Սրանք ԱԺ-ի եւ մամուլի փոխգործակցության ամենաչպատճառաբանված ու ամենաանհեթեթ որոշումներն են

Սրանք ԱԺ-ի եւ մամուլի փոխգործակցության ամենաչպատճառաբանված ու ամենաանհեթեթ որոշումներն են

Ազգային ժողովում հատուկ ռեժիմ հաստատած, լրագրողների տեղաշարժը սահմանափակած իշխանականները անվտանգության հատուկ միջոցառումների անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ «այս դահլիճում հոկտեմբերի 27 է եղել»։ Մինչդեռ անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Ազգային ժողովում նման քանակի մետաղորսիչներ ու պետական պահպանության վարչության աշխատակիցներ չեն եղել։ 8-րդ գումարման ԱԺ-ն գերազանցեց նախորդներին։

«Առավոտ» թերթի առցանցի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը, որն այդ դեպքերի ժամանակ ԱԺ դահլիճում էր եղել եւ ոճրագործությունից հետո էլ շարունակում էր աշխատել որպես «Առավոտից» խորհրդարանում հավատարմագրված լրագրող, հիշում է, որ մինչեւ «27»-ը ԱԺ-ում անվտանգության միջոցառումներն իրոք բավարար չէին։ «Բավարար էր միայն լրագրողական վկայականը ցույց տալ, եւ առանց ստուգման ներս էիր մտնում։ Այո, «27»-ից հետո  տեղադրվեցին սարքավորումները, որոնց միջոցով անցնում էիր այդ համակարգի միջոցով, եւ պայուսակդ էլ անցնում էր էդ զննման սարքի միջոցով։

Բայց այդքանն էր, ոչ մի ավել բան՝ այն պահից, երբ մուտքի մոտից անցնում էիր զննման բոլոր ընթացակարգերը։ Այլեւս ԱԺ դահլիճի դռան մոտ որեւէ ստուգում, զննություն չկար, որովհետեւ, մեղմ ասած, անիմաստ էլ էր։ Ի վերջո, բոլոր ստուգումներն անցնելուց հետո ի՞նչ իմաստ կա մի հատ էլ դահլիճի մոտ ստուգվել։ Եվ ոչ էլ սահմանափակումներ կային, թե հատկապես որ հարկաբաժինը կարող ես գնալ։ Ինչպես եղել էր դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ ԱԺ ողջ տարածքն ազատ էր լրագրողների տեղաշարժի եւ աշխատանքի համար»,- վերհիշում է Աննա Իսրայելյանը։

Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները լավ գիտեն, թե ինչ է նշանակում «աշխատանք խորհրդարանում»։ Սա նշանակում է, որ լրագրողներն ԱԺ-ի տարբեր հարկաբաժիններում ու մասնաշենքերում, միջանցքներում, բուֆետում, պատգամավորների սենյակներում ազատորեն շփվում էին օրենսդիրների հետ, հարցազրույցներ անում, մեկնաբանություներ եւ ինֆորմացիա ստանում։ Այսօրվա սխեմայով՝ էքսկլյուզիվ նյութեր անելը դառնում է անհնարին։ Միայն կոլեկտիվ բրիֆինգներ, այն էլ այն անձանց հետ, ովքեր իրենք են ուզում շփվել լրագրողների հետ։

Աննա Իսրայելյանն այլեւս խորհրդարանական լրագրող չէ, բայց իր գործընկերներից արդեն բավականաչափ դժգոհություն լսել է։ «Ըստ էության, այն, ինչ ուզում են անել, որ ներքեւում ինչ-որ սենյակ․․․ կամ առանձնացված տարածք կանեն կամ հետո կգան, լրագրողների հարցերին կպատասխանեն... Այդ բոլորը տարիներ ի վեր անընդհատ արվել են։ Ասենք՝ Խոսրով Հարությունյանի ժամանակ մտցվեց ԱԺ ճեպազրույցների ավանդույթը, որը մինչ օրս պահպանվում է։ Երբ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր եւ երբ չէր ուզում, որ  լրագրողներն իր հետեւից վազեին, ինչ-որ մի տեղ առանձնացվեց, որ պետք է այդտեղ դուրս գան։ Մեկ այլ ժամանակ՝ հատուկ տարածքներ առանձնացրին, որ լրագրողներն էնտեղ նստեն, այնտեղից հետեւեն նիստերին։ Բայց այդ ամենը հավելյալ հնարավորություններ էին, քո ընտրությունն էր՝ որտեղ նստել, ինչպես աշխատել, մեզ երբեք չեն ասել՝ դուք նստեք էս տարածքում եւ մի փորձեք դրանից դուրս գալ եւ բացառիկ նյութեր անել»,- ասում է Աննա Իսրայելյանը։ Նրա գնահատմամբ՝ սա, մեղմ ասած, Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ ԱԺ-ի եւ մամուլի փոխգործակցության ամենաչպատճառաբանված ու ամենաանհեթեթ որոշումն է։

Աննա Իսրայելյանի համար համոզիչ չէ «հիմնավորումը», թե այս շենքում «հոկտեմբերի 27» է եղել, եւ Նաիրի Հունանյանը լրագրող էր։ Ասաց․ «Նաիրի Հունանյանը, այո, լրագրող էր, բայց նախ՝ երբ մտավ ԱԺ, այլեւս վաղուց լրագրող չէր։ Երկրորդ․ իր հետ ներս մտածները լրագրողներ չէին, եւ Նաիրի Հունանյանը լրագրողական վկայականով չէ, որ ներս է մտել, այլ բոլորովին ուրիշ։ Ով մոռացել է այդ մասին, բազմաթիվ հնարավորություններ կան՝ հիշողությունը թարմացնելու, թե ինչպես է ինքը ներս մտել։ Եվ 99 թվականից հետո մեկ էլ հիմա հիշել, որ «քանի որ Նաիրի Հունանյանը լրագրող էր, հիմա լրագրողների առաջ սահմանափակում․․․ անկեղծ ասած, ծիծաղելի է եւ իրենց իրական մտադրությունները թաքցնող հիմնավորում է։ Բացարձակ համոզիչ չէ։ Իրենց կառավարության եւ խորհրդարանի մի ստվար հատված լրագրող է։ Եվ ի՞նչ դրանից»։

Հիշեցնենք․ նախկին լրագրողներ են Նիկոլ Փաշինյանը, Սիսակ Գաբրիելյանը, Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Լուսինե Բադալյանը։ Հարց տվեցինք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հիմա անում այն, ինչի դեմ ողջ գիտակցական «նախորդ» կյանքում պայքարել է․ սահմանափակում է լրագրողների աշխատանքը, նրանց քիլլեր է անվանում, երկրում ստեղծված վիճակի համար նրանց է մեղավոր համարում, բացահայտումներ արած լրագրողին՝ Նաիրի Հոխիկյանին, ԱԱԾ-ի կաբինետներով է քարշ տալիս, քրեականացնում է վիրավորանքը։ Աննա Իսրայելյանն ասում է․ «Թվում էր, որ նա, ով այդ փորձառությունն անցել է, չպիտի աներ էն, ինչ անում է։ Սկզբնապես, իրոք, փորձում էլ էր տարբերվել իբր․․․ ե՛ւ լուսաբանման իմաստով, հիշում եք՝ սկզբում իրենց այցերին բոլոր լրագրողներին տանում էին՝ առանց խտրականության, ասուլիսներ էին կազմակերպվում եւ այլն։ Այդ ամենը մնաց անցյալում, եւ հիմա մամուլի հետ շփումների իմաստով իրեն շատ ավելի վատ է պահում, քան եղել է առաջ։ Ավելի ճիշտ՝ նրանք էլ ասուլիսներ չէին տալիս, ինքն էլ չի տալիս, ու այն, ինչ սկզբնապես անում էր ցույց տալու համար, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, ավելի բաց ու հրապարակային է, որոշեց այլեւս, կոպիտ ասած, թիթեռ չնկարել»։