Մենք հավերժ ենք մեր լեռների պես

Մենք հավերժ ենք մեր լեռների պես

Չկեղծեմ, եղել է, որ հիասթափվել եմ ազգակիցներիցս՝ երեսպաշտության, նյութապաշտության, անհամերաշխության, հոգեւոր արժեքներից հեռանալու պատճառով։ Բայց, ո՜վ հրաշք, գալիս է երկրի համար ճակատագրական պահը, եւ ասես ճեղքելով աներեւույթ կախարդական պատյանը՝ երեւան են գալիս մեր մեջ դարերի ընթացքում անթեղված ազնվագույն հատկանիշները։ Աստված իմ, ի՜նչ է կատարվում պատերազմի այս օրերին աշխարհի հայերի հետ։ Չգիտեմ, որեւէ այլ հասարակություն կարո՞ղ է համեմատվել մեզ հետ՝ այսօրվա մեր միասնությամբ (անտեսելով ՖԲ-յան որոշ անբուժելի հիվանդներին)։

Պատմական, հերոսական օրեր ենք ապրում։ Կյանքի ու մահվան կռիվ ենք տալիս թուրք-ադրբեջանական ժահրի դեմ։ Ալիեւը մեծ եղբոր հետ որոշել է ջնջել հային եւ Հայաստանը երկրի երեսից (աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում)։ Հարձակումն անակնկալ չես համարի, իհարկե (մինչ այդ սպառնալիքի պակաս չի եղել), եւ, այնուամենայնիվ, թվում էր, թե խելամտությունը կհաղթի, ի վերջո 21-րդ դարն է, բայց․․․

Ուժերը, անշուշտ, անհավասար են, բայց տանդեմի մազոխիստ «էլիտայի» մտքով չէր անցնի, որ իրենց կարծիքով թուլացած երկրում հայ «ծռերը» միմյանց հետ «կռիվ» կտան՝ ճակատ մեկնելու համար, որ նրանց աշխարհասփյուռ եղբայրները պատրաստ են Արցախին թիկունք լինել։ Այո, օտար ահաբեկիչներին կաշառելով մարտադաշտ քշող թուրքերին հասու չէ հայրենիքին նվիրվելու այս անօրինակ մղումը։ Վիրավոր զինվորին առաջին օգնություն ցույց տալիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը, Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է փոխանցել համահայկական հիմնադրամին, Վահե անունով 6-ամյա մանչուկը հատը 100 դրամով ընկույզ է վաճառում՝ պարանոցին «Զինվորի համար» գրությամբ, տարեց կինն իր չնչին թոշակը փոխանցում է հիմնադրամին, փոքրամարմին 20-ամյա հրետանավորը խռպոտ ձայնով փորձում է բարձրացնել թիկունքում գտնվողներիս դուխը։ ԱԺ պատգամավորուհին ամբիոնից ասում է՝ պատրաստ եմ մեկնել ճակատ՝ կռվելու։ Սփյուռքի մեր հայրենակիցները թուրքերին դատապարտող ցույցեր են անում, փող հանգանակում։ Ստեփանակերտցի մի տարեց կին նստել է թուրքի ռումբից փլված տան շեմին եւ անթարթ նայելով տեսախցիկին, ասում է՝ մեզ կոտրել չի լինի, ադրբեջանցին ու թուրքը չէ, ով ուզում է գա։ Ազերիներն ու վարձկանները զոհվում են հազարներով։ Զոհվում են, ցավոք, նաեւ մեր քաջերը։

Իրականում ով է ազերին

Ասում են՝ լավ ու վատ ազգեր չկան։ Եվ արագ ավելացնում՝ ո՞ր գյուղը շուն չունի։ Ձեր անխոհեմ ծառան համարձակվում է այս կարծրատիպը (բնավ այլատյաց չլինելով) ընդունել վերապահումով։ Ազգերի որակը պայմանավորված չէ՞ նաեւ նրա անցած քաղաքակրթական ճանապարհով, վարքուբարքով, ավանդույթներով, պատմությամբ։ Նույնիսկ քարանձավաբնակը քնած իր նմանին կսպանե՞ր։ Սպա՛յի ձեռքով։ Քնած մարդուն կացնով սպանողը ազգակիցների կողմից կհերոսացվե՞ր։ Արյունախում մոջահեդն անգամ իրեն թույլ կտա՞ր ծեր մարդու գլուխը կտրել եւ ֆուտբոլ խաղալ։ Անհավատալի կթվա, բայց 88-ի երկրաշարժից հետո մեզ ուղարկվող հումանիտար օգնությունը թալանվում էր Ադրբեջանի տարածքում, եւ դատարկ վագոնների վրա գրվում՝ շնորհավորում ենք․․․ Ռուս հայտնի ռազմական գործիչ Ա․ Լեբեդի «Ցավ վասն տերության» հիշողությունների գրքից մի փոքրիկ հատված մեջբերեմ․ «․․․ յոթի երեկոյան «Վրեմյա» ծրագիրը հայտարարեց, որ Հայաստանում վիթխարի երկրաշարժ է տեղի ունեցել։ ․․․Ճնշող լռություն կախվեց ճեմասրահում։ Հանկարծ այդ լռությունը պատռեց մի ձայն, ավելի ճիշտ՝ ձայների փունջ, որը ձուլվեց ու դարձավ մի ընդհանուր ցնծացող ու բերկրալի ոռնոց՝ գնալով ավելի ու ավելի սաստկացող։ ․․․ Անխտիր բոլոր պատուհանների լույսերը վառ էին, բոլոր պատշգամբներին կանգնած մարդիկ բղավում, ղժղժում, հայ-հույ էին անում ու քրքջում։ Շրջանը շողշողում ու մոլեգնած ոռնում էր։ Իրենց քաղաքակրթված, այս կամ այն չափով դաստիարակված ու կրթված համարող մարդիկ, հարկ է ենթադրել՝ շատերը՝ հավատացյալ, Ղուրանի պատվիրաններին հետեւող, անվայել ու բարբարոսաբար ցնծում էին ուրիշ մարդկանց հսկայական ցավի առթիվ»։ Էլի՞ օրինակներ։ Միայն բարբարոսը կարող է նպատակային հրետակոծել հակառակորդի եկեղեցին՝ լավ իմանալով, որ այնտեղ ծերեր, կանայք ու երեխաներ են պատսպարված։ Հիշենք Բաքվի, Սումգայիթի ծրագրված անասնական ջարդերը տեղի հայերի նկատմամբ։ Այո, եղել են նաեւ դեպքեր, երբ կյանքը վտանգելով՝ ադրբեջանցիները փրկել են հարեւան հայերին։ «Քարե երազներ» վիպակում գրող Էքրեմ Էյլիսլին քաջություն է ունեցել (եւ հետապնդվել դրա համար)` ներկայացնելու 80-ականների վերջերին ծայր առած հայկական ջարդերը, խոսել երկու ժողովուրդների մերձեցման անհրաժեշտության մասին։ Բայց դրանք նրանց ազգի նկարագրում ֆոն չեն ստեղծում։ Դրանք խավար գիշերվա մեջ տեղ-տեղ առկայծող լուսատտիկներ են լոկ․․․ Այս լուսատտիկներից մեկն էլ Լեւոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքի հերոս Հասանն է, ով բեռ ու բողչով, մեր ու մանուկով, Ջեյրան կովն առաջն արած՝ 1988-ին քոչում է Այրումից՝ վեհանձնաբար, ուրիշի միջոցով Աշոտ քիրվային ուղարկելով իր պարտքի մնացորդը։ Բայց ոչ ոք հայ գրողի մազին չկպավ, չհաշված, իհարկե, մի քանի գրասերների հայհոյանքները։

Տղա ենք, պահելու ենք

Մենք համախմբվում, օրինակելի ազգ ենք դառնում արտակարգ իրավիճակների, դժբախտության ժամանակ։ Ուզում եմ հավատալ, որ դաժան պատերազմում հաղթելուց հետո ապրելու ենք իսկապես սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Եթե, իհարկե, իշխանությունները խելքի գան (ցավոք, այս ճակատագրական օրերին անգամ օրակարգային է 200 արցախցու ապաստան տված Գ․ Ծառուկյանին պատժելու դարակազմիկ հարցը՝ փոխանակ նրա հնարավորություններն ու կապերը երկրին ծառայեցնելու)։ Արդ, ի՞նչ ընդհանրություններ ունենք ազերիների հետ։ Դատենք։ Նրանք, իրենց արժեհամակարգին հարազատ, տարատեսակ ավերիչ համակարգերով, ԱԹՍ-ներով գիշեր ու զօր ռմբահարում են Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, մյուս բնակավայրերը, ֆաշիստներին գերազանցելով՝ թիրախավորում դպրոցներ ու մանկապարտեզներ, բնակելի թաղամասեր։ Իսկ 90-ականներին լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն իր մարտիկներին խստորեն հրահանգում էր՝ անզեն մարդուն չխփեք, փախչող մարդուն չխփեք։ Նույն պատերազմում զոհված խարբերդցի Արայիկի թաղման օրը նրա մայրն ասել էր․ «Հիմա մի թուրքի լամուկ լիներ՝ գլուխը ջնջխեի»։ Օրեր անց Արայիկի ընկերները մի գերի թուրքի չոքացնում են Արայիկի մոր առջեւ՝ մեր ջան, վրեժդ լուծիր։ Նա երկար նայում է գերու անկենդան աչքերի մեջ ու ասում՝ տարեք սրան, մայր կունենա․․․ 

1992-ն էր, պատերազմի թեժ շրջանը։ Շուռնուխում ՀԱԲ-ի կամավորականների հետ խոսում էինք թշնամու վայրագություններից․ 
- Ախպեր,- ասում էր Ալիկը,- դրանք չեն նայում ո՛չ երեխա, ո՛չ կին, ո՛չ ծեր՝ մորթում են, իսկ մենք ջենտլմենություն ենք անում որ ի՞նչ։
- Եթե մենք դաժան լինենք,- ասում էր Սայաթը,- կխրատվեն։
- Տղերք,- հրամանատար Վարդանն էր,- եթե մենք էլ նույնն անենք, ինչո՞վ ենք տարբերվելու թուրքերից։
Բանավեճի վերջում համաձայնեցին, որ անմեղ մարդուն սպանելը տմարդություն է։ Ճիշտ, թե սխալ՝ սա ենք մենք։ Իրեն համաշխարհային մաչո երեւակայող Էրդողանն այս պատերազմում բացեիբաց Թուրքիան դարձրեց հակամարտության կողմ։ Մոլագարն ուզում է հայերի ու ցեղասպանության հարցը, որպես գորդյան հանգույց, լուծել յաթաղանի (այս դեպքում՝ ժամանակակից գերհզոր զենքերի եւ անհայրենիք բաշիբոզուկների միջոցով) մեկ հարվածով։ Սրան հիշեցնենք ստեփանակերտցի տարեց կնոջ խոսքը՝ մեզ կոտրել չի լինի, թուրք չէ, ով ուզում է գա։
Ի դեպ, «օկուպացված» հողերն անհամեմատ շատ կլինեին, եւ նույնիսկ կխարխլվեին Ադրբեջան կոչված պետության հիմքերը, եթե խաղաղության անխոնջ մունետիկ Լ․ Տեր-Պետրոսյանը չկաշկանդեր մեր զորքերի առաջխաղացումը։ Նա կարծում էր (չգիտեմ՝ որքան անկեղծորեն), թե տարածքներ զիջելով՝ Ադրբեջանը հանգիստ կթողնի մեզ։ Հակառակ դեպքում՝ «տղա եք, պահեք»։

Ու մենք հիմա ցույց ենք տալիս, որ տղա ենք։

Այդ օրերի Գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է․ «Հերթական բարձունքը գրավելիս հանկարծ հրաման էր գալիս՝ կասեցնել գրոհը։ Մենք երբեմն ձեւացնում էինք, թե կապը խաթարված է, եւ առաջ էինք գնում։ Կարող էինք հիմնովին կոտրել Ադրբեջանի ողնաշարը․․․»։ Միշտ զուսպ մարտական գեներալը չի թաքցնում վրդովմունքը․ «Հաղթող երկիրը՝ նոնսենս, զինադադարի պայմանագիր է կնքում՝ անվերապահ կապիտուլյացիայի փոխարեն»։ Այո, հիմնավոր պայմանագիր կնքելու դեպքում, թերեւս, չէին լինի ապրիլյանը, հուլիսյանը եւ, վերջապես, սեպտեմբերյան այս լայնամասշտաբ՝ մահու եւ կենաց պատերազմը, չէին լինի հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ, ավերածություններ։

Հպարտ եմ, որ հայ եմ 

Որտեղի՞ց է հաղթանակի նկատմամբ մեր վստահությունը։ Նախ՝ հայերը լավ ռազմիկներ են եւ իրե՛նց հողն են պաշտպանում։ Արցախում եւ Հայաստանում այսօր չկան սեւեր ու սպիտակներ, նախկիններ ու ներկաներ։ Չկան կուսակցություններ։ Կան հայրենիքի նվիրյալներ։ Ի պատիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, պայքարի մեջ ներգրավվել են պետական եւ ռազմական կարող ուժերը, պաշտպանության նախկին նախարարները։ Որովհետեւ ողջ սփյուռքն է կանգնած մեր թիկունքին։ Որովհետեւ այլ տարբերակ պարզապես չկա։
Ազերին ու թուրքը չեն հասկանում ամենակարեւորը՝ իրենց վայրագություններով խթանում են մեր փոքր-ինչ թուլացած իմունային համակարգը, ուժեղացնում, համախմբում են մեզ։ Բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի ոգեղեն հեւքով Կոմիտասի «Կռունկ»-ն է թեւում Ղազանչեցոց եկեղեցու խոցված գմբեթի տակ։ Խոցված խաչ ու զարմացած սրբապատկեր․ կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս․․․

Շնորհակալություն, Սեւակ ջան, հարյուրավոր հրթիռներն այս ուժը չէին ունենա․․․ Մենք այսկե՛րպ պետք է նաեւ հաղթենք։ 

Այսօր Իլհամն ասում է՝ պատրաստ ենք Երեւանի հետ բանակցել։ Կա՛մ բավարարված է ռազմական արդյունքներից, կա՛մ վհատված է եւ կա՛մ հույս ունի բանակցություններում ուզածին հասնել։ Բայց քանի դեռ մեր թշնամուն թելադրողը պայմանավորված հրադադարի վրա թքած ունեցող Էրդողանն է, թնդանոթները չեն լռի․․․ Բոլոր դեպքերում, այս անգամ մենք պարտավոր ենք (որքան էլ ծանր լինի) եկող սերունդների համար ապահովել կայուն, երաշխավորված խաղաղություն եւ անձեռնմխելի Արցախ։
Վերջում՝ մի քանի խոսք Իլհամ կոչվածին։ Այ տնաքանդ, այ խեղկատակ, քո դառը փորձը պետք է հուշեր, որ Արցախը նվաճելու համար նախ անհրաժեշտ է 10 միլիոն հայերի ոգին կոտրել, ինչը, համոզված եղիր, աշխարհում ոչ ոք չի կարող անել (նորից հիշիր ստեփանակերտցի տարեց կնոջ խոսքերը)։ Ի՞նչ մեղք էին գործել մեր հարյուրավոր զինվորները, նրանց կողքին կանգնած հայրերն ու անգամ պապերը, խաղաղ քաղաքացիները, ծերերը, կանայք ու երեխաները, որ զոհվեցին, խեղանդամ ու անտուն դարձան։ Նրանց մեղքն այն է, որ ուզում են սեփական հողում ազատ ու արժանապատի՞վ ապրել։ Դու ո՞ւմ շունն ես, որ հարյուր հազարավոր մարդկանց (այդ թվում՝ քո երկրի) ճակատագրեր խեղեցիր։ Ուզում էիր Մեծ հայրենականում մարշալներ, գեներալներ, հերոսներ տված Արցախին ծնկի՞ բերել։ Երեք մատի կոմբինացիա քեզ։ 
Հերթական անգամ մեզ ու աշխարհին ապացուցում ենք, որ մեր հավաքական ոգին անպարտելի է։ Կրկնեմ այս օրերին հազարավոր հայրենակիցներիս սրտաբուխ «խոստովանությունը»․
- Ես հպարտ եմ, որ հայ եմ․․․

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