Գազապաստարանը փլման վտանգի տակ է

Գազապաստարանը փլման վտանգի տակ է

Քաղաքացի Հրանտ Գաբրիելյանը, որը բնակվում է Նոյեմբերյանում, դիմել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։

Նրա խոսքով՝ 80-ականներին սեփական միջոցներով գազապաստարան է կառուցել, սակայն այսօր այն փլման վտանգի տակ է։

«Սեփական ուժերով կառուցած գասապաստարանը համայնքապետարանի մեղքով այսօր կարող է փլվել։ Այն գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կամոյի 8 շենքի շրջակա տարածքում։ Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ համայնքի ղեկավարությունը որոշեց այդ տարածքը դարձնել մանկական  խաղահրապարակ։ Խաղահրապարակը կառուցելուց հետո համայնքապետարանը ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի անձրևաջրերը չլցվեն ներս»,-նշում է Հրանտ Գաբրիելյանը։

Հրանտ Գաբրիելյանը պատմում է, որ դիմել է նաև համայնքապետարան գազապաստարանը սեփականաշնորհելու համար․ «Գրավոր դիմեցի համայնքապետարան գազապաստարանը սեփականաշնորհելու համար, որպեսզի ես իմ անձնական միջոցով էդ բոլորը սարքեմ, չփչանա։ Ինձ պատասխանեցին, որ գազապաստարանը ԱԻՆ-ում գրանցված չէ և ավելի լավ է գնաս քանդես, որովհետև  մենք այդտեղ ոչինչ չենք անելու։ Հիմա իրանք ոչինչ չեն անում, ինձ էլ թույլ չեն տալիս, որ ես անեմ»։

Քաղաքացին մեզ տրամադրեց նաև այն դիմումը, որով վերոնշյալ խնդրի վերաբերյալ դիմել է համայնքապետարան։ Մեզ տրամադրվեց նաև համայնքի ղեկավար Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կ․Հ․ Աբազյանի պատասխանը։