Տիտանական ծավալի աշխատանք կա, բայց կենաց-մահու կռվին զուգահեռ, մենք պարտավոր ենք սա էլ աչքաթող չանել. Հովհաննես Մանուկյան

Տիտանական ծավալի աշխատանք կա, բայց կենաց-մահու կռվին զուգահեռ, մենք պարտավոր ենք սա էլ աչքաթող չանել. Հովհաննես Մանուկյան

«Հրապարակը» զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք ժամանակին Վրաստանում ՀՀ դեսպանն եք եղել։ Ձեր կարծիքով՝ այս տարիների ընթացքում Հայաստանի, արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Վրաստանի մոտեցումներն ինչպիսի՞ն են։ Որո՞նք են Հայաստանի և Վրաստանի հիմնական շահերը։ 

-Վրաստանի մոտեցումներն այնպիսին են, որոնք իրենց պատկերացումներով առավելապես համապատասխանում են իրենց ազգային շահերին։ Վրացական քաղաքական և դիվանագիտական իսթեբլիշմենտի մոտ կա կայուն ձևավորված կարծիք այն մասին, որ վրացական շահը թելադրում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հանրաճանաչ սկզբունքների կոնֆլիկտում միշտ կանգնել տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնայնության ջատագովի դիրքերում։ Սա, իրենց կարծիքով, այլընտրանք չունեցող դիրքորոշում է միջազգային հարթակներում, քանզի իրենց ողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է այս տրամաբանությամբ՝  ելնելով իրենց կորցրած ռեգիոնների՝  Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հարցում իրենց կողմից առաջ մղվող քաղաքականությունից։ Երկրորդ հանգամանքը, որն ազդում է արցախյան հակամարտության վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման ձևավորման վրա, դա թուրք-ադրբեջանական տանդեմի ֆինանսական և տնտեսական ագրեսիվ էքսպանսիոնիստական քաղաքականությունն է, որը, բացի տնտեսական էֆեկտից, Թուրքիայի և Ադրբեջանի համար ունի կոնկրետ քաղաքական շահագրգռվածություն և արդեն իսկ՝ դիվիդենտներ վրացական հարթակում։ Այսինքն, այս երկու թուրքական պետություններից ֆինանսատնտեսական կախվածությունն արցախյան հիմնախնդրի շուրջ վրացական քաղաքականությունը ձևավորող ինքնուրույն գործոն է։ 

Արդարության համար պետք է նշեմ, որ Վրաստանի նախորդ իշխանությունը` Սաակաշվիլու գլխավորությամբ, տանում էր առավել ոչ հայանպաստ քաղաքականություն։ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո այս երկրի քաղաքական (բայց ոչ դիվանագիտական) վերնախավում դիրքորոշումների վերանայման արդյունքում փորձ կատարվեց առավել բալանսավորված դիրք ընդունել այս հարցում, սակայն հիմնական դիրքորոշումը մնաց անփոփոխ։

-Այս օրերի ընթացքում շարունակում են տարածվել այնպիսի տեղեկություններ, ըստ որոնց՝ Վրաստանի տարածքով զենք, զինամթերք է տեղափոխվում Ադրբեջան, այս մասով ի՞նչ կասեք։

-Վրաստանն այս մասով հայտնել է իր չեզոքության մասին և այն դիրքորոշման մասին, որ երկու կողմերի ռազմական բեռների տրանզիտն արգելում է իր տարածքով։ Մեր մասով մենք վստահաբար գիտենք, որ վրացիներն իրենց խոսքի տերն են. որևէ ռազմական նշանակության բեռ այս տարածքով մենք չենք ստանում։ Բայց ադրբեջանական ռազմական բեռների փոխադրման մասին կան բազմաթիվ հրապարակումներ, չստուգված փաստեր, որոնք կարիք ունեն պարզաբանման։ Մենք՝ որպես հարևան, գործընկեր պետություն, անպայման և անհապաղ պետք է մեր վրաց գործընկերների հետ անենք բոլոր պարզաբանումները, ստանանք բավարար հավաստիացումներ, որ մոտեցումը բալանսավորված է և հավասար։ Սա կարևոր է մեր հետագա գործընկերային հարաբերությունների համար։ 

-Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի Հայաստանն այս պայմաններում, և հնարավո՞ր է արդյոք Վրաստանի հետ ինչ-որ ֆորմատով արդյունավետ համագործակցություն այս խնդրով։ 

-Խնդիրն այն է, որ այդ քաղաքականությունը չպետք է սկսել ծրագրել և վարել այսպիսի ճգնաժամային իրավիճակներում, «այս պայմաններում», ինչպես Դուք եք ասում։ Քաղաքականությունը, և դիվանագիտությունը` մասնավորապես, ծրագրային աշխատանք են սիրում։ Հախուռն և չկանոնակարգված, ոչ ֆունդամենտալ, իմպուլսիվ և վախվորած արտաքին քաղաքականությունը ոչ միայն բարեկամներ չի ավելացնում, այլև եղած ռեսուրսն է մաշում։ Մասնավորապես, ժամանակին, երբ նոր էր ձևավորվում վրացական դիրքորոշումն արցախյան հակամարտության վերաբերյալ, մենք պետք է փորձեինք ներազդել դրա բալանսավորված լինելու վրա։ Անհրաժեշտ էր արձանագրել և մեր վրաց գործընկերների հետ բանակցություններում առաջ տանել այն թեզը, որ Արցախի հարցը նույնական չէ վրաց-ռուսական հակամարտության արդյունքում ձևավորված աբխազական և հարավ-օսական տարածքային խնդիրների հետ։ Անհրաժեշտ էր ժամանակին և արդյունավետ ձևով կապիտալիզացնել մեր բարեկամական դիրքորոշումը վրացիների հանդեպ 2008 թվականի վրաց-ռուսական կարճատև պատերազմի ընթացքում և, առավել ևս, մեր գրագետ և հավասարակշիռ քաղաքականությունը հետպատերազմյան շրջանում, հատկապես Վրաստանից օտարված երկու տարածքների չճանաչման մասով, ի հեճուկս մեր ռազմավարական դաշնակցի համառ հորդորների։ Անհրաժեշտ էր շատ ավելի վաղուց հետևողական և կրեատիվ մոտեցումներ դրսևորել Վրաստանի հայ համայնքին աջակցություն ցուցաբերելու հարցում, այդ համայնքի ինստիտուցիոնալ ամրապնդմանն ուղված լուրջ քայլեր իրականացնել։ Անհրաժեշտ էր ջավախահայության խնդիրներով շատ ինտենսիվ զբաղվել՝ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցված ջանքեր կիրառելով, ինչը կօգներ ունենալ ավելի համախմբված և Հայաստանի համար առավել մեծ հենարան հանդիսացող ջավախահայ համայնք։ Ի դեպ, խոսքը չի վերաբերում միայն վերջին տարիներին, ես խոսում եմ մեր երիտասարդ պետության հենց առաջին տարիներից սկսած մինչ օրս արձանագրվող իրավիճակի մասին։


-Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և նշել, որ իր և եղբոր ընտանիքը ճնշումների է ենթարկվում իշխանությունների կողմից, նույնիսկ եղբոր մեքենան է պայթեցվել, ինչպես նաև նշել էր, որ «Socar» ընկերությունը փորձում է խլել «Էս-Ջի-գազ» ընկերությունը, փորձ է արվում հայաթափել Ջավախքը։ Նկատո՞ւմ եք այսպիսի բաներ Վրաստանում հայերի հանդեպ։ 

