ԱԱԾ-ն «հետին թվով» գաղտնալսել է Նաիրա Զոհրաբյանի խոսակցությունները

ԱԱԾ-ն «հետին թվով» գաղտնալսել է Նաիրա Զոհրաբյանի խոսակցությունները

ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որը բազում հարցերի տեղիք է տալիս, եթե չասենք՝ պաշտոնական հանցանքի մասին հաղորդում է, որը վկայում է, թե ինչքան է օրենք ոտնահարվել մեզանում եւ Ազգային անվտանգությունն ինչպես է դանդաղ վերածվում «կագեբեի»։

Պարզվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկություններ է ստացել, որ ԲՀԿ-ն խախտումներ է կատարել ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում, այլեւ Երեւանի անվագանու։ Մասնավորապես պարզել է, որ մոտ 100-120 հազար մարդու գրանցումը փոխելու միջոցով դարձրել են Երեւանի ընտրող եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել։ Այսքան մասում ամեն ինչ նորմալ է։ Եւ թվում է՝ հաջորդիվ ԱԱԾ-ն մասնակի կբացահայտի, թե դրանք ինչ տեղեկություններ են՝ ինչ փաստական հիմքի վրա կառուցված։ 

Դրա փոխարեն ԱԱԾ-ն  շարունակության մեջ մի խայտառակ քաղաքական տեքստ է հրապարակում այն մասին, որ «2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ»։ Սա էլ դեռ ոչինչ, շարունակության մեջ արդեն հայտնաբերում են ԱԱԾ, իմա՝ իշխանությունների մյուս թիրախին՝ Նաիրա Զոհրաբյանին, ով այսօր ամենաակտիվն է ԲՀԿ-ում եւ ամենից շատ է քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Էլի կարելի էր հաշտվել այս իրողության հետ՝ դե, եթե հայտնաբերել են, թող գործ հարուցեն, քննեն, հետո տանեն դատարանում ապացուցեն ու պատժեն։ Բայց մեր Քյարամյանական ԱԱԾ-ն մի նոր՝ առավել ուշագրավ հնարք է գտել։ 

Պարզվում է՝ գաղտնալսել են Նաիրա Զոհրաբյանի խոսակցությունները, այն էլ՝ հետին թվով, ինչը ուղղակի մարդու իրավունքները կոխկրտել է նշանակում։ Նրանք դրա անունը դրել են «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», բայց որոնք կատարվել են ոչ թե 2020 թվականին, այլ 2017-18-ին։ Բնականաբար՝ առանց դատարանի որոշման։ Եւ ով զարմանք, պարզել են, որ Նաիրա Զոհրաբյանն այդ խոսակցությունների ժամանակ »բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝  նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ»։ 

Ավելին, «համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում նա  բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:

Եւ հանճարեղ հետություն․ «Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով՝  իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել»։
Այսպիսի խայտառակություն անգամ եժովյան Կագեբեն չէր անում 30-ական թվերին։ Ուշքի եկեք՝ ուր եք տանում երկիրը, պարոնայք։