Մի քանի դիտարկում Լավրովի՝ Բաքու կատարած այցի մասին

Մի քանի դիտարկում Լավրովի՝ Բաքու կատարած այցի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու եւ հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, բնականաբար, բավական լայն քննարկումների առիթ են դարձել թե՛ հայկական մեդիա-փորձագիտական տիրույթում, թե՛ ադրբեջանական եւ թե՛ մասամբ՝ նաեւ ռուսական։ Իհարկե, Լավրովը բազմաթիվ անգամներ է Բաքվում եղել, սակայն այս անգամ այցը հետաքրքրական էր հատկապես Լաչինի ճանապարհի՝ արդեն ավելի քան երկու ամիս արգելափակված լինելու համատեքստում։

Բնականաբար, այս հարցը չէր կարող չքննարկվել, հատկապես որ դեռ այցի մասին հայտարարություն անելիս ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այդ մասին ակնարկել էր՝ հղում անելով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտնի հայտարարություններին։ Բացի այդ, հաշվի առնելով նաեւ այն, թե Արեւմուտքն ինչպիսի ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, կարելի էր դեռ այցից առաջ էլ ենթադրել, որ որոշակի քննարկումներ տեղի են ունենալու՝ կապված հայ-ադրբեջանական կնքվելիք խաղաղության պայմանագրի հետ։ Այս այցը հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը գալիս է Հարավային Կովկաս առաջին անգամ այն բանից հետո, երբ Եվրամիությունն արդեն պաշտոնապես հայտարարել է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին, եւ անգամ առաջին խումբն արդեն ժամանել է։ Այս առումով արդեն ամեն ինչ տեսականից գործնական հարթություն է տեղափոխվել։ Ի դեպ, Մոսկվան դիտորդների տեղակայմանը չափազանց բացասական է արձագանքել։ Եվ այսպես, այս ընդհանուր ֆոնը նկատի ունենալով, փորձենք արձանագրել Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում հնչած մի քանի ակնառու հայտարարություններ․

• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հույս ունի, թե 2023 թվականը բեկումնային կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման մասով, եւ Ադրբեջանում մեծապես հույս են տածում, որ հենց այդպես էլ կլինի։

• Ալիեւը հերթական անգամ, անկախ այն բանից՝ անկեղծ, թե զուտ ձեւականորեն, ռեւերանս է արել Ռուսաստանի եւ անձամբ Լավրովի ուղղությամբ՝ կարեւորելով Մոսկվայի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

• Նա նշել է, որ ընդունվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ապագա խաղաղության պայմանագրի համար կոնցեպտուալ նշանակություն ունեն։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ խոսքը Սոչիում եւ Պրահայում ընդունված փաստաթղթերի մասին է, որոնցով երկու երկրների կողմից փոխադարձաբար ճանաչվում են մեկմեկու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։

• Սերգեյ Լավրովի պատասխան ռեակցիան կարելի է համարել սենսացիոն․ նա բառացիորեն ասել է հետեւյալը․ «Ռուսաստանը ողջունում է ցանկացած ջանք, որ գործադրում են այլ երկրներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք, ինչպես այդ մասին բազմաթիվ անգամներ ասել է նաեւ ՌԴ նախարար Վլադիմիր Պուտինը, ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից եւ այնպիսի պայմաններ կստեղծեն, որոնք կապահովեն այստեղ գտնվող բոլոր երկրներին՝ նորմալ, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա գործակցել՝ իրենց շահերին համապատասխան»։ Դժվար է ասել՝ այս հայտարարությամբ Մոսկվան հրաժարվո՞ւմ է արդյոք Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ակտիվ դերակատարումից։

• Լավրովը նաեւ հայտարարել է, որ թեեւ Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել Երեւանին եւ Բաքվին, սակայն չի պնդում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն անպայման ընթանան Մոսկվայում։

• Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պարագայում էլ հետաքրքրական էր հայտարարությունը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սկսվել է, այսպես կոչված, օնլայն դիվանագիտություն, երբ կողմերը մեկմեկու ուղարկում են խաղաղության պայմանագրի իրենց առաջարկությունները։

Իհարկե, այլ հայտարարություններ էլ են եղել, որոնց մասին արդեն բավականին խոսվել է այս օրերին, սակայն մեզ համար հատկապես ակնառու էին սրանք, քանի որ, ըստ էության, սրանք արձանագրում են Բաքվի ակնկալիքները, Մոսկվայի՝ առերեւույթ համբերատար եւ լայնախոհ կեցվածքը, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս «օնլայն-դիպլոմատիկ» վիճակը։