Ծանոթ-բարեկամով աշխատելն օրենքով արգելված չէ

Ծանոթ-բարեկամով աշխատելն օրենքով արգելված չէ

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն իրեն շրջապատել է ծանոթ-բարեկամներով, նրանց ընտանիքի անդամներով՝ ասաց «Հրապարակին» ահազանգած քաղաքացին՝ եզրակացնելով․ «Պետական կառույցը վերածել ա անձնական դուքյանի»։ 

Նամակագիրը, որն իր անուն-ազգանունը չի նշել, գրում է, որ էներգետիկայի վերահսկողության վարչության պետը՝ Բագրատ Մուրադյանը, Գեղամ Շախբազյանի կուրսեցին է, նրա կինն էլ է տեսչականում աշխատում, իսկ Բագրատ Մուրադյանի քեռորդին՝ Գեւորգ Պետրոսյանը, Երեւանի հրդեհային բաժնի պետն էր, որին ազատեցին ապօրինությունների համար: «Հրդեհային անվտանգության բաժանմունքի պետը սեպտեմբերի վերջերին, իր սեփական դիմումի համաձայն, ազատվեց աշխատանքից, քանի որ ավարտական ակտերի եւ ստուգումների հետ կապված՝ կատարել էր բազմաթիվ ապօրինություններ։ Սակայն քանի որ վերջինս իրենց ընկերն է, Երեւանի հրդեհային անվտանգության բաժնի պետի պաշտոնը մոտ 2 ամիս է, ինչ թափուր է, եւ մրցույթ չի հայտարարվում, որովհետեւ Գեղամ Շախբազյանը հայտարարել է, որ որոշ ժամանակ անց մտադիր է կրկին հետ վերադարձնել Գեւորգ Պետրոսյանին։

Այսինքն՝ իրեն ոնց հարմար է, այդպես էլ վարվում է, էլ չասած, որ եւս մի քանի ընկերներ՝ իրենց ընտանիքներով, աշխատում են այդտեղ՝ կին, հայր, ամուսին, եւ այդպես շարունակ»,- գրում է նամակագիրը: Մեղադրանքը լուրջ է, ուստի զանգահարեցինք Գեղամ Շախբազյանին՝ նրա տեսակետը լսելու: Հարցերը լսելուն պես նա նախ ասաց, որ այդտեղ խնդիր չի տեսնում: «Երեք տարվա պաշտոնավարման ընթացքում դեռեւս ինձ նման մեղադրանք չի առաջադրվել, ես չգիտեմ՝ ինչո՞ւ է Ձեզ այդ հարցը հետաքրքրում»: 

- Մեղադրանքն այն է, որ ծանոթ-բարեկամներով եք Ձեզ շրջապատել: 

- Չէի ուզի անդրադառնալ անստորագիր նամակի, բայց կասեմ՝ ուզում եք գրեք, ուզում եք՝ ոչ: Մուրադյան Բագրատը մրցույթ հաղթած վարչության պետ է, նա այս տարվա փետրվարից է աշխատում: Մեխանիկայի բակալավր է, իմ համակուրսեցին: Նրա կինը կրտսեր մասնագետ է՝ Երեւանի տարածքային բաժնում: Իր բաժնում չի աշխատում, ես օրենքի խախտում թույլ չեմ տվել: Նա համապատասխան մասնագետ է, ունի քաղծառայության սերտիֆիկատ եւ օրենքով համապատասխանում է այդ պաշտոնին: 

- Իսկ Երեւանի հրդեհային անվտանգության բաժնի պետ, Բագրատ Մուրադյանի քեռորդի Գեւորգ Պետրոսյանի հետ կապված ի՞նչ ապօրինություններ են եղել, որ նա հեռացել է կամ հեռացվել: 

- Չի հեռացվել, Գեւորգ Պետրոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, նա ուզեցել է այլ գործունեությամբ զբաղվել եւ գնացել է: Իսկ ապօրինությունների մասին տեղեկությունը բացարձակ զրպարտություն է: Ինձ մոտ եթե որեւէ մեկն ապօրինություն գործի, բնականաբար, ծառայողական քննությամբ կանցնի: Նման բան չի արձանագրվել տեսչական մարմնում, որեւէ խախտում չի եղել, բացարձակ: 

- Ձեզ մոտ վերջերս ուսումնասիրություններ իրականացրե՞լ են ստուգող մարմինները՝ հակակոռուպցիոն հանձնաժողով, վարչապետի վերահսկողության ծառայություն կամ այլ: 

- Մեզ մոտ որեւէ խնդիր չի եղել, ինչո՞ւ պետք է ստուգումներ անեին: Խնդիր պետք է լինի, որ ուսումնասիրություն անեն: Բազմաթիվ ապօրինություններ են արվել՝ թող էդ անստորագիր նամակի հեղինակները դիմեն պատկան մարմիններին, ստուգումներ անեն: Ունենք պատկան մարմիններ, Գլխավոր դատախազություն, հաղորդում ներկայացնեն հանցագործության մասին: Եթե ես մեղավոր գտնվեմ,  պատասխանատվության կենթարկվեմ, ով որ մեղավոր լինի, նա պատասխանատվության կենթարկվի, ի՞նչ խնդիր է: 

- Լավ, պարոն Շախբազյան, ես ձեր կայքում տեսա, որ Երեւանի հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ չկա, ու մրցույթների ցանկում էլ չկա համապատասխան մրցույթ։ Ի՞նչն է պատճառը, որ մրցույթ չի հայտարարվում:  

- Ոչ մի պատճառ չկա: Մենք ունենք բազմաթիվ չհայտարարված մրցույթներ, որոնք իրականացնում է վարչապետի աշխատակազմը, մեր կադրերի բաժինն ուղարկում է այնտեղ: Քանի որ ցանկը մեծ է, մրցույթները շատ են, բոլոր մրցույթներն իրականացվում են այնտեղ:  

- Բայց Երեւանի հրդեհային անվտանգությունը շատ կարեւոր բաժին է, պետ չունի, ինչո՞ւ մրցույթ չեն հայտարարում: 

- Ես եմ որոշում՝ որ բաժինն է կարեւոր, որը՝ չէ: Կարեւոր է, իհարկե, բայց այնպես չէ, որ էդ թափուր հաստիքով բաժանմունքը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել: Արդեն ուղարկել ենք հայտարարությունը, այնպես չէ, որ չենք ուղարկել, համապատասխան ժամանակացույցով, պետք է դրվի մրցույթի: Սահմանված է օրենքով, որ թափուր պաշտոնի դեպքում ֆիքսված ժամանակում պետք է մրցույթ հայտարարվի, ու հայտարարված է, մենք ուղարկել ենք: 

- Դուք կուզե՞ք, որ Գեւորգ Պետրոսյանը հետ գա: 

- Մրցույթի հայտարարությունը կլինի, կորոշենք: 

- Այսինքն՝ չե՞ք հայտարարել, չե՞ք որոշել, որ Գեւորգ Պետրոսյանին վերադարձնելու եք:  

- Ոչ, ո՞վ է ասել: Ով որ Ձեզ նման ինֆորմացիա տվել է, նրան էլ հարցրեք՝ վերադարձնելո՞ւ է, թե՞ չէ: 

ՀԳ. Քանի որ զրույցի ընթացքում շատ խոսվեց նամակի անստորագիր լինելու հանգամանքի մասին, ուստի ավելորդ չէ նշել, որ անոնիմ նամակին չէինք անդրադառնա, եթե հեղինակը խիստ տեղեկացված, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառույցներին ծանոթ, «ներսի մարդու», ուստի՝ արժանահավատ անձի տպավորություն չթողներ: Ինչպես տեսնում ենք, նամակում նշված փաստերի մի մասը պետը չհերքեց: Պարզապես մարդիկ վախենում են աշխատանքը կորցնելուց՝ դա է չստորագրելու պատճառը: Եթե ֆեյսբուքյան մի հասարակ մեկնաբանության պատճառով մարդկանց դուրս են շպրտում աշխատանքից, թերթին նամակ գրողն առավել եւս կպատժվի: