Միշելը «հարամո՞ւմ» է ռուս-ադրբեջանական «մեղրամիսը»…

Միշելը «հարամո՞ւմ» է ռուս-ադրբեջանական «մեղրամիսը»…

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ալիևին` փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր մանդատի իրականացման գործում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների. «Հեռախոսազրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր։ Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունը կոնկրետ նախագծերով է հանդես գալիս տրանսպորտի և կապի ոլորտում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանում COP29-ի անցկացման և այդ համատեքստում Եվրամիության և Ադրբեջանի համագործակցության հարցերին։ Միշելը Ալիևին խնդրել է ուրվագծել իր դիրքորոշումը Բրյուսելում Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև եռակողմ ձևաչափով հանդիպումների վերսկսման վերաբերյալ։ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը միշտ աջակցում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին»։

Հաղորդագրությունն ընթերցելիս կասկածանք է առաջանում. արդյոք Միշելը այն տարածաշրջանային կառույցն է ներկայացնում, որի հետ վերջին շրջանում Ադրբեջանի հարաբերությունները, մեղմ ասած, սրված են: Ադրբեջանական պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից: Պատվիրակության անդամները դուրս եկան վեհաժողովից եւ ասուլիսի ընթացքում մի լավ տեղը դրեցին ԵԽԽՎ-ին: Այդ նույն կառույցի տարբեր ներկայացուցիչներ սուր քննադատության են ենթարկում Ալիեւին, նրան համարում բռնակալ, կոռումպացված, ագրեսոր: Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան հարթակները, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ։ Եվրադիտորդները ներկա չէին, չէին հետեւում Ադրբեջանի նախագահակական ընտրություններին: 

Փետրվարի 7-ին կայացած ընտրություններից հետո եվրոպական քաղաքական ընտանիքի մյուս ներկայացուցիչները՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր զեկույցում փաստեց, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով եւ հակասել են ժողովրդական չափանիշներին։ 

Ու, հանկարծ, այս ֆոնին, Միշելի քաղցր-շոկոլադե շնորհավորանքը Ալիեւին… Ի՞նչ է սա նշանակում. Միշելը ոտնահարու՞մ է ԵԽԽՎ պատվիրակների որոշումներն ու հայտարարությունները, թե՞ ամեն ինչ համաձայնեցված է: Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր աշխարհաքաղաքական հարցերը հաղթականորեն լուծելուց հետո դուրս է եկել ԵԽԽՎ-ից եւ հիմա ՌԴ-ի հետ է սիրախաղերի մեջ: Ի՞նչ է անում Միշելը, հարամու՞մ է՝ իրեն եւ ԵԽ-ին դավաճանած Ալիեւի ու ՌԴ-ի մեղրամիսը: Թե՞ փորձում է ետ բերել Ադրբեջանին դեպի Եվրոպա՝ պոկելով ՌԴ-ի գրկից: Գնդակը Ալիեւի դաշտում է. ու քանի որ նա դիվանագիտության մեջ ճկուն է ու հեռատես, դեռեւս կորոշի, թե ու՞մ հետ կշարունակի. հայ-ադրբեջանական բանակցությունները: Երկու կողմին էլ կպահի սպասման դրության մեջ՝ ավելի լավ պայմաններ կորզելու համար: Ալիեւն ինքը կորոշի, թե «խաղաղության» պայմանագիրը ու՞մ «քավորությամբ» կկնքվի՝ Պուտինի՞, թե՞ Միշելի…Վերջին տարբերակի դեպքում դաշնության ղեկավարը շատ անհարմար դրության մեջ կհայտնվի: