Մարուքյանն աշխատավարձն է տվել, մի մասնիկն էլ վարչապետի մոտ  է. ո՞ւր է հասել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախագիծը

Մարուքյանն աշխատավարձն է տվել, մի մասնիկն էլ վարչապետի մոտ  է. ո՞ւր է հասել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախագիծը


«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը տևական ժամանակ է «Տնակից տուն մեկ քայլ է»խորագրով  ծրագիրն է իրականացնում՝  հսկա խճանկարի վերածելով  գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի  «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Նկարի 15.000 կտորները 1000դրամով վաճառելու դեպքում հիմնադրամի բյուջե   15մլն դրամ կմուտքագրվի,ինչը հնարավորություն  կտա 2-3 անօթևան ընտանիքի համար  բնակարան  գնել:  Հիմնադրամի կամավորները շուրջ մեկ ամիս է՝ առավոտից ուշ  երեկո Վարդանանց հրապարակում   անցորդներին են  վաճառում նկարի ամենափոքրիկ մասնիկները: Սեպտեմբերի 21-ը ծրագրի վերջին օրն է: «Գյումրու երկխոսության մեդիա» կենտրոնում կազմակերպիչները,  ամփոփելով  ծրագիրը, նշում են, որ նախաձեռնությունն հաջողված էր եւ հնարավոր է՝ շարունակական  բնույթ կրի:

 «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանի խոսքերով՝ սկզբում  վաճառքը դանդաղ  է ընթացել,  բայց հետո մեծ  թափ է առել: Հիմնականում գնել են անցորդները, իրենց ձեռքով տեղադրել: Մասնակցություն են ունեցել նաև մեծ թվով պաշտոնյաներ, ինչպես նաև դպրոցների, բուժհաստատությունների, բուհերի, քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխակիցներ:Հիմնադրամի տնօրենը մեկ առ մեկ դժվարանում է նշել բոլորին, սակայն եղել են մարդիկ,ովքեր 1փազլի համար 1000դրամից շատ  ավելին են վճարել: Օրինակ 400հզր դրամ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է տվել, իր աշխատավարձն է տրամադրել պատգամավոր Էդմոն Մարուքյանը, եւ այսպես շարունակ: Նշենք,որ մոտ 3000 մասնիկ դեռևս չի վաճառվել, սակայն կազմակերպիչները վստահ են, որ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, քաղաք այցելած հյուրերը  բացը կլրացնեն: Աճուրդի կհանվի նաև արդեն իսկ պատրաստի  խճանկարը: Ի դեպ, խճանկարի  կտորներից մեկն  էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է: Նա դեռ մեկ ամիս առաջ էր այն գնել՝ խոստանալով անձամբ գալ ու տեղադրել իր մասնիկը:   

Անդրադառնալով նկարին՝ նշենք, որ նկարի ընտրությունը պատահական չէր: «Իմ այդ նկարաշարքի մեխը ընտանիքն  է, ընտանիքի պահպանումը: Նկարը՝ «Խոստացած մատաղ»-ն է: Տատն ու պապը  մատաղ են խոստացել թոռներին, եւ ավանդույթի համաձայն  նկարվել  են մատաղացու գառի  հետ»,-պատմում  է նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը: Նա նկարը նվիրել է հիմնադրամին  եւ նույն նպատակի համար պատրաստ է  երկրորդ   նկարը  տալ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս  Գրիգորյանն էլ նկատում է, որ այս նախագիծը  ամենամեծ ներդրումը բերեց հիմնադրամին:Սպասվում է, որ նմանատիպ մի նախագիծ էլ կիրականացվի  Երևան քաղաքում, բայց արդեն խճանկարի մեկ մասնիկի արժեքը ոչ թե 1000, այլ 5000 դրամ կարժենա: