Նորից կարդանք պաշտոնական հայտարարությունները

Նորից կարդանք պաշտոնական հայտարարությունները

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց. «Սիրելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել՝ կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն»: 

Դրան հաջորդեցին ֆեյսբուքյան գրառումները, սկսվեց դավաճանների փնտրտուք, մասնավորապես նշեցին Վիտալի Բալասանյանի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների անունները, որոնց լուսանկարները տարբեր գրառումներով տարածում էին որոշ ֆեյքեր: Իսկ օրերս տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ այդ հայտարարության շուրջ հարց է ուղղվել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս պատասխանել է, որ դա դեռ չի ապացուցվել, եւ առաջարկել է չկենտրոնանալ դրա վրա, քանի որ դրա ժամանակը չէ: Այսինքն, իրավապահները դեռ ապացույցներ չեն տնօրինում: Իսկ հայտարարությունը լսողները վստահ են, որ արդեն ամեն ինչ ապացուցված է: Պատկերացնո՞ւմ եք՝ լրատվամիջոցներն այս օրերին նման հայտարարություններ անեին եւ ինչ-որ մարդկանց մեղադրեին այս կամ այն արարքի մեջ։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։