Մարդ էլ կա՝ էս նեղ մաջալին լուսացույց է ուզում

Մարդ էլ կա՝ էս նեղ մաջալին լուսացույց է ուզում

Կորոնավիրուսից շատ օրեր առաջ Երևանի Աճառյան փողոցում իսկական տոն էր: «Քարի մոտ» կոչվող տեղանքում գտնվող հետիոտնային անցումը վերջապես կահավորվել էր հետիոտնի կողմից կառավարվող «կանչի» լուսացույցով: Ավանի սեփական հատվածի բնակիչները երկար էին պայքարել դրա համար, և լուսացույցը, կարելի է ասել, տեղադրվել էր նրանց համառ պայքարի շնորհիվ: Պետավտոտեսչությունն ու մայրաքաղաքի երթևեկության պատասխանատուները տարիներ շարունակ աչք էին փակում բնակիչների խնդրանք-բողոքների վրա, իսկ քաղաքացիները որոշակի պարբերականությամբ հայտնվում էին ավտոմեքենաների անիվների տակ: Եվ մի գեղեցիկ օր, վերջապես, լուսացույցը տեղադրվեց: 

Լուսացույցն այսօր էլ, տեղադրումից մեկ ամիս անց, շարունակում է զարդարել հետիոտնային անցումը, բայց միայն այդքանը: Այն չի աշխատում, միացված չէ հոսանքին, և մարդիկ անցուդարձ են անում՝ վտանգելով իրենց կյանքը: Ինչո՞ւ: Կորոնավիրո՞ւսն է պատճառը, որ էս քաղաքում մի կենդանի էլեկտրիկ չի ճարվում, թե՞ պատկան մարմիններն սպասում են հերթական վրաերթին կամ վթարին, որոնք անպակաս են այստեղ:

Հետո էլ կասեք՝ «ժող ջան», դուխով, ֆլան, ֆստան: Ո՞ւր է կոռուպցիոներների գլոխ կտրող քաղաքապետը, ինչո՞ւ չի հետաքրքրվում Ավան վարչական տարածքի բնակիչների խնդրով: Չենք ասում՝ վեր կենա, գա Ավան, միամիտ վարակվի կորոնավիրուսով: Մի՞թե չի կարող ՖԲ իր էլեկտիկ ընկերներին «խնդրել», որ միացնեն լուսացույցը: Փող չկա՞: Դա էլ մենք կտանք, միայն թե միացնեն: