության պատգամավորները ձայն տվեցին։
Ինչեւէ, իշխող թիմում առկա տրամադրություններին եւս անդրադարձել ենք, «Քաղպայմանագրում» հատկապես դեմ են իշխանությունների անխնա քննադատ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նախօրեին մեզ տված հարցազրույցում գրեթե բաց տեքստով հայտարարեց՝ քանի որ ԱԺ-ում գործող մշտական հանձնաժողովներից երեքի նախագահությունն անցնում է «Հայաստան» դաշինքին, իսկ ՊՈՒ-ն չի ստանում որեւէ հանձնաժողով, ապա, ըստ Սիմոնյանի, «ընդդիմության հավասարության տեսանկյունից ճիշտ կլինի, որ փոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» դաշինքից»։

Երեկ փորձեցինք զրուցել ՊՈՒ դաշինքից ընտրված պատգամավորացուների հետ՝ մի շարք հարցադրումների պատասխաններ ստանալու համար, մասնավորապես՝ մտավախություն չունե՞ն, որ ընդդիմադիր գործընկերների հետ հարաբերությունները դրանով կփչանան, եւ իրենց կկասկածեն իշխանության հետ գործարքի գնալու մեջ եւ այլն։ Սակայն պարզվեց, որ նորաթուխ ընդդիմադիրները նոր կանոններ են սահմանել եւ հեռախոսով հարցազրույցներ չեն տալիս։ Համենայնդեպս, մեր զանգերին պատասխանած ՀՀԿ-ականներ Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանն այս պատրվակով հրաժարվեցին պատասխանել։ Մեր երկրում ամենից արագ բյուրոկրատացման ու մեծամտանալու պրոցես է ընթանում։