Բանկերի գերշահույթի 30 տոկոսը հանրությանը պետք է վերադարձվի

Բանկերի գերշահույթի 30 տոկոսը հանրությանը պետք է վերադարձվի

Ուրախությամբ տեղեկանում ենք, որ 2022 թվականին բանկային համակարգում շահույթներն աննախադեպ են եղել՝ պայմանավորված արտասահմանից մասնավոր տրանսֆերտների նշանակալի աճով. նախորդ տարվա համեմատ՝ 36%-ով: Դա հանգեցրել է նրան, որ բանկերի շահութաբերությունը բարձրացել է երեք անգամ, իսկ ստացված շահույթը կազմել է 256 մլրդ դարամ: Հայտնի պատճառներով՝ վերջին ժամանակներում տրանսֆերտների սպասարկման դիմաց ստացվող շահույթը, թվում է, թե չի կարող պատկանել միայն բանկերին: Այդ շահույթի առնվազն 30 %-ը բանկերը կամավոր, թե՝ պարտադիր պետք է նվիրաբերեն պետությանը՝ նպատակային ծրագրերի իրականացման համար: Այդպիսին կարող են լինել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև երկրի անվտանգությանն առնչվող հատուկ ծրագրերը: Ի վերջո, պետք է սահմանազատել մեծ ջանքեր պահանջող աշխատանքի արդյունքում ստացված շահույթը, այդպիսին չհանդիսացող շահույթից; Սա բացարձակ ռենտայի նման մի բան պետք է լինի, այսինքն՝ պետության լրացուցիչ եկամուտ, որը ստացվում է կապիտալից, հողից, ունեցվածքից և կապված չէ ձեռնարկատիրական գործունեության հետ:

 

Նույնը կարելի է անել նաև այլ ոլորտներում: Օրինակ, մասնավորեցված հսկայական, տասնյակ հեկտարներով տարածքներով, շինություններով նախկին ձեռնարկությունների նշանակալի մասում ծաղկել է վարձակալությունը։ Վարձակալական վճարների նշանակալի մասն այդ նույն հիմքով կարող է գանձվել պետության կողմից: Կարելի է քննարկել նաև Երևանում և մյուս քաղաքներում տոնավաճառներից, մոլերից դիֆերենցիալ ռենտա գանձելու հարցը, այլ ոչ արհեստական խոչընդոտ ստեղծել, փորձել ոչ տնտեսական լծակներով դրանց վրա ճնշում գործադրել:

 

Գագիկ Վարդանյան