Քաղաքացու կանոնազանցությունը՝ իշխանության օրինազանցության «պատասխան»
Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ երկամյա պաշտոնավարման ընթացքում հասցրել է շատ մասնագետների հացը խլել, հիմա էլ ազգագրագետների հացն է խլում` մտնելով մասնագիտական մի տիրույթ, որտեղ նույնիսկ պրոֆեսիոնալներն են զգուշավոր։ Նորահայտ մեր «էթնոլոգը» (Երվանդ Լալայանի ըստ ամենայնի ապաշնորհ հետնորդը) օրերս փորձել է արտակարգ դրության պայմաններում իրեն եւ իր կառավարության սահմանած կանոններին չենթարկվելու իրողությունը մեկնաբանել հայ ժողովրդի էթնիկ առանձնահատկություններով, մասնավորապես՝ նրա դժվար պատմության թողած հոգեբանա-ազգաբանական բացասական նստվածքով։ «Քանի որ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակառակ է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգն ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ։ Այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ։ Մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված։ Հետեւաբար, պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ շատ հաճախ ասոցացվել է բռնության հետ»,- ասել է նա։
Նկատենք, որ վարչապետը շփոթում է «կարգ» եւ «կարգապահություն» հասկացությունները, այն դեպքում, երբ դրանք բացարձակապես տարբեր բաներ են։ Եվ դրանց շփոթն ուղղակի զավեշտի է հասնում, երբ արտակարգ դրության պայմաններում պարետատուն կոչված ինչ-որ անհասկանալի կառույցի սահմանած ինչ-որ ժամանակավոր կանոններ մեր նորընծա էթնոլոգը քննում է «պետական կարգի» համապատկերում։
Կարնո բարբառում հազվադեպ գործածություն ունեցող մի բառ կա՝ «լրջկվել», որը, չնայած իր «լուրջ» արմատին, նշանակում է բոլորովին հակառակը՝ անլրջանալ, լրջությունը կորցնել, թեթեւսոլիկանալ։ Ահա, մեր կառավարության անդամները՝ վարչապետից սկսած, որ պիտի սեփական վարքով ու գործողություններով իրենց սահմանած ժամանակավոր կանոնների հանդեպ լուրջ վերաբերմունք մշակեին, ամբողջ այս ընթացքում «լրջկվում» էին՝ ձեռ առնելով կորոնավիրուսը, հեգնելով դրա վտանգավորությունը, ծաղրելով լրագրողներին, հարստացնելով ժողովրդական բանահյուսությունը կորոնա-դարձվածքներով ու ասացվածքներով։ Ուրեմն հասկանալի չէ, թե ումի՛ց են նեղացած հիմա, երբ «լրջկվածների» իրենց կառավարությունը, որպես համարժեք պատասխան, ստանում է հասարակության անլուրջ վերաբերմունքը։
«Մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար (իմ ընդգծումն է՝ Լ․ Ս․)»․ սա շատ անխոհեմ, վտանգավոր, ավելին՝ դավադիր պնդում է, որովհետեւ պետության ղեկավարն իր բերանով իր իսկ ժողովրդին «օժտում» է պետականության հանդեպ հոգեբանական ընդդիմության կարգավիճակով։
Ի դեպ, կ ա ր գ ի մասին։ Վարչապետը չունի այդ բառի խորքային ընկալումը։ Աշխարհում շատ չեն ազգերը, որոնք այնպիսի բացառիկ հարգանք, նվիրումի հասնող պատկառանք ունենան կ ա ր գ ի հանդեպ, ինչպիսին հայ ազգը։ Կարգը, որի հոմանիշներ կարող էին լինել սովորույթը, ավանդականությունը, բարոյական պարտավորությունը եւ պատասխանատվությունը, հայի ազգային հոգեկերտվածքի առանցքն է, որի շուրջ նա կարողացել է հավաք եւ ամուր պահել իր ընտանիքը, իր տոհմը, իր շենը, իր հայրենիքը։ Այո, հայը հարյուրավոր տարիներ չի ունեցել պետականություն, բայց նա երբեք չի եղել անհայրենիք, իսկ հայրենիքները պահվում են էթնիկ ընդհանուր գիտակցության անսասան կ ա ր գ ի շնորհիվ, նրա վրա հիմնված։ Ն․ Փաշինյանը կարգն ընկալում է որպես մասնավոր պահելաձեւ, այսինքն՝ վարքի անհատական դրսեւորում, բայց դա որեւէ ընդհանուր բան չունի «պետական կարգի» հետ, ինչի մասին մակերեսային ու մանիպուլյատիվ դատողություններ է անում նա։
Հիմա՝ ամենագլխավորի մասին։ Համավարակի տարածման առնչությամբ Ն․ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը հիմնվում է այն պատկերացման վրա, թե դրա պատճառը մարդկանց անհատական սխալ վարքն է, այդ թվում նաեւ՝ անհնազանդությունը հաստատված կանոններին։ Ն․ Փաշինյանի մտքով չի՞ անցնում, որ համընդհանուր այս «անհնազանդության» բուն ակունքն իշխանության ներսում է, ավելի ստույգ՝ դրա պատճառը հենց ինքն է՝ իշխանությունը։ Եթե իշխանությունը, որն իրեն իրավունք է վերապահում իր տարբեր գործողություններում լինել ապօրինի, օրինազանց, ավելին՝ օրենքը դարձնել սեփական նեղ անձնական կամ կուսակցական շահերի սպասարկու եւ ծառա, ինչո՛ւ է զարմանում, որ կառավարության ամենօրյա օ ր ի ն ա զ ա ն ց ու թ յ ա ն ը սովորական քաղաքացին պատասխանում է ամենօրյա կ ա ն ո ն ա զ ա ն ց ու թ յ ա մ բ։
Եթե ընդամենը քաղաքական մի հայտարարության պատճառով որեւէ քաղաքական ուժի, նրա առաջնորդի դեմ անհապաղ հրապարակ են նետվում զանազան կոմպրոմատներ, ընդ որում՝ կարեւոր չէ որքանո՛վ հիմնավոր եւ արժանահավատ, եթե իշխանությունն ինքը վաղուց ոչնչացրել է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը եւ նույնիսկ վարչապետի ընտանիքի անդամի «մակարդակով» է տեղյակ նախաքննական գաղտնիք հանդիսացող զանազան փաստաթղթերից, ուրեմն մենք հազիվ թե ապրում ենք իրավական այնպիսի երկրում, որի իշխանությունը բարոյական իրավունք ունի քաղաքացուց կարգապահություն պահանջել՝ սեփական աղաղակող ապօրինությունների դիմաց։
Եվ շատ լավ գիտակցելով, որ բարոյական իրավունք չունի, ամենաբարձր «մակարդակով», ահա, ներխուժում է ազգագրության ոլորտ՝ նույնիսկ գիտությունն իր շահերի սպասարկու եւ ծառա դարձնելու ինքնավստահությամբ։
Կարծիքներ