-Իմ տեղեկություններով՝ այստեղ գործ ունենք ընդամենը տեղական իշխանիկների մակարդակի ներքաղաքական գզվռտոցների հետ։ Ցավում եմ, որ Ջավախքի մեր հայրենակիցներն այսօր միասնական չեն, որ տեղական ֆինանսական և վարչական լծակների տիրապետելու համար թշնամանք և պառակտում են տարածում։ Իսկ նման ներքին հակասությունները ներկայացնել որպես Վրաստանի տարածքում հայկական էլեմենտին ճնշելու փորձ՝ ես ազնիվ չեմ համարում։ Հորդորում եմ բոլոր ջավախահայերին՝ չենթարկվել նման սադրանքների, չսպասարկել նման օրակարգեր, իսկ Հենզել Մկոյանին և այլ տարածաշրջանային լիդերներին խնդրում եմ վեր կանգնել անձնական շահերից և ներքին հակասությունները չտեղափոխել ազգային դաշտ։ Սա շատ կարևոր է Վրաստանի հայ համայնքի անվտանգ գոյակցության, հզորացման համար և Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների որակի համար։ Միասնական ջավախահայությունը Հայաստանի համար ուժի աղբյուր է։ 

-Իսկ ի՞նչ քայլեր են պետք, և ի՞նչ քաղաքականություն պետք է վարվի տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների հետ, մասնավորապես` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ։

-Հարց եք տալիս, որի շուրջ կարելի է ժամերով խոսել։ Բայց մենք այս պահին ռեսուրս և ժամանակ չունենք` ֆունդամենտալ քաղաքականություն նախագծելու և մեր երկկողմ օրակարգն այս երկրների հետ առաջ մղելու համար։ Մեկ նախադասությամբ ասեմ. անհրաժեշտ է  շատ արագ որոշել թիրախային դաշտերը, որտեղ այս երկրներից յուրաքանչյուրի հետ կարող ենք ունենալ ընդհանուր շահեր, կամ փորձենք ձևավորել շահերի նման օջախներ (սփյուռքի ռեսուրս, տարածաշրջանային ռազմաքաղաքական շահեր, գերտերությունների հակասություններ և այլն) և աշխատել այս դաշտերը մաքսիմալ շահագործել` ռազմադիվանագիտական առավելություններ ստանալու նպատակով։

-Որպես իրավաբան` ի՞նչ կասեք ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ, և ինչպե՞ս կարելի է բոլոր ապացույցներով հաջողության հասնել միջազգային հարթակում։

-Լուրջ գործ կա այստեղ անելու, և վստա՛հ եղեք, որ Ադրբեջանն ինքն էլ այսօր այդ ուղղությամբ աշխատում է և փորձելու է հիմքեր ստեղծել` վաղը հայկական կողմին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելու համար։ Այսինքն, մենք ունենք երկակի խնդիր․ փաստահավաք և իրավական գրագետ մեխանիզմներով թուրք-ադրբեջանական տեռորիստական դրսևորումների և ռազմական հանցագործությունների դեպքերի բացահայտման ու դատապարտման համար հող նախապատրաստելը` մի կողմից, այլև թշնամու հնարավոր կեղծ, շինծու մեղադրանքները հիմնահատակ ջախջախելու հիմքեր ստեղծելը՝ մյուս կողմից։ Ես գիտեմ, որ Արցախում այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարվում է, տեսանելի է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարևոր աշխատանքը, շատ էական եմ համարում քրեական հետապնդման հայկական մարմինների գործունեությունը որոշիչ հիմքեր ստեղծելու և հիմնավորումներ ձևակերպելու գործում։ Տիտանական ծավալի աշխատանք կա, բայց կենաց-մահու կռվին զուգահեռ, մենք պարտավոր ենք սա էլ աչքաթող չանել։

-Ի՞նչ գնահատական կտաք համանախագահող երկրների, ԵՄ-ի խոշոր տերությունների դերին և ազդեցությանն իրավիճակի կայունացման հարցում։

-Հուսով եմ` այս պատերազմը մեզ համար վերջնական դաս կլինի «թղթե շերեփներով» և բարոյական հաղթանակներով մեր ազգի պատմությունը կերտելու կամ օրհասական իրավիճակներում «քաղաքակիրթ» աշխարհի վրա հույս դնելու կործանարար մտայնությունը ազգային պրագմատիզմի աղբաման նետելու համար։