Ռուսաստանն ուզում է բացել դեպի Իրան երկաթուղին, բայց անհրաժեշտ ուժ չունի

Ռուսաստանն ուզում է բացել դեպի Իրան երկաթուղին, բայց անհրաժեշտ ուժ չունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին ուղերձում խոսեց Ռուսաստանի համար Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի բացման կարեւորության մասին: Այդ միջանցքի գործարկումն այնքան կարեւոր է, որ նա դրա մասին խոսեց ներռուսաստանյան մի քանի նախագծերից առաջ: Պուտինի հայտարարությունից հետո Բաքվում այդ նախագծի չգործող հատվածի շահագործման անհրաժեշտությանն անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները՝ որպես համապատասխան աշխատանքային խմբի համանախագահներ, մոտ ժամանակներս կկարողանան համաձայնության գալ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղային կապի վերագործարկման հարցում»:

Ռուսական կողմի համար Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղային կապի վերագործարկումը կարեւոր է այնքանով, որ թույլ կտա Ռուսաստանին՝ ուղիղ երկաթուղային կապ հաստատել Իրանի, իսկ Իրանի միջոցով՝ նաեւ Պակիստանի եւ Հնդկաստանի հետ: Սա Ռուսաստանի համար, կարելի է ասել, կյանքի ճանապարհ է, եւ այդ երկրի իշխանությունները խիստ կասկածում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ոչ առանց արտաքին միջամտության, տարբեր պատճառներ են գտնում երկաթուղու գործարկումը հետաձգելու համար: Ռուսաստանը մեկուսացել է Արեւմուտքից, արեւմտյան երկրներն ամեն ինչ անում են Ռուսաստանին տնտեսական կոլապսի մատնելու համար, թույլ չտալու, որ Ռուսաստանն առեւտուր անի, փող վաստակի, որն էլ կհանգեցնի իշխանության նկատմամբ դժգոհության աճի եւ, ի վերջո, իշխանափոխության: Ռուսաստանի միակ իրական այլընտրանքը մնացել են Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը եւ Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներ, որոնք, չնայած արեւմտյան պատժամիջոցների սպառնալիքներին, շարունակում են առեւտուր անել Ռուսաստանի հետ՝ մի կողմից, չցանկանալով հրաժարվել դրա տնտեսական եկամուտներից, մյուս կողմից՝ մերժելով Արեւմուտքի պարտադրանքի տակ գործելու նվաստացումը:

Հյուսիս-հարավ երկաթուղու ավելի վաղ գործարկմանը խոչընդոտում էր Ադրբեջանի որոշ մերձարաքսյան շրջանների՝ հայկական վերահսկողության տակ գտնվելը: Մինչեւ 44-օրյա պատերազմը Ռուսաստանի կողմից առաջ տարվող լավրովյան պլանի ողջ էությունը հենց այդ շրջանների վերադարձն էր Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը չէր համաձայնի վերագործարկել մի երկաթուղի, որն անցնելու էր հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքով: Նիկոլ Փաշինյանը մերժեց լավրովյան պլանը՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, Ռուսաստանն էլ, ըստ էության, համաձայնություն տվեց Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու եւ այդ տարածքները պատերազմով վերադարձնելու ծրագրին: Ռուսաստանը, որ պատրաստվում էր Արեւմուտքի դեմ դիմակայության, փնտրում էր տրանսպորտային այլընտրանքներ, որոնցից հիմնականը պետք է լիներ Հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը վերաբերում էր տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, եւ Ռուսաստանը հատուկ շեշտել էր Հայաստանով անցնող հատվածն իր վերահսկողության տակ պահելու դրույթը, որ կարողանա ապահովել դրա անխափան աշխատանքը: Չնայած գրեթե երկուսուկես տարի է անցել այդ համաձայնագրի ստորագրումից, սակայն երկաթուղին շահագործել չի հաջողվում: Ադրբեջանը լուծել է իր խնդիրը, իսկ Ռուսաստանը՝ ոչ, Լավրովը երեւի որպես պահանջատեր է գնացել Բաքու՝ ասելու, որ պայմանավորվածության մեր մասը մենք կատարել ենք, հիմա հերթը ձերն է:

Չնայած Ադրբեջանը պետք է շահագրգռված լիներ այդ տրանսպորտային միջանցքի շահագործմամբ, սակայն փաստացի ամեն ինչ անում է, որ երկաթգիծը չշահագործվի: Ադրբեջանի մեր աղբյուրները պնդում են, որ այդ երկիրը նույնիսկ չի սկսել երկաթուղու այդ հատվածի վերանորոգման աշխատանքները, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե տնտեսական շահով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ:

Քանի որ աշխարհում հիմա գործում է «ինչ ձեռնտու է Ռուսաստանին, ձեռնտու չէ Արեւմուտքին» տրամաբանությունը, բնական է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցներն ամեն ինչ անելու են երկաթուղու շահագործումը թույլ չտալու համար, իսկ դրա համար պետք է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հնարավորինս երկարի: Միայն առաջին հայացքից է թվում, թե Արեւմուտքն ամեն ինչ անում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար, դա այնքան էլ այդպես չէ: Արեւմուտքը կարողացել է խաղաղության պրոցեսից դուրս թողնել Ռուսաստանին, որի միջնորդական փորձերն արդեն տեւական ժամանակ է՝ ձախողվում են: Իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մի պրոցես է, որը կարող է տեւել այնքան, որքան Արեւմուտքը հարմար կգտնի, մանավանդ որ իր 100 դիտորդների միջոցով ապահովել է ստատուս քվոն եւ փարատել Հայաստանի անհանգստությունը, որ Ադրբեջանը կարող է նախահարձակ լինել: Քանի դեռ Հայաստանը եւ Ադրբեջանը կոշտ հակամարտության մեջ են, Ռուսաստանի համար կարեւոր տրանսպորտային ենթակառուցվածքի շրջափակումը շարունակվելու է:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շահագործմանը դեմ է նաեւ Թուրքիան, որովհետեւ դրա շահագործման արդյունքում էապես կպակասի Թուրքիայի դերը: Հիմա Թուրքիան Ռուսաստանի միակ ճանապարհն է դեպի Արեւելքի շուկաներ: Ինչ կլինի, եթե Ռուսաստանն ուղիղ երկաթուղային կապ հաստատի Իրանի եւ Պարսից ծոցի ավազանի երկրների հետ․ Թուրքիայի դերն էապես կնվազի: Դրա համար Թուրքիան ոչ բացահայտ, բայց Ադրբեջանի վրա ունեցած իր անսահման ազդեցությունն օգտագործելու է՝ թույլ չտալու Ռուսաստանի երկաթուղային շրջափակման դադարեցումը:

Ռուսաստանը, իհարկե, տեսնում եւ հասկանում է իր դեմ իրականացվող քաղաքականությունը: Բայց հակազդելու շատ քիչ հնարավորություն ունի, մանավանդ որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների վրա ազդեցության լծակներն էապես թուլացել են: Երբ դիվանագիտությունը սպառում է իրեն, առաջ է գալիս ուժի կիրառման անհրաժեշտությունը, իսկ ուժ կիրառելու ռեսուրս Ռուսաստանը չունի, գոնե՝ առայժմ:

Ավետիս Բաբաջանյան