Ծառուկյանն ինքն իրեն դատապարտեց մինչև վերջ գնալուն

Ծառուկյանն ինքն իրեն դատապարտեց մինչև վերջ գնալուն

Կիրակի օրվա բուռն իրադարձությունները՝ Ծառուկյանի տուն ԱԱԾ-ի մտնելը, նրան հարցաքննության կանչելը, ԱԺ պատգամավորների վրա բիրտ ուժ կիրառելը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարություն հնչեցրեց կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին: Դրան զուգահեռ, ԲՀԿ-ն «հաշվետվություն» է պահանջում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ֆինանսական հոսքերի ու ծախսերի հետ: Իսկ սա վարչապետի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենախոցելի տեղերից է. այստեղ շատ մութ հարցեր ու խութեր կան:

ԲՀԿ-ն էլ եկել ու բզբզում է իրենց ծախսերը… Դրա հետեւանքը եղավ այն, ինչ եղավ նախօրեին: Մինչ այդ Փաշինյանն ուժային կառույցներում շատ արագ նշանակեց յուրայիններին, իսկ սա նշանակում է, որ նա պատրաստ է բիրտ ուժով ճնշել իր իշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ցանկացած քննադատություն ու այլախոհություն: Փաշինյանը, ակնհայտորեն, գնում է դեպի բռնապետություն ու գնում է ավելի արագ քայլերով, քան գնացին նրան նախորդած իշխանությունները: Արդեն ակնհայտ է, որ նա իր խարխլված իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի ու կգնա մինչեւ վերջ…

Երեկ, սակայն, մինչեւ վերջ գնալու մասին մի հայտարարություն էլ արեց Գագիկ Ծառուկյանը. «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»: Ի՞նչ էր սա. էմոցիոնալ, զայրույթի պահին արված հայտարարությո՞ւն, թե՞ լավ մտածված ու պատասխանատու խոստում: Չէ՞ որ քաղաքականությունն այնպիսի կեղտոտ դրսեւորումներ ունի, որ այնտեղ ոչինչ բացառված չէ: Նման հայտարարություն անելիս պետք է հաշվի առնել նաեւ դիմացինի բարոյականության չափանիշները: Երբ դիմացինդ առանձնապես աչքի չի ընկնում բարոյականությամբ, պատրաստ է ամեն անբարոյական միջոցներով ոչնչացնել ամեն ինչ, քեզ, քո ընտանիքին, հարազատներին, ամբողջ կյանքում քո ստեղծածը, հետեւաբար, ինչպե՞ս կարող ես նման վստահ ու կտրուկ հայտարարություն անել: Չէ՞ որ այդ հայտարարության հետեւանքները շատ բարդ ու ճակատագրական կարող են լինել թե՛ մինչեւ վերջ գնալու, թե՛ կեսից ետ կանգնելու դեպքում… Կեսից ետ կանգնելը տղամարդու համար բարոյապես ոչնչանալուն հավասար ինքնահայհոյանք է: Արժե՞ր նման հայտարարություն անել. իհարկե՝ ոչ: Իսկ անելուց հետո Ծառուկյանն ինքն իրեն դատապարտեց մինչեւ վերջ գնալուն… իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով…