Թուրքիայի երկինքը հայկական օդանավերի համար փակ է ավիացիոն սեւ ցուցակի պատճառով

Թուրքիայի երկինքը հայկական օդանավերի համար փակ է ավիացիոն սեւ ցուցակի պատճառով

Մամուլը տեղեկացրել էր, որ Թուրքիան, 44-օրյա պատերազմից սկսած, առանց որեւէ հիմնավորման, արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքն իր օդային տարածք։ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ փաստացի այս վիճակն է, թեեւ Թուրքիայի կողմից որեւէ աէրոնավիգացիոն տեղեկատվություն՝ NOTAM, չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքն իր երկինք արգելելու մասին։ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը վստահ է, որ Թուրքիան իր այս քայլը հիմնավորում է հայկական ավիացիոն իշխանությունների՝ ԵՄ ավիացիոն իշխանությունների «սեւ ցուցակում» հայտնվելով։

«ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը Հայաստանի ավիացիոն իշխանություններին կարմիր քարտ է ցույց տվել։ Այդ «սեւ ցուցակն» ասում է, որ քո տված որեւէ փաստաթուղթ ես հիմնավորված չեմ համարում։ Այսինքն, դու՝ որպես երկրի ավիացիոն իշխանություն, չես կատարում քո գործառույթները, դու չունես թռիչքային անվտանգության համակարգ, դու չունես օդանավերի թռիչքային պիտանելիության սերտիֆիկացման համակարգ, չունես օդաչուների սերտիֆիկացման համակարգ, եւ բազմաթիվ այլ նկատողություններ, որոնք կային աուդիտում։ Այսինքն, նա ասում է՝ ես քո տված փաստաթղթերին չեմ հավատում, դու չես համապատասխանում միջազգային պահանջներին եւ վերջ»,- մեկնաբանում է Հակոբ Ճաղարյանը։

Նա նշեց, որ միայն Թուրքիան չէ․ առաջինը հայկական օդանավերի համար այդ արգելքը դրել է Իսրայելը, մեր՝ «սեւ ցուցակում» հայտնվելու համար։ Փորձագետի խոսքով, ավելին՝ այս «սեւ ցուցակին» կարող է անդրադառնալ ցանկացած պետություն, որի ուղղությամբ հայկական օդանավերը թռիչքներ են կատարում։ Հիշեցնենք նաեւ այն, որ մեր ինքնաթիռներին արգելված է մտնել ԵՄ տարածք։ «Այնպես որ, Թուրքիան մենակ չէ, Եվրոպան առաջինն է արգելել։ Ես հասկանում եմ, որ, ի դեմս Թուրքիայի, մենք տեսնում ենք թշնամու, բայց տվյալ պարագայում մեր առաջին թշնամին մենք ենք»,- ասում է Ճաղարյանը։

Ինչ վերաբերում է բեռնատար ինքնաթիռներին, ապա ավիացիոն փորձագետը նշում է՝ ի հակասումն միջազգային օրենքների, Թուրքիան դեռեւս 90-ականների սկզբից արգելել է դեպի Հայաստան եւ Կիպրոս, ինչպես նաեւ՝ Հայաստանից եւ Կիպրոսից բեռնատար օդանավերի թռիչքը։ Պարզվում է՝ թյուր է տեղակատվությունը, թե ռուսական օդանավերն էլ չեն թռչում Վրաստանի երկնքով։ «Ընդամենը նախանցած տարվա օգոստոսի սկզբից դադարեցված են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները։ Այսինքն՝ Ռուսաստանի ցանկացած քաղաքից Վրաստանի ցանկացած օդանավակայան թռիչքները դադարեցված են։ Այդ հայտարարության առաջին իսկ ժամերին ես կազմակերպեցի այդ ուղղությունների կատարումը Հայաստանի տարածքով։ Ես վարչապետի էն ժամանակվա խորհրդականն էի, ստացա թույլտվություն, օդանավակայանների հետ համաձայնեցրի թռիչք-վայրէջքի ծախսերը, այսինքն՝ մինիմալ ծախսերով Թբիլիսի-Մոսկվա հաղորդակցությունն անցավ Հայաստանով, ինչին ադրբեջանցիներն արձագանքեցին երեքշաբթի օրը, բայց մեզ մոտ արդեն կազմակերպված էր»,- մանրամասնեց Հակոբ Ճաղարյանը։

Նշենք, որ, ըստ ՔԱԿ-ի, ադրբեջանական գրանցումով օդանավերը Հայաստանի երկինք չեն մտել 2014 թվականից, իսկ հայկական օդանավերը չեն օգտագործում այդ երկրի օդային տարածքը, քանի որ այս ուղղությամբ (դեպի արեւելք) թռիչքների պահանջարկ չկա:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանությունները մեծ ոգեւորությամբ խոսում են այն մասին, որ հռչակավոր Lufthansa-ն «Զվարթնոցից» թռիչքներ է իրականացնելու։

Ի պատասխան այս մասին մեր դիտարկմանը՝ Հակոբ Ճաղարյանն առաջարկեց չշփոթել թռիչքների ուղղությունները հայկական գրանցմամբ օդանավերի հետ։ «Եթե չեմ սխալվում՝ Ֆրանկֆուրտ էր, չէ՞։ Lufthansa-ի մուտքն ընդամենը նշանակում է, որ այդ՝ Երեւան-Ֆրանկֆուրտ ուղղությամբ ուղեւորափոխադրումների ծավալ կա, եւ Ֆրանկֆուրտի օդանավակայանը՝ որպես տարանցիկ, ուղեւորների հոսք ունի։ Եվ նաեւ նշանակում է, որ էդ ուղղությունը չի կարող կատարել հայկական ավիաընկերություններից որեւէ մեկը։ Երեւան-Փարիզ ուղղությամբ էլ պահանջարկ կա, բայց դրանից հայկական ընկերությունները չեն կարող օգտվել»,- ամփոփեց Հակոբ Ճաղարյանը։