Տեսան Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելով ոչ մի բանի չեն հասնում, անցան մյուսներին

Տեսան Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելով ոչ մի բանի չեն հասնում, անցան մյուսներին

Հայաստանում այսօր ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ծիծաղ է առաջացնում: ՔՊ-ական պատգամավորը կարող է երթուղայինում հարվածել քաղաքացուն, ով իր արդար բողոքն է արտահայտում, սակայն բերման է ենթարկվում տվյալ քաղաքացին, այլ ոչ թե հարվածողը: Մյուս դեպքում ՔՊ-ականը կարող է թքել քաղաքացու վրա եւ չպատժվել, մյուս կողմում երկիրը հանձնողներին չի կարելի դավաճան ասել եւ հայհոյել, այսօր էլ թռուցիկներ փակցնելու համար են բերման ենթարկել «Անտի ֆեյք» կայքի երկու աշխատակցի: Պաստառի վրա ընդամենը գրված է եղել` Փնտրվում է ՄԻՊ եւ Անահիտ Մանասյանի նկարն է եղել:

Կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է. «Տղաները «Անտիֆեյք» զրույցը վարող Դավիթ Ֆիդանյան ու օպերատոր Իշխան Խոսրովյանն են, ովքեր առավոտյան բերման ենթարկվեցին: Մենք չենք գտնում, որ պաստառ փակցնելու մեջ կա որևէ օրենքի խախտում: Մարդիկ ամեն օր հազարավոր նման թռուցիկներ են փակցնում քաղաքում, օրինակ` բնակարանի վարձակալության, կամ վաճառքի մասով, բայց ոչ մեկին դրա համար բերման չեն ենթարկում, բերման ենթարկում են փաստորեն միայն քաղաքական բովանդակություն ունեցող պաստառներ փակցնողներին, այն էլ միայն այն դեպքում, երբ թիրախում իշխանությունն է: Նրանք վախենում են «Անտիֆեյք»-ի բոլոր գործողություններից և ամեն հնարավոր բան անելու են, որպեսզի մենք մեր բնականոն աշխատանքը չշարունակենք: Տեսան Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելով ոչ մի բանի չեն հասնում, հիմա էլ անցել են մյուս աշխատակիցներին:

Մենք չենք հաշտվում ու չենք հաշտվելու մեր Նարեկի և Վազգենի կալանավորման փաստի հետ և պարբերաբար հայտարարելու ենք այդ մասին: Շատ կարևոր է, որ լրագրողական համայնքը տեղի ունեցածին պատշաճ արձագանքի, որովհետև այսօր «Անտիֆեյքն» է թիրախում, վաղը կարող է այլ լրատվամիջոց լինել: Մենք չենք կարող հաշտվել այս խայտառակ ապօրինության հետ: Այսօր արդեն 25 օր է, ինչ տղաներն ապօրինաբար զրկվել են ազատությունից: Տղաները կալանավորվել են խոսքի ազատության` Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, այդ մասին մենք հնարավորինս բարձրաձայնելու ենք: Իրավապահներից պահանջում ենք տեղի ունեցածին պատշաճ գնահատական տալ: ՄԻՊ-ի գործառույթը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է: Խախտված իրավունքների դեպքում, ՄԻՊ-ը պետք է մարդկանց իրավունքները վերականգնի: 25 օր շարունակ Մարդու իրավունքների պաշտպանը ոչինչ չի արել այս ուղղությամբ: Մարդիկ շարունակում են ապօրինաբար մնալ կալանքի տակ: Չի կարող մարդը բերման ենթարկվել սովորական հայտարարություն տարածելու համար: Նման գործողություններ իրականացվում են միայն այն դեպքում, երբ հայտարարություններն ուղղված են լինում իշխանությանը», - նշեց կայքի խմբագիրը։

Փաստաբան Միհրան Պողոսյանն անդրադառնալով թեմային ասում է. «Այս պարագայում խոսել իրավական և ժողովրդավար պետության մասին, պարզապես ավելորդ է: Հայաստանը ոչ իրավական պետություն է, ոչ էլ ժողովրդավար: Այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Չեմ զարմանա, եթե ասեք, որ օրինակ Ոստիկանության բաժնում ինչ-որ մեկին ծեծի են ենթարկել` ցուցմունք կորզելու համար: Սխալ ելակետի մեջ են նրանք, ովքեր Հայաստանը համարում են դեմոկրատ և իրավական երկիր: Այստեղ իրավունքի գերակայությունը չի ապահովվում: Ինչպես տեսանք Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես ֆիքսել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետնահանջ է ապրում: Ստի և մեկօրյա իրականության մեջ ապրող երկիր ենք դարձել: Առաջ երբ նույն կազմակերպությունը խոսում էր ժողովրդավարության առաջընթացի մասին, իշխանությունները կուրծք ծեծելով խոսում էին իրենց առաջընթացների մասին, այսօր տեղի է ունենում դրա ճիշտ հակառակը: Երբ իրենց ձեռք է տալիս` խոսում են միջազգային զեկույցների մասին, իսկ երբ ձեռնտու չէ, լռում են: Հայաստանը ժողովրդավարության բաստիոն անվանելը կեղծիք է և շատ հեռու է ժողովրդավարությունից: Մենք անգամ ժողովրդավարության ճանապարհով գնալու նախադրյալ այսօր չունենք», - նշեց փաստաբանը։